ԸՆԴԴԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Թեեւ ընդունված է պայմանականորեն «Եհովայի վկաներին» աղանդ կոչել, սակայն իրականում այն հերետիկոսություն է։ Աղանդը Եկեղեցու վարդապետության սկզբունքներից շեղված մի շարժում է, իսկ հերետիկոսությունը՝ այդ մոլորության մեջ հարատեւումն է, որով որեւէ կրոնական խմբակ ամբողջովին հակառակվում է նաեւ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու փրկագործ դավանական ճշմարտություններին։
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը 5-րդ դարում Եկեղեցու դեմ ծառացած արիոսական հերետիկոսության վերածնունդն է (արիոսականները ուրանում էին Հիսուս Քրիստոսի Աստվածությունը)։ Այս գաղափարախոսությունը մերժվեց ու ջախջախվեց Եկեղեցու նշանավոր հայրերի կողմից եւ անցավ պատմության գիրկը, իսկ արիոսականները, ինչպես նաեւ նրանց հետագա շառավիղները, բանադրվեցին Տիեզերական Եկեղեցու կողմից։ Այն մարդկային մտքի ծնունդ էր եւ չէր կարող գոյատեւել իր հիմնադրի մահվանից հետո։ Այս հերետիկոսությունը նորոգվեց ու վերադրսեւորվեց «Եհովայի վկաների» որդեգրած ուսմունքի մեջ, որով վերջիններս այսօր թունավորում են հայ մարդու կյանքը օտարոտի գաղափարներով եւ առաջնորդում ապազգայնացման ուղիով։ «Եհովայի վկաները» քրիստոնյային զրկում են հավիտենական կյանքի հույսից։ Ըստ նրանց՝ մարդն անմահ հոգուց զուրկ, լոկ նյութեղեն էակ է, որը եհովականներին չհարելու դեպքում դատապարտված է անհետ ոչնչացման, ինչպես մի անասուն։ Փրկությունից զրկվելու այս «սպառնալիքը» նրանք ճարպկորեն օգտագործում են փողոցային քարոզ-մարդորսությունների ժամանակ երիտասարդ ու անփորձ մարդկանց վախեցնելու համար՝ իրենց շարքերը ներգրավելու նպատակով։ Քրիստոնեություն դավանողների մեծագույն հույսը հավիտենական կյանքի արժանանալն է, այլապես անիմաստ ու ավելորդ է այս կյանքում կրած նեղությունների գնով Աստծո պատվիրանների համեմատ ապրելը։
Իրենց հարած անհատներին նրանք ստիպում են ամբողջ ընտանիքով անդամակցել աղանդին, հակառակ դեպքում ընդդիմացողին մեկուսացնում են ընտանիքից՝ ստիպելով նրա հետ չշփվել, որ հոգեբանական ճնշում լինելուց զատ կրոնական թշնամանքի հարուցման վառ օրինակ է։ Վերջինը հակասում է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքին» (հոդված 2) եւ ենթակա է քրեական պատժի։ Այս օրենքը շահարկում ու շատ հաճախ նաեւ դրանով սպառնում են եհովականները, սակայն, ինչպես երեւում է, իրենք իսկ տեղյակ չեն օրենքի դրույթներին, կամ էլ դրանք խախտում են օրենքն անպատիժ ոտնահարելու միտումով։
Հենց միայն այն հանգամանքը, որ «կրոնական կազմակերպությունների իրավունքներն առաջանում են միայն դրանց՝ ՀՀ-ում գրանցվելու պահից» (հոդ.7), «Եհովայի վկաների» ամբողջ նախընթաց գործունեությունը դարձնում է ապօրինի։ «Եհովայի վկաները» առ այսօր գրանցված չեն աշխարհի շատ երկրներում՝ իրենց կանոնադրության՝ պետական օրենքներին հակասելու պատճառով։
«ՀՀ տարածքում արգելվում է հոգեորսությունը» (հոդ.8) եւ «Մինչեւ 18 տարեկան երեխաները չեն կարող անդամակցել կրոնական կազմակերպությունների» (հոդ.5, ե)։ Այս օրենքների ոտնահարման օրինակ է եհովականների (նաեւ այլ աղանդների) բարեգործության անվան տակ դպրոցներ ներխուժումը, ինչպես նաեւ բնակարանների դռներ թակելով ու փողոցներում մարդկանց հանգիստը խանգարելով «բարի լուր» տալը, որը ժողովրդին խռովեցնում է եւ ոչ թե հոգու անդորր պարգեւում։
Եհովականները չեն պատվում երկրի դրոշը, իրենց պարտավորված չեն համարում հարգելու երկրի Սահմանադրությունն ու կատարելու օրենքները։ Իրենք իրենց համարում են աստվածպետական կազմակերպություն, որի անդամները պարտականություններ չունեն երկրավոր իշխանության նկատմամբ։ Եհովականները պետություն են պետության մեջ եւ պետության դեմ, իսկ Քրիստոսի խոսքն ասում է. «Կայսրինը տվեք կայսրին, Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ 21)։ Պետության օրենքները չհարգելու եւ, օրինակ, հարկեր վճարելուց խուսափելու անազնիվ քայլի պատճառով եհովականների գործունեությունն արգելվել է Ֆրանսիայում։ Կրոնական այս կազմակերպության՝ իբրեւ տոտալիտար քայքայիչ աղանդի գործունեությունն աշխարհի շատ երկրներում արգելվել կամ խիստ սահմանափակվել է։
«Եհովայի վկաներն» իրենց երեխաներին արգելում են մասնակցել բարեգործական միջոցառումների, որոնք կոչված են մանուկների մեջ սեր ու կարեկցանք ծնելու դիմացինի նկատմամբ։ Նրանք իրենք չեն իրենց ազատ ժամանակի տնօրինողը, ընտրողն ընթերցելիք գրականության։ Նույնիսկ աստվածաշնչյան գրքերից հատվածները, բացատրությամբ հանդերձ, մատուցում են հերետիկոսության ղեկավարները։ Աստվածաշնչի նման սրբությունը եւս եհովականները աղավաղում են թյուր ու կամայական թարգմանություններով։ Սուրբգրային պատգամները ոտնահարում են աջ ու ձախ։ Հենց միայն այն հանգամանքը, որ Տասնաբանյա պատվիրաններից մեկը պատգամում է Աստծո անունը զուր տեղը բերանը չառնել, իսկ եհովականները պնդում են, թե Աստծո անունը Եհովա է, եւ այդ անունը շահարկում ու օգտագործում են տեղի-անտեղի, նաեւ իրենց կազմակերպության անվան մեջ,- ցույց է տալիս վերջիններիս հակադրությունը Ս. Գրքին եւ նրանց արհամարհանքը դրա նկատմամբ։
Մի վերջին, բայց կարեւոր հանգամանքի մասին եւս։ Խորհրդային իշխանության տարիներին, երբ սովետների երկրում դժվար էր հետախուզություն ծավալել, Արեւմուտքը դիմում էր մի վստահելի միջոցի։ ԽՍՀՄ տարածքում ստեղծում էին որեւէ աղանդի որջեր, որի անդամների շարքերում քողարկված՝ իր գործով էր զբաղվում հետախույզ-գործակալը։ Չնայած ժամանակ է անցել, բայց այս մեթոդն իր արդյունավետությունը չի կորցրել նաեւ այսօր։
Այսօր եհովականները քարոզում են ամենեւին զենք չվերցնել, սակայն վաղը աղանդի պարագլուխների հրամանով «Եհովան» կարող է մտքափոխվել եւ իր մոլեռանդ անդամներին մղել կրոնական զինված պատերազմի՝ ընդդեմ հասարակության։
Հայաստանն իրավունք չունի թույլ լինելու։ Պատմության ընթացքում երբեւէ բարեկամ հարեւան ունենալու բախտ չենք ունեցել, իսկ այսօր ավելանում է նաեւ ներքին՝ ծածուկ թշնամին՝ թաքնված աղանդավորության քողի տակ։ Այդ թշնամին ամենավտանգավորն է։
Տ. ՀԱԿՈԲ քահանա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Հոգևոր-մշակութային