ՍԱՀՄԱՆ
Ժամապահը կանգնած է հենց այնտեղ,
որտեղ լույսը զատվում է խավարից:
Նա հսկում է լույսի երկունքն
իրեն գույնով հակոտնյայի
կրակոցներից,
հետո շրջվում
և աչքերի մեջ ապահով ճոճվող լույսից
ճաճանչներ է սփռում
բլուրներն ընդ վայր,
ի տես’
երազների սարդոստայնը ծվատող մորը
և վիրավոր հորը,
որ անհրաժեշտ պահին
հենակները կգործադրի զենքի տեղակ.
աղջկան նշանադրած,
որին խոստացել է չզոհվել
մինչև իրենք չունենան մի որդի
(այնպե’ս կուզեր,
որ նա իր աչքերով տեսներ
արարչական այս երկունքը).
եկողի հետ ծրարած համբույր
և տեղական լուրեր միշտ ուղարկող
աննման իր քույրերին,
եղբայրներին, որոնցից
ավագների հերթափոխն է հիմա
ինքը շարունակում,
իսկ կրտսերները կշարունակեն
իր իսկ հերթափոխը.
ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց,
որ «Բարի լույս»
պիտի մաղթեն իրար,
ինչպես նաև
ամպամերձ հեռաստաններն
իբրև ալպյան մարգագետին
արածմամբ
հայրենիքի մասը դարձնող
անասուններին
և բները չլքած թռչուններին
պուրակներում
օրհներգության պատրաստ:
ՎԼԱԴԻՄԻՐ ԶԱԴԱՅԱՆ
Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Հոգևոր-մշակութային