ԱՅՍ ԶՈՐԱԿՈՉՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Է…
Զրույց զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Վահագն Չոբանյանի հետ
-Պարոն Չոբանյան, ձեր զորամասը երկու օր առաջ նոր համալրում է ստացել: Ինչպիսի՞ն են մեր նորակոչիկ տղաները, ի՞նչ տրամադրությամբ են ժամանել զորամաս:
-Սա չորրորդ զորակոչն է, որին ես մասնակցում եմ որպես ԱՀՏԱ գծով տեղակալ (ի դեպ, զրուցակիցս, զորակոչի հետ կապված, հերթական անգամ գործուղվել է ուսումնական գումարտակ՝ որպես ԱՀՏԱ գծով տեղակալ): Բոլոր զորակոչերից էլ, ընդհանուր առմամբ, դրական տպավորություն եմ ստացել: Բայց այս մեկը յուրահատուկ է: Վստահաբար կարելի է ասել, որ այս վերջին՝ քառօրյա պատերազմը նշանակալիորեն փոխել է մեր զորակոչիկի, զինվորի բարոյահոգեբանական վիճակը: Նոր զորակոչի զինվորները խիստ ոգևորված են, ուշադիր, ջանք չեն խնայում` լսելու, հասկանալու, սովորելու: Հետաքրքիր է, որ տղաներից մի քանիսը, որոնք միակողմանի ծնողազուրկ են, ինձ արդեն մոտեցել ու հարցրել են, թե այդ հանգամանքը այս կամ այն կերպ կխանգարի՞, որ իրենց չտանեն մարտական հենակետ: Փորձելու համար սկզբում ասել եմ՝ դե իհարկե հաշվի կառնենք: Նեղսրտած պատասխանել են, որ չեն ուզում արտոնյալ համարվել: Երբ հարցնում եմ` ինչո՞ւ եք ուզում դիրքեր բարձրանալ, ասում են. «Էն քառօրյա պատերազմի տղերքը մեզնից ինչո՞վ են լավը: Նրանք կռվեցին, սահման պահեցին: Հիմա մեր հերթն է»: Աչքերն անհամբերությունից կայծկլտում են: Նրանց ամեն մի քայլին, գործին հետևելով՝ համոզվում եմ, որ սրտանց են ասում: Եվ ընդհանրապես, դեռ չի եղել մի դեպք, որ այս զորակոչի որևէ զինվոր իր առջև դրված խնդիրը դժկամորեն կատարի: Միանշանակ կարող եմ ասել՝ հաջող զորակոչ է:
-Ո՞րն է հոգեբանի առաջնահերթ խնդիրը նորակոչիկներին զորամասում ընդունելիս:
-Նորակոչիկների ժամանման պահից մինչև զորացրումը զինվորական հոգեբանի պարտականությունն է նրանց ներաշխարհը, հոգեբանական և ընտանեկան վիճակի բոլոր առանձնահատկությունները բազմակողմանիորեն ուսումնասիրելը, նրանց մարդկային տեսակը ճանաչելը և անհրաժեշտության դեպքում, եթե որոշակի խնդիրներ կամ հարցեր առաջանան, ուղղություն ցույց տալը, հոգեբանական համապատասխան աջակցություն ցուցաբերելը: Զորամասում հոգեբանի աշխատանքի հիմնական նպատակը անձնակազմի բարոյահոգեբանական բարձր վիճակի ապահովումն է, մարտական զորամասում՝ հատկապես զինվորների մարտական ոգին ամրապնդելը:
– Ինչպե՞ս են արձագանքում սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանային իրավիճակի սրացումներին: Զինվորի համար, անշուշտ, մեծ է նրանց մշտական ներկայության նշանակությունը թիկունքում:
-Ինքս ծնունդով իջևանցի եմ: Հայրս հրետանավոր է եղել զորամասում: Զոհվել է Արցախյան ազատամարտի սկզբներին: Այժմ ընտանիքիս հետ սահմանից մոտ ութ կիլոմետր հեռու գտնվող ավանում եմ բնակվում: Մեր մտքով անգամ չի անցնում տեղափոխվել ուրիշ տեղ: Հաճախ հակառակորդի կրակոցները մեր շենքին են հասնում: Երկու աղջիկ ունեմ, մայր, կին: Նրանց սովորեցրել եմ, որ եթե հրետակոծություն է, և հինգերորդ հարկին կարող է հասնել արկը, ապա իջնեն 4-րդ, 3-րդ հարկ, պատսպարվեն շենքի առավել ապահով տեղերում, մինչև ես հասնեմ իրենց: Երբևէ չեմ ուզել քաղաք տեղափոխվել, քանի որ մտածում եմ՝ սահմանին մոտ էլ մարդիկ են պետք: Բոլորի ընտանիքներն էլ թանկ են: Եթե բոլորս մեր ընտանիքները այս գոտիներից դուրս բերենք, սահմանի պաշտպանությունը կթուլանա: Իսկ զինվորի, հատկապես՝ նորակոչիկի համար շատ կարևոր է իր աչքերով տեսնելը, թե ինքն ում է պաշտպանում առաջին հերթին: Իհարկե, մենք` զինծառայողներս ու սահմանամերձ բնակիչները ամուր ենք իրարով: Մեզնից շատերն էլ հենց սահմանամերձ բնակիչներ են:
-Ինչպե՞ս եղավ, որ հենց զինվորական հոգեբանի մասնագիտությունն ընտրեցիք:
-Մասնագիտությամբ պատմաբան եմ, տասը տարի դասավանդել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Շուրջ չորս տարի եղել եմ փոխդեկան, բաժնի վարիչ: Այնուհետև վերապատրաստվել եմ ու վերաորակավորվել որպես հոգեբան: Մանկավարժի աշխատանքս փոխարինել եմ ծառայությամբ և գրեթե տարբերություն չեմ տեսնում այս երկուսի միջև: Թե՛ ուսանողի և թե՛ զինվորի դեպքում իմ առաջին խնդիրը մարդու մեջ հայրենիքի հանդեպ սեր սերմանելն է, լավ մարդ դաստիարակելը: Եթե անկեղծ լինեմ, պաշտում եմ դասախոսական գործը: Իսկ զինվորական մասնագիտությունն ընտրելիս ինձ համար երկու հանգամանք է որոշիչ եղել՝ հայրենասիրությունը, մյուս կողմից էլ՝ ընտանիքիս նյութական ապահովությունը: Ինչ խոսք, զինծառայողն այսօր շատ ավելի լավ է վարձատրվում, քան դասախոսը: Իհարկե, նույն հաջողությամբ քաղաքացիական կամ ռազմական ոստիկանությունում կարող էի ծառայել՝ սահմանից, առաջնագծից հեռու: Այդպիսի առաջարկ էլ եմ ստացել: Սակայն սահմանն ու ես արդեն հարազատացել ենք:
– Սահմանը պաշտպանող զինվորականը պե՞տք է ինչ-որ առանձնահատուկ հոգեկերտվածք ունենա:
– Հոսպիտալներից մեկում էի: Զինվորական ծառայության անցնելու համար բուժզննում էի անցնում: Սենյակներից մեկում մի բժշկուհի ինձ նկատեց. «Դուք՝ տավուշցիներդ, և, ընդհանրապես, սահմանամերձ գոտիների բնակիչներդ, շատ ոգևորված եք ասում. «Եկել եմ հայրենիքի՛ս ծառայելու», ձեր աչքերն այդ պահին փայլում են»: Ասացի, որ գիտեմ, թե ինչու է այդպես: «Երբ մենք հայրենիք բառն ասում ենք, այդ պահին մեր զոհված տղաներն են մեր աչքի առաջ գալիս, կրակոցների ձայնն ենք լսում, դրա համար հայրենիքը մեզ համար պարզապես բառ չի»: Ես 15-16 տարեկանում ընկերներ եմ կորցրել, որոնք տարիքով ինձնից մեծ էին: Մասնակցել եմ զինվորական ընկերոջս թաղմանը: Նա տանկով հարձակվել էր թշնամու վրա: Մյուս ընկերս ընկել է շրջափակման մեջ և մյուսների կյանքը փրկելու համար դուրս է եկել թաքստոցից, կրակել: Ազատամարտի առաջին իսկ օրերից ծնող եմ կորցրել… Հաճախ մտածում ես մահվան մասին. ի՞նչ կլինի քո զոհվելուց հետո զինվորիդ, ընտանիքիդ, երեխայիդ վիճակը: Սահմանին կանգնած մարդը, երբ մտածում է մահվան մասին, միշտ արժևորում է կյանքը: Ես հիմա խոսում եմ իմ անունից, բայց թող հնչի որպես բոլոր սպաներին ուղղված անկեղծ պատասխան: Հատկապես սահմանին կանգնած ժամանակ ես ուզում ապրել ու հայրենիք ունենալ:
Վտանգի առկայությունը մեզ միշտ զգոն է պահում: Թեժ պահերին մեզ զանգում էին գյուղերից ու հարցնում՝ ի՞նչ վիճակ է: Երբ իմանում էին՝ լարված է, ասում էին. «Իմացե՛ք, մենք մեր տներից դուրս եկողը չենք: Չենք թույլ տա, որ թուրքը գա ու պղծի մեր հողը»: Դիրքեր բարձրանալու ճանապարհին գյուղացին զինվորին կանգնեցնում է, իր այգու բերքուբարիքից, բանջարեղենից` ամենաանհրաժեշտը տալիս է ու ասում. «Տղե՛րք ջան, մենք էստեղ ենք, հենց պետք լինենք՝ ձեն տվեք»: Սա հենց հայրենիքի հանդեպ սիրո ամենամեծ դրսևորումներից է: Զինվորը ոգին բարձր գնում է մարտական հենակետ՝ քաջ գիտակցելով, որ թիկունքին կանգնած են:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում