Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵՔ



ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵՔՍիրելի որդիս՝ Հարությո՛ւն:  Հուլիսի 24-ը քո ծննդյան օրն է: Ընդունիր իմ հայրական բարեմաղթանքները:

Դու գիտես, թե որքան եմ սիրել զինվորական գործը, գիտես, թե 1992 թվականից մինչև զինադադարի կնքումը մեր «Մուսա լեռ»  ջոկատի կազմով ի՜նչ նվիրումով ենք պաշտպանել մեր անգին հայրենիքի սահմանները: Երբեք չեմ մոռանա այն ժամանակները, երբ բոլորս համախմբվել ու մի բռունցք էինք դարձել…  Հիմա հերթը քոնն է, որդի՛ս: Հայրենիքի պաշտպանությունը կրկին օրախնդիր է, և ես հպարտ եմ, որ այն վստահելի ձեռքերում է: Արդեն ասվել է ու դեռ շատ կասվի՝ մեր նոր սերունդը ոչ միայն խիզախ ու մարտունակ է, այլև շատ բաներում գերազանցում է մեզ:

Երբ 1994-ի մայիսին հակառակորդի հետ հրադադարի պայմանագիր կնքվեց, հասկացա, որ ես ու զինվորական գործն այլևս անբաժան ենք: Շարունակեցի ծառայությունս ու մինչև պահեստազորի անցնելս սիրով եմ կատարել ծառայական բոլոր պարտականություններս: Հպարտությամբ կարող եմ ասել, որ զինվորական գործի հանդեպ ունեցածս սերը փոխանցվել է նաև իմ որդիներին:

Կյանքում բոլոր երազանքներս կատարվել են ¥չար աչքը` փուշ): Երազանքներիցս մեկն էլ որդուս հետ նույն զորամասում ծառայելն էլ: Այդպես էլ եղավ՝ ես ու դու միասին ծառայեցինք, ծառայեցինք նո՛ւյն զորամասում:  Հիշում եմ՝ մեզ անգամ շփոթում էին, այնքան նման էինք իրար: Քո անցած ուղին համեստ է, բայց պատվավոր: Հասցրել ես սերժանտի կոչում ստանալ, վերապատրաստվել ենթասպաների դպրոցում: Այժմ ծառայում ես Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում` որպես դասակի հաշվարկի հրամանատարի տեղակալ: Լավ ես ծառայում, սիրով: Արդեն զինվորական է նաև Արսենը՝ քո փոքր  եղբայրը: Շատ ուրախ եմ, որ մի զորամասում եք ծառայում` իրար թև ու թիկունք: Անասելի հպարտ եմ ձեզնով:

Սահմանին ամենակարևորը՝ զգոնությունն է, մարտական բարձր պատրաստության վիճակն ու  համբերատարությունը: Թող դրանք միշտ ուղեկցեն ձեզ երկուսիդ մարտական հերթապահության  ընթացքում:

Ցանկություններիցս ամենակարևորը  խաղաղությունն է: Բարի ծառայություն քեզ ու եղբորդ: Նորանոր հաջողություններ եմ ցանկանում հայրենիքին ծառայելու դժվարին գործում: Պատվո՛վ ծառայեք ու շարունակե՛ք իմ անավարտ թողած գործը, մեր զոհված տղերքի գործը:

 

Ձեր ազատամարտիկ  հայր՝

պահեստի ենթասպա

Կամո Հարությունյան

 

Պատրաստեց Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Բանակ և հասարակություն


27/07/2016