Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԶՈՐՔԸ ԶԳՈՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ Է



ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԶՈՐՔԸ ԶԳՈՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԷԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆ

Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ

 

Այսօր և միշտ մեր գերակա խնդիրն է ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Զորամասում ընթացքի մեջ են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքները: Անցկացնում ենք անձնակազմի շարային ստուգատես,  հենակետի ավագների  և  օգնականների  հրահանգավորում՝ պահպանություն իրականացնելու ժամանակ մարտական հերթապահությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:

Արդեն ունենք նորակոչիկ զինվորների համալրում: Համաձայն ծրագրի՝ իրականացնում ենք նորակոչիկների մարտական պատրաստության պարապմունքները: Բոլոր զորակոչիկների հետ անհատական զրույց է անցկացվել թե՛ զորամասի հրամանատարի, թե՛ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալի  և թե՛ անմիջական հրամանատարների կողմից: Չունենք այնպիսի զորակոչիկ, որից դժգոհ ենք, կամ որը դժկամությամբ է եկել: Բոլորը  առույգ տրամադրությամբ, ոգևորված ժամանել են զորամաս և փորձում են հետևել բոլոր հրահանգներին, բոլոր ցուցումներին, որոնք հետագայում նրանց օգնելու են իրենց ծառայական պարտքը պատվով կատարելու:

Ընդհանրացնելով շփումներից ստացած տպավորությունները՝  կարելի է ասել, որ բոլորն էլ պարկեշտ  ընտանիքների զավակներ են: Չունենք թերի կամ խնդրահարույց զինվորներ: Պետք է նշեմ` զորակոչից զորակոչ  բոլոր առումներով հետզհետե ավելի ու ավելի լավ, կազմակերպված համալրում ենք ունենում: Դե, իսկ քառօրյա պատերազմի հաղթանակը մեր երիտասարդների համար յուրահատուկ նշանակություն ունեցավ՝ բարձրացրեց բոլորի մարտական ոգին:

Ամփոփելով՝ կարող եմ ասել,  որ բոլորն էլ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են  վերաբերվում մարտական ծառայությանը՝ պատրաստ ցանկացած պահի և իրավիճակում արժանի հակահարված հասցնելու  հակառակորդին:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ազգային բանակ


20/07/2016