ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆ
Զորակոչի կարևորագույն խնդիրը զինված ուժերի համալրումն է, հետևաբար դրա կազմակերպումն ու իրականացումը միշտ էլ ունեցել է համապետական նշանակություն: Տարեցտարի խստացվում են զորակոչին ներկայացվող պահանջները, և բացարձակ արդար ու թափանցիկ զորակոչը դառնում է կարևորագույնը բոլոր խնդիրներից:
Հուլիսի 15-ը զորակոչի օր էր Իջևան քաղաքում: Վաղ առավոտից հարազատների, ընկերների ուղեկցությամբ զինկոմիսարիատ եկող զինակոչիկները ներկայանում էին բժշկական հանձնաժողովին` վերջին հետազոտություններն անցնելու: Մինչ նորակոչիկները բուժզննություն էին անցնում, զրուցեցինք զինվորական կոմիսարի պաշտոնակատար, զինկոմի տեղակալ, մայոր Սայաթ Բաբայանի հետ:
– Այս պահի դրությամբ զորակոչից խուսափողներ չունենք, առողջական խնդիրներով զինակոչիկներ` նույնպես: Ինքներդ եք տեսնում, թե իջևանցիք ինչպիսի ոգևորությամբ են բանակ ճանապարհում իրենց որդիներին: Զորակոչի առաջին օրվանից այսպիսի բարձր տրամադրություն է տիրում զինկոմիսարիատում: Ունենք արտերկրից, հատկապես ՌԴ-ից կամավոր եկածներ: Մեր պատանիները հասկանում են, որ զորակոչը մեր երկրի համար ամենակարևոր իրադարձությունն է, և հենց իրենք են այդ նշանակալի իրադարձության առաջամարտիկները:
Զինակոչիկներին ճանապարհելու էր եկել նաև Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հովիվ տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:
Զինակոչիկ Օրդինյան Միհրանին ճանապարհողների մեջ էր քույրը` Լուսիկը, որ ամուր գրկեց եղբորն ու ասաց. «Արդեն պատկերացնում եմ, թե զինվորական համազգեստը ինչքան է սազելու բռնցքամարտիկ եղբորս…»:
Ալլաղյան Սարգսին ճանապարհելու եկած հորաքույրը` զոհված ազատամարտիկ Ռոբերտ Գևորգյանի մայրը, դիմելով մեզ՝ ասաց.
– Այսօր եղբորս տղան է գնում ծառայելու: Բարձր տրամադրությամբ է գնում: Գնում է իր հայրենիքը պաշտպանելու: Մեր երեխեքը ոչ միայն հայրենիքի, այլև իրենց տուն ու տեղի պաշտպաններն են: Տղաս` Ռոբերտը, զոհվել է, իսկ Սարգիսս գնում է տղայիս ազատագրած հողը պաշտպանելու:
Այգեհովիտցի Այդինյան Արան ու ազատամուտցի Մելիքյան Դավիթը ցանկանում են սահմանում ծառայել:
-Սահմանում ապրում եմ, կուզենայի, որ ծառայությունս էլ հենց սահմանամերձ որևէ զորամասում անցներ,- ասաց Արան:
Դավիթը ավելացրեց.
-Մենք լավ գիտենք, թե ինչ է սահմանը: Ինձ համար էլ սահմանում ծառայելը առանձնահատուկ խորհուրդ ունի: Սահմանամերձ շրջանում ապրողը ավելի լավ է հասկանում սահմանի կարևորությունը: Ես էլ եմ ուզում դիրքերում ծառայել, որտեղ էլ լինի` միայն թե մեր հայրենիքի սահմանը պահեմ:
-Մինուճարիս եմ ճանապարհում,- ասաց զինակոչիկ Կարեն Ղարիբյանի մայրը`տիկին Աիդան: -Տունս երկու տարով դատարկվեց: Աստծուց միայն խաղաղություն եմ խնդրում:
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ազգային բանակ