«ArmHiTec-2016»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի հայեցակարգը, նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պլանը։ «ArmHiTec 2016» ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 13-15-ին` «Erevanexpo» ցուցահանդեսային համալիրում:
Ցուցահանդեսի թարմացված թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին` շեշտը դնելով նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումների վրա։ Ցուցահանդեսն ընդգրկում է մարտի կառավարման համակարգեր, կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ ու համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինչպես նաև ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժինները:
Ցուցահանդեսը նպատակունի ներկայացնելու Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Միջոցառումն առաջացրել է մասնագետների մեծ հետաքրքրությունը՝ բացելով ինչպես նոր հնարավորություններ առաջավոր փորձի փոխանակման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայման ու արտահանման ներուժի ամրապնդման համար։
Խորագիր՝ Նորություններ