«ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ՉԷԻՆ, ԱՅԼ՝ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ»
ՋԵՄ ՕԶԴԵՄԻՐ
Բունդեսթագի թուրք պատգամավոր
2016 թ. հունիսի 2-ին Օզդեմիրը հանդես եկավ կրքոտ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ:
Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում թուրք եւ չերքեզ գաղթականների ընտանիքում: Թուրքական ծագումով առաջին անձն է, որ ընտրվեց Բունդեսթագ (1994-2002 թթ.): 2013 թվականին նա վերադարձավ Գերմանիայի խորհրդարան՝ Եվրախորհրդարանում 2004-2009 թթ. պատգամավոր լինելուց հետո:
Բունդեսթագի բոլոր կուսակցությունների աջակցության շնորհիվ Հայոց ցեղասպանության բանաձեւը, որի համար Օզդեմիրը վաղուց պայքարում էր, ընդունվեց Գերմանիայի խորհրդարանում ձայների ճնշող մեծամասնությամբ (1 դեմ եւ 1 ձեռնպահ):
Ստորեւ թարգմանաբար ներկայացված են հատվածներ Օզդեմիրի ուշագրավ ելույթից, որով նա հունիսի 2-ին հանդես եկավ Բունդեսթագում՝ կրծքին կրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը.
«Մենք գիտենք, որ երկար եւ հոգնեցուցիչ ձգձգումներից հետո Գերմանիան՝ որպես ոճրագործության մեղսակից, այդ իրադարձությունը բացահայտորեն անվանում է իր իսկական անունով՝ ցեղասպանություն… Սա Գերմանիայի պատմության մի մասն է»: Օզդեմիրը հիշեցրեց կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր, եւ նշանակություն չուներ հայերը կբնաջնջվեն, թե ոչ»:
Օզդեմիրն ազդեցիկ հայտարարությամբ ուղղակիորեն դիմեց Բունդեսթագի նիստին մասնակցող հայ հյուրերին. «Միայն այն պատճառով, որ մենք անցյալում մեղսակից ենք եղել այս սոսկալի ոճրագործությանը, չի նշանակում, որ այսօր էլ պատրաստվում ենք կանգնել ժխտողների կողքին»:
Նա հորդորեց Գերմանիայի միլիոնավոր թուրք բնակիչներին հպարտանալ ցեղասպանության ժամանակ հայերին փրկած «հերոս թուրքերով» եւ ոչ թե «Թալեաթի ու Էնվերի նման ոճրագործներով»: Այնուհետեւ թուրքական ծագումով գերմանացի խորհրդարանականը հայտարարեց, որ իրեն ցավ պատճառող ամենատգեղ արտահայտությունը Թուրքիայում «հայ» բառի օգտագործումն է իբրեւ «հայհոյանք»: «Նրանք ինձ հարցնում են, թե արդյոք ես հայ եմ: Ես հայ լինելը իբրեւ անարգանք չեմ ընդունում: Սերելով սուննի մահմեդական ընտանիքից` արեւելյան քրիստոնեությունն ինձ անհանգստություն չի պատճառում»:
Օզդեմիրը մեջբերեց իր ստամբուլահայ բարեկամ Հրանտ Դինքի խոսքերը, որ սպանվել էր Ստամբուլում մի թուրք ծայրահեղականի ձեռքով. «Եթե այսօր հայերն ապրեին Վանում, այդ քաղաքը կդառնար Արեւելքի Փարիզը»: 2015 թ. մարտին Հայաստան կատարած այցելության ժամանակ Օզդեմիրը Սիվիլնեթին տված իր հարցազրույցում անդրադարձավ Դինքի հայտարարությանը. «Ես գնացի ցեղասպանության թանգարան եւ կարդացի այն մարդկանց անուններն ու մասնագիտությունները, որոնց մենք կորցրել էինք: Նրանք Ստամբուլի ամենահեռատես եւ վառ մտավորականներն էին, եւ նրանք սպանվեցին` սկսած ճարտարապետներից, մտավորականներից, լրագրողներից, գրողներից… Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց իր պատմության մեջ ամենաառաջադեմ քաղաքացիներին: Օսմանյան կայսրությունը ահռելի մեծ կորուստ է կրել: Ես կարծում եմ` այսօր Թուրքիան առավել զարգացած երկրների թվում չլինելու պատճառներից մեկն այն է, որ երիտթուրքերը հերոսներ չէին, այլ՝ դավաճաններ: Նրանք մեծ վնաս հասցրին հայերին, ասորիներին, հույներին, ինչպես նաեւ թուրքերին»:
Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորն իր ինը րոպեանոց ելույթը, որը բազմիցս ընդհատվեց բուռն ծափահարություններով, ավարտեց` հայտարարելով` «Բունդեսթագի պատգամավորներին վտանգ չի սպառնում՝ իրենց կարծիքը արտահայտելու համար: Ես վստահ եմ, որ ինձ չեն ձերբակալի խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին, կամ իմ պատգամավորական անձեռնմխելիությունը չի վերացվի: Ինձ չեն ծեծի կամ սպանի: Նույնը չեմ կարող ասել Թուրքիայի իմ պաշտոնակիցների մասին»:
Այնուամենայնիվ, Օզդեմիրը չէր սպասում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատումով նա եւ Գերմանիայի խորհրդարանի իր տասը թուրք պաշտոնակիցները կհայտնվեն ոստիկանության հսկողության տակ՝ թուրք ծայրահեղականներից մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո:
Նախագահ Էրդողանը հիտլերյան ժամանակաշրջանի ռասայական ստուգումներ հիշեցնող իր հայտարարության մեջ առաջարկեց Հայոց ցեղասպանության բանաձեւին աջակցած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորներին արյան քննություն կատարել՝ իրենց թուրք լինելն ապացուցելու համար: Մինչ այդ, Օզդեմիրի հոր հայրենի Թոքատ (Թուրքիա) քաղաքի պաշտոնյաները նրա անունը ջնջեցին քաղաքի պատվավոր մարդկանց ցանկից:
Սակայն Գերմանիայի հասցեին ամպագոռգոռ սպառնալիքներ անելուց հետո Էրդողանը ստիպված եղավ զսպելու ինքն իրեն` հասկանալով, որ նման անպատասխանատու քայլերը կարող են կործանարար ազդեցություն ունենալ հենց Թուրքիայի` արդեն փլուզվող տնտեսության վրա…
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմանությունը Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Տարածաշրջան