Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՓՈՂՋՈՒՅՆՆԵՐՈՎ՝ ԲԱՆԱԿ



Հուլիսի 22-ը` զորակոչի հերթական օրը, Դիլիջանում համաքաղաքային տոնախմբության վերածվեց: Զբոսաշրջային եռուզեռում գտնվող առողջարանային քաղաքն իր մեծ ու փոքրով, ահել ու ջահելով այդ օրը լիարժեքորեն ապրեց զորակոչով, ինչն անկեղծորեն շարժել էր քաղաքում հանգստացող ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրացի հովեկների հետաքրքրությունը: Օտարները սրանից-նրանից հետաքրքրվում էին, թե ինչու է այսքան շատ մարդ հավաքվել, ինչու են բոլորը միաժամանակ և՛ ուրախ, և՛ հուզված… Եվ երբ իմանում էին, որ զորակոչ է, հավաքվածներն էլ, զորակոչվողների հարազատներն էլ, ընկերներն ու պարզապես համաքաղաքացիները, հիացմունքի արտահայտություններով ու բացականչություններով իրենց աջակցությունն էին հայտնում հավաքվածներին և դառնում տոնի մասնակիցը:

Առավոտյան ժամը իննից սկսվեց զորակոչիկների ու նրանց հարազատների հոսքը  զինկոմիսարիատ: Բանակ մեկնողները մտնում էին զինկոմիսարիատ` վերջին բուժզննումն անցնելու, իսկ նրանց ուղեկցողները մնում էին դրսում` սպասելով վերջնական արդյունքների հրապարակմանը: Դիլիջանցիները`  իրենց համար հարազատ ու սիրելի «Շատրվաններ» կոչվող զբոսայգում համբերատար սպասում էին կայանալիք միտինգին:

-2014 թվականի դեկտեմբեր ամսին նշանակվեցի Դիլիջանի զինվորական կոմիսարի պաշտոնին: Այս ամառային զորակոչն իմ ղեկավարմամբ անցկացվող երրորդ զորակոչն է: Նախորդ երկուսը շատ լավ կատարեցինք: Վստահ եմ, որ այս զորակոչն էլ պատվով կկատարենք: Զինկոմիսարիատն իր թիկունքում զգում է թե՛ բնակչության, թե՛ տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների անվերապահ աջակցությունը: Ինքներդ եք տեսնում, թե ինչքան շատ մարդ է հավաքվել զինկոմիսարիատի բակում, ինչ աշխույժ մթնոլորտ է:

Այս պահին առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկ չունենք: Հատուկ ուզում եմ շեշտել, որ քիչ չեն արտերկրից կամավոր վերադարձածները: Հենց այսօր նրանցից երկուսին` Պետրոսյան էրիկին  Կրասնոդարից և Պետրոսյան Ռոբերտին Իտալիայից ճանապարհում ենք ազգային բանակ,- ասաց փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը:

Ժամը տասնմեկին սկսվեց միտինգը: Զորակոչիկներին շնորհավորեցին քաղաքապետարանի ներկայացուցիչը, Դիլիջանի Պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Լևոն Ջառայանը, հոգևոր հովիվ տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:

Դիմելով զորակոչիկներին՝ տեր Շավարշ քահանա Սիմոնյանն ասաց.

– Անցած զորակոչին մի տղա մոտեցավ ինձ և ասաց. «Տեր հայր, հիշո՞ւմ եք ինձ: Ես այն տղան եմ, որ ինչ-ինչ խնդիրների պատճառով չէր ուզում բանակ գնալ, բայց անսալով ձեր խոսքին ու հորդորներին՝ գնացի ու այսօր հպարտ եմ, որ հայրենիքիս պաշտպանն եմ և ինձ տղամարդ եմ զգում»:

Ամեն մեկս ինչ-որ բանի ենք կոչված՝ զինվոր լինելու, հոգևորական լինելու, բժիշկ, ուսուցիչ լինելու… Սակայն այս ամենից կարևորը մեզ համար լավ մարդ, լավ հայ լինելն է: Մեծն Գարեգին Նժդեհն ասել է. «Աշխարհում կան երկու ուժեր, որ երբեք չեն հոգնում. մեկը`ժամանակը, մյուսը` հայը: Մեկը՝ քանդելով, մյուսը` կառուցելով»: Մենք պարտականություն ունենք մեր ծնողի հանդեպ: Հայրենիքը ՄԵՐ ՄԵԾ ԾՆՈՂՆ Է:

Այնուհետև հոգևոր հովիվը Քրիստոսի գերեզմանի վրա օրհնված խաչեր բաժանեց զորակոչիկներին` ասելով.

-Թող Տերը օրհնի ձեզ: Այս խաչերը թող պահապան լինեն ձեզ:

Միտինգը եզրափակեց Դիլիջան քաղաքի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը.

-Այսօր մեծ տոն է բոլորիս համար, քանզի հերթական անգամ հայրենիքի պաշտպանի շարքերն ենք ճանապարհում մեր երեխաներին` Դիլիջանի տարածաշրջանից երկու տասնյակից ավելի առողջ ու հայրենասեր պատանիների: Ես՝ որպես զինվորական և զոհված սպայի հայր, խոնարհվում եմ Ձեր առաջ, պաշտելի մայրեր: Շնորհակալ եմ, որ այսպիսի հայրենասեր որդիներ եք դաստիարակել:

Սիրելի զինակոչիկներ, այսուհետ դուք եք նաև պաշտպանելու մեր երկրի անկախությունն ու ազատությունը, ձեր ընտանիքները, տուն ու տեղը` մեզ բոլորիս: Ես վստահ եմ, որ այդ պատվաբեր գործը դուք կկատարեք դիլիջանցիներին բնորոշ պատվախնդրությամբ, համբերատարությամբ ու նվիրումով:

Հանդիսավոր միտինգից հետո ներկաների ծափերի, ցնծագին բացականչությունների, մեքենաների չընդհատվող ազդանշանների ներքո զորակոչիկները նստեցին ավտոբուս և շարժվեցին մայրաքաղաք` կենտրոնական զինվորական հավաքակայան:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Ազգային բանակ


27/07/2016