Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՆՈՐ ՍԿԻԶԲ…



-1991թ. վերջն էր։ Հատուկ հանձնարարությամբ մեկնել էինք Արցախ,- պատմում է Իգոր Սարգսյանը:- Ապրում էինք Քարինտակ գյուղում, գյուղապետ Վաղարշակ Առուշանյանի եղբոր տանը։ Արդեն լուսանում էր, երբ հանձնարարությունը կատարած վերադարձանք Լիսագորից։ Հոգնած էի, աչքերս փակվում էին, սակայն երբ պատուհանից դուրս նայեցի, ականատեսը դարձա զարմանալի, անբացատրելի մի տեսարանի:

Վաղարշակ Առուշանյանի ու նրա եղբոր տները իրարից բաժանում էր գյուղամիջի ճանապարհը։ Պատուհանից պարզորոշ երևում էր, թե ինչ էր կատարվում տան բակում։ Բացվել էր Արցախ աշխարհի գեղեցիկ առավոտներից մեկը։ Վաղարշակը արեւի առաջին շողերի հետ դուրս եկավ բակ ու դեմքը արեւին արած` խաչակնքեց։ Տան դուռը բացվեց, ու սրբիչը ուսին, ձեռքին ջրով լի դույլ՝ դուրս եկավ դուստրը։ Հայրը լվացվեց երկար, հանգամանորեն։ Աղջիկը տուն մտավ, ու նույն պահին էլ դուրս եկավ մյուս դուստրը` օգնելու, որ հայրը վերարկուն հագնի։ Հետո գոմի դուռը բացվեց, ու որդին գոմից դուրս բերեց արդեն թամբած ձին ու սանձը բռնած` մոտեցրեց հորը։ Նույն պահին տանից դուրս եկավ մյուս որդին ու մտրակը հանձնելով հորը` ձեռքի մատները ագուցեց և օգնեց, որ հայրը նստի ձիու վրա։ Երբ հայրն արդեն թամբին էր, իսկ զավակները` կողքին կանգնած, տնից դուրս եկավ կինը` ամուսնու գլխարկը ձեռքին: Նա ամուսնուն տվեց գլխարկը, Վաղարշակը դրեց գլխին, և նրա` ընտանիքի գլխավորի, պահապանի գոհունակ հայացքից տան անդամները ժպտացին` ասես վարձատրված զգալով իրենց։ Բակից դուրս գալիս ամուսնու և կնոջ հայացքները նորից հանդիպեցին։

Անընդհատ վերհիշում էի տեսածս. ընտանեկան այդ ինչ համերաշխություն էր, բնության, աշխարհի ու մարդ արարածի ի՜նչ ներդաշնակություն…

Ընտանիքի ամեն մի անդամ գիտեր իր պարտականությունը, ամեն ինչ կատարվում էր անխոս եւ ճիշտ ժամանակին…

Մեկ ամիս անց` 1992-ի հունվարի 26-ին, ադրբեջանցիներն իրենց պաշտպանության նախարարի հրամանատարությամբ, մեծ ուժերով հարձակվեցին Քարինտակի վրա` հիմնահատակ ջնջելու, ավերելու մտադրությամբ։ Այդ ահեղ մարտում զոհվեց նաեւ Վաղարշակը։ Զոհվեց, սակայն ծննդավայրը մնաց անառիկ, եւ այնտեղ շարունակեցին ապրել նրա ընտանիքը, հարազատները։

Երկար եմ մտածել այն օրն իմ տեսածի մասին, եւ ինձ թվում է, որ Վաղարշակը ամեն առավոտ էր գնում մահվանն ընդառաջ։ Գնում էր պաշտպանելու իր ընտանիքը, իր պատիվը, իր հայրենի Արցախ աշխարհը… Գնում էր հաշտ ու խաղաղ, գնում էր հայրենի բնության ձայներին ունկնդիր։ Այդ ձայների մեջ երևի լսելի էր նաև նախնիների կանչը` մահը ավարտ չէ, այլ մի նոր սկիզբ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Հոգևոր-մշակութային


29/06/2011