Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…



ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...Անցյալ ուրբաթ շատ հայեր ոգևորվել էին` լսելով, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել՝ նախագահ Էրդողանին տապալելու համար:

Մի պահ նույնիսկ ես ընկա այդ էյֆորիայի մեջ, մինչ հիշելը, որ թեև Էրդողանը ֆաշիստ ղեկավար է, սակայն թուրքական զինվորականությունը շատ ավելի վատն է… Թուրքիայում կատարված ռազմական չորս հեղաշրջումների ժամանակ՝ 1960, 1971, 1980 և 1997 թվականներին, գեներալների պայքարը իշխանության համար մշտապես ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, խոշտանգումներով և սպանություններով: Էրդողանը ամենևին էլ ժողովրդավար առաջնորդ չէ, սակայն նրա զինվորական հակառակորդները կարող են շատ ավելի վայրենաբարո լինել… Սա է պատճառը, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը, նույնիսկ ճնշված քրդերի կուսակցությունը, չաջակցեցին դավադիրներին՝ կանխավ պատկերացնելով իրենց սարսափելի վիճակը ռազմական վարչակարգի լծի տակ…

Պետական հեղաշրջման փորձը շտապ ողջունելու փոխարեն հայերը պետք է ուրախանային Թուրքիայի ղեկավարի գոյատևման համար… Պետք է հաշվի առնել, որ Էրդողանը իսլամիստ է, մինչդեռ բանակի բարձրաստիճան սպաները՝ ազգայնամոլներ: Էրդողանը, իհարկե, քրդերի, հայերի, թուրք իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքական հակառակորդների բարեկամը չէ, սակայն, մյուս կողմից, ռազմական իշխանությունը կատարյալ մղձավանջ կլիներ բոլորի համար Թուրքիայի ներսում և նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ հարևան Հայաստանի Հանրապետության և Արցախի համար: Կարիք չկա ետ գնալու` հիշելու 1915 թվականին թուրքական բանակի 1.5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների դեմ իրագործած ջարդերը… Ինչպես և 1974 թ. Կիպրոս ներխուժման ժամանակ  թուրք զինվորականները  նողկալի պատերազմական հանցագործություններ իրականացրին ընդդեմ հազարավոր հույն խաղաղ բնակիչների…

Էրդողանի` իշխանության ղեկին մնալը կարող է մեծագույն նվեր լինել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են, որ Թուրքիան ծաղրի առարկա դառնա ամբողջ աշխարհում: Նրա ծայրահեղական հայացքները սոցիալական, քաղաքական և կրոնական հարցերի վերաբերյալ հաճելի են միայն նրա արմատական կողմնակիցներին, բայց վանում են առողջ դատողություն ունեցող մարդկանց:

Երբ Էրդողանի տապալման նախնական լուրը հերքվեց, հենց նրանք, ովքեր տոնում էին նրա հնարավոր հեռացումը, սկսեցին անհիմն լուրեր տարածել, թե Թուրքիայի նախագահն անձամբ է բեմադրել հեղաշրջումը` իր հակառակորդներից ձերբազատվելու համար: Նման արտառոց կարծիքին հավատալու համար պետք է անտեսել այն հանգամանքը, որ հեղաշրջումը բեմադրել էր զգալիորեն թուլացած ավագ սպաների խումբը մի ամբողջ տասնամյակ Էրդողանի իրականացրած զինվորականների զտումներից հետո: Փորձառու հրամանատարները փոխարինվել էին ոչ արհեստավարժ զինվորականներով, որոնց միակ հմտությունը սուլթան Էրդողանի բոլոր ցանկություններն ու քմահաճույքները բավարարելն էր…

Ամերիկյան լրատվամիջոցները, ինչպես միշտ, ապակողմնորոշեցին հասարակությանը՝ Էրդողանին բազմիցս անվանելով «ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավար», որը, իբր, «մեծ թվով հետևորդներ ունի հասարակության լայն շերտերում» և «Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»: Այս բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Թուրքիայի նախագահը ֆաշիստ է, նրա վարչակարգը` ԻԼԻՊ-ի ահաբեկիչների աջակիցը…

Ի՞նչ է լինելու հիմա: Էրդողանը շահարկելու է այս հրաշալի հնարավորությունը՝ իր իշխանությունն ավելի ուժեղացնելու համար` դառնալով ավելի ոխակալ և միահեծան, քան առաջ էր, իր երկաթյա բռունցքով  ջախջախելով բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն չհամաձայնել իր հետ:

Թուրքիայի ղեկավարը հիմա ագրեսիվորեն վերացնում է բոլոր կասկածելի հակառակորդներին՝ ձերբակալելով հազարավոր սպաների, այդ թվում` 103 գեներալի և աշխատանքից ազատելով 50 հազար անվտանգության աշխատակցի ու դատական համակարգի 3000 անդամի, որոնք որևէ կապ չեն ունեցել հեղաշրջման փորձի հետ: Նրանք, իհարկե, կփոխարինվեն Էրդողանի հլու-հնազանդ ծառաներով` վստահ, որ նրա քաղաքական հակառակորդները կարժանանան դատարանների դաժան վճիռների, ամենայն հավանականությամբ` մահապատժի, որը կբացառի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Էրդողանի միակ անհասանելի հակառակորդը՝ նրա երբեմնի դաշնակից, իսլամական հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենն է, որն ինքնակամ աքսորվել  է Ամերիկա և ապրում է Փենսիլվանիայում: Թուրքիայի նախագահը կեղծ մեղադրանք է ներկայացնում մահմեդական հոգևորականին՝ անցյալ շաբաթվա հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, իբրև թե իր գլխավոր հակառակորդին վերացնելու նպատակով: Մնում է տեսնել, թե արդյոք Էրդողանին կհաջողվի վախեցնել նախագահ Օբամային՝ արտահանձնելու Գյուլենին:

Հակառակ թուրքական կառավարության կեղծ զեկույցների՝ հեղաշրջումն ամբողջովին չի ճնշվել: Հեղաշրջման մեկնարկից հինգ օր անց Էրդողանը դեռ փակված է Ստամբուլում՝ չկարողանալով վերադառնալ Անկարայի իր հսկայական դատարկ պալատը…

Բոլոր նրանք, ովքեր հոգնել են Թուրքիայի միջամտություններից հարևան երկրների գործերին, իհարկե, կնախընտրեին, որ երկարաձգվեին ներիշխանական բախումները դավադիրների և բռնատիրական վարչակարգի ղեկավարության միջև, ինչը կստիպեր Թուրքիային զբաղվելու իր ներքին խնդիրներով՝ նվազեցնելով Հայաստանի, Արցախի, Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Սիրիայի անվտանգությանն սպառնալու նրա կարողությունը…

 

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Տարածաշրջան


27/07/2016