ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում և տեղում հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, բանակային զորամիավորման հրամանատարության հետ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը:
ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները, ինչպես նաև՝ հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ:
Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, որոնք խոսել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքների, բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման հնարավորությունների մասին:
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության և կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ: