Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՇԱԹԱՂ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ



ՔԱՇԱԹԱՂ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉՔաշաթաղի զինկոմիսարիատից արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից նորակոչիկներ մեկնեցին բանակ: Շրջանում առաջին զորակոչը կայացավ հուլիսի 4-ին, երկրորդը՝ մեկ շաբաթ անց: Ծանուցագիր ստացած բոլոր տղաները ժամանակին ներկայացել եւ այժմ համալրել են հայոց բանակի շարքերը:

Զինկոմիսարիատում զրուցեցի զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի եւ տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանի հետ: Տեղեկացրին, որ զորակոչի ընթացքը սահուն է, խուսափողներ չկան, տղաները շրջանային բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտվել են, ոմանք՝  նաեւ Ստեփանակերտում: Առողջական խնդիրներ ունեցողները բուժվել են: Մեկնելու օրերին եւս բոլոր նորակոչիկները շրջանային բուժմիավորումում ենթարկվում են սոնոգրաֆիկ բուժզննման: Նրանք նշեցին նաեւ, որ մտահոգություն կար, թե ապրիլյան պատերազմական իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան զորակոչի վրա, սակայն հակառակ երեւույթ է նկատվում: Օրինակ՝ Ներքին Սուս համայնքից նորակոչիկ Արտաշես Լեւոնյանը վերջերս հիվանդ էր, ուներ ջերմություն, եւ որոշվել էր հետաձգել նրա մեկնումը, սակայն զորակոչի օրը նա իր հոր՝ Մհեր Լեւոնյանի հետ ներկայացել էր բանակ մեկնելու: Քաշաթաղի շրջանում զորակոչիկներն ու նրանց ծնողները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ:

-Իհարկե, սա նաեւ մեր աշխատանքի արդյունքն է, -ասաց Կ. Ալավերդյանը,- բայց մեծ է մեր ժողովրդի պատասխանատվությունը հայրենիքը պաշտպանելու հարցում, եւ պատահական չէ, որ ապրիլյան օրերին հազարից ավելի կամավորներ մեկնեցին առաջնագիծ եւ մինչեւ հրադադարի հայտարարումն  այնտեղ էին:

Մինչ հանրապետական հավաքակայան մեկնելը՝ զինկոմիսարիատում վերջնականապես ստուգվեցին տղաների բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, զինկոմն ու տեղակալը զրուցեցին նորակոչիկների, նրանց ծնողների հետ: Ճշտվեց տղաների ֆիզիկական վիճակը, ընտանիքի սոցիալական կարգը: Վերջին մի քանի տարիներին նորակոչիկների ծնողները լրացնում էին պաշտպանության բանակի կազմած 4 հարց: Այս զորակոչի ժամանակ նման հարցաթերթիկ լրացնում են նաեւ նորակոչիկները՝ պատասխանելով 5 հարցի: «Հոգեբանորեն պատրա՞ստ եք անհրաժեշտության դեպքում մասնակցելու մարտական գործողությունների» հարցին՝ բոլորն անխտիր միեւնույն պատասխանն էին տվել. «Այո՛, ոչնչից չեմ վախենում»: Իսկ զինվորական ծառայությունից խուսափողների վերաբերյալ թե՛ ծնողների եւ թե՛ նորակոչիկների պատասխանը մեկն է՝ «հայրենիքի դավաճան են»:

Փաստաթղթերի վերջնական կազմումից եւ զրույցից հետո նորակոչիկները զինկոմիսարիատի միջանցքում շարվեցին եւ ունկնդիր եղան զինկոմի խորհուրդներին: Կարեւորվեց, որ այսուհետ իրենք են մեր երկրի պաշտպանը, ժողովրդի ապավենը, հույսն ու հավատը: Զինկոմն ու տեղակալը խորհուրդ տվեցին լինել կարգապահ, ենթարկվել վերադասի հրամաններին: Շեշտվեց, որ մարտական հենակետում պետք է միշտ աչալուրջ ու զգոն լինել` պատրաստ դիմակայելու թշնամուն:

Ընդունված սովորության համաձայն՝ մեկնումից առաջ նորակոչիկները ծնողների, հարազատների, ընկերների, զինկոմիսարիատի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմ վառեցին: Տեղում զրուցեցինք նորակոչիկների, նրանց ծնողների հետ: Հարություն Միքայելյանը եւ Նարեկ Ասլանյանը Ներքին Սուս համայնքի բնակիչներ են, իսկ Վահե Հրահատի Սայադյանը՝ Ծաղկաբերդի: Տղաները բարձր տրամադրությամբ էին մեկնում ծառայության: Նորակոչիկների հայրերը նույնպես ոգեւորված էին, հպարտ, որ զինվորացու որդիներ են մեծացրել: Ապրիլյան իրադարձությունների օրերին նրանք եւս սահմանում են եղել եւ օրեր շարունակ մարտական հենակետերում հայրենի եզերքն են պաշտպանել:

Եկեղեցու սուրբ կամարների տակ բազում մոմեր վառվեցին, հոգեւոր հայրը Տերունական աղոթքով դիմեց առ Աստված` ի սատարումն հայ զինվորի: Հետո օրհնեց նորակոչիկներին եւ անփորձանք ծառայություն մաղթեց: Բոլորն Աստծուց աշխարհի համար խաղաղություն հայցեցին, նորակոչիկներին` բարի ճանապարհ եւ բարի վերադարձ:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/07/2016