ԲԱՐԻ ԵՐԱԶՆԵՐ, ԶԻՆՎՈ՛Ր
Թիկունքի զորամասերից մեկի պահեստում իրար վրա դարսված են քնապարկերը: Սա նվիրատվություն է սահմանում կանգնած հայ զինվորին «Նամակ իմ զինվորին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպիչ Դանիելա Մելիքյանից:
Երիտասարդ աղջիկը նշում է, որ դեռ անցած տարվա նոյեմբերին երեք ընկերուհիներով որոշեցին՝ պետք է սատարեն զինվորին, սահմանը հսկող տղաները պետք է զգան թիկունքի շնչառությունը: Որոշեցին նամակներ գրել դիրքապահներին: Հավաքվում էին սրճարանում կամ աղջիկներից մեկի տանը, ապա եւ ջերմ ու տաք նամակներ գրում: Դրանք տեղավորում էին նվերների, քաղցրավենիքով լի պարկերի, հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներով փաթեթների մեջ եւ ուղարկում Մատաղիս կամ Թալիշ: Հետո նախաձեռնությանը ավելի շատ մարդ միացավ, նույնիսկ՝ դպրոցներ:
-Ապրիլյան պատերազմից հետո որոշեցինք, որ ավելի նպատակային եւ երկարաժամկետ պետք է լինի մեր աջակցությունը: Սեփական միջոցներով ձեռք բերեցինք չինական արտադրության երեսուն քնապարկ: Երկարությունը 180 սմ է, լայնությունը՝ 150 սմ: Կարված է հատուկ կտորից, որն ապահովում է 60% անջրաթափանցություն,- նվիրատուն ներկայացնում է քնապարկի բնութագրերը:
Իրային զորամասի շտաբի պետ, մայոր Ռ. Ալեքսանյանը նշում է, որ քնապարկերի որակը համապատասխանում է ամրագրված չափանիշներին.
-Շնորհակալությամբ ի պահ ընդունեցինք նվիրատվությունը: Կմուտքագրենք, այնուհետեւ թիկունքի վարչության համապատասխան կարգագրերով կհատկացնենք մարտական հերթապահություն իրականացնող որեւէ զորամասի: Կարող ենք արդեն ասել՝ մեկ դիրքի անձնակազմ ապահովված է քնապարկերով: Նշեմ, որ դրանք անհատական օգտագործման են:
Մեր աչքից չեն վրիպում պիտակների վրա արված գրառումները՝ «Բարի երազներ, զինվո՛ր», «Սիրով եւ ջերմ բարեմաղթանքներով», «Մեր քաջ տղաներին»:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Բանակ և հասարակություն