ԱՅԴ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԻՉԸ ԼՌՈՒՄ Է…
Որդու զոհվելուց հետո մայրը ապրեց երկար մի կյանք… Հերոս որդի էր կորցրել, ու չնայած բազում հոգս ու դժվարություններին՝ ապրեց արժանապատիվ։ Որդին սիրած աղջիկ ուներ, արդեն ոսկյա շղթան իր խաչով, նշանի մատանին առել էր, պատրաստել։ Վերջին անգամ մարտի գնալուց առաջ այն ցույց էր տվել որդուն, խնդրել, որ այդ անգամ մնա տանը, գնան նշանդրեքի։ Որդին համոզել էր մորը. «Մա՛մ ջան, էս անգամ էլ գնամ-գամ` քո սրտով կլինի»։ Գնաց, չեկավ։ Զոհվեց, փրկելով ընկերներից քանի՜քանիսի կյանքը… Ապրում էր, ու տարիների հետ դառնությունը թանձրանում էր։ Որդու մարտական ընկերների այցը սկսել էր դառնալ հատուկենտ։ Չէր էլ ուզում իր դառնացած հոգին ցույց տալ աշխարհին։ Տղաներից շատերը մի կերպ հազիվ էին ծայրը-ծայրին հասցնում, ոմանք էլ գործարարությամբ էին զբաղված. «Ոմանք միջոց չունեն, ոմանք` ժամանակ»,- այսպես էր արդարացնում իր որդու ընկերներին։ Մեծ սիրտ ուներ. մայրական անչափ բարություն՝ իսկը հերոսի մայր։ Որդու մահից տարիներ անց, երբ իմացավ, որ իր հարսնացուն մեկ ուրիշ օջախ հարս պիտի գնա՝ անաղմուկ, գաղտնի նրան տեսության գնաց, մաղթեց երջանկություն ու ծոցից հանելով ոսկյա շղթան ու մատանին` զարդարեց պարանոցն ու նշանի մատանին հագցրեց մատին։ Աղջիկը լալիս էր, ինքը մխիթարեց, համբուրեց ճակատն ու անարցունք դուրս եկավ։ Հասավ որդու գերեզմանին, գրկեց տապանաքարն ու անզուսպ լաց եղավ։ Լռություն էր հանգստարանում։ Միայն մայրական հեկեկոցն էր այն խախտում…
…Մայրիկի հուղարկավորությունը բազմամարդ էր։ Եկել էին հարազատները, որդուն ճանաչողները։ Երբ շիրմաթումբը բարձրացավ, խոսեցին շատերը, խոսեցին հերոս զավակի ու արժանապատիվ ապրած նրա մոր մասին։ Հետո թաղման թափորի մասնակիցները գնացին հոգեհանգստի արարողակարգին մասնակցելու։ Նորից լռություն տիրեց հանգստարանում։ Մնացել էին միայն մարտական ընկերները։ Երբ դուրս եկան գերեզմանոցից, մի քանիսը հետ մնացին ու միայնակ, առանձին-առանձին նորից մոտեցան թարմ հողաթմբին։ Հետո լուռ խոնարհած հայացքները դարձրին իրենց հերոս ընկերոջ շիրմաքարին ու լռության միջից Պատմիչը երկու բառ լսեց, որ թողնի ապրողներիս. «Ների՛ր, եղբա՛յր»…
Լռություն էր գերեզմանոցում, անգամ մայրական հեկեկոց չկար։ Միգուցե կար, սակայն Պատմիչն այդ մասին լռում է, կամ էլ դեռ հոգին պիտի մաքրվի, որ լսի…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր