ԱՌԱՋՆԱԳԻԾ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Վիճակահանություն է: Մի քանի րոպեից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի այս տարվա շրջանավարտները կընտրեն հետագա ծառայության վայրը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աղջիկ կուրսանտներին հնարավորություն է ընձեռում ծառայելու քաղաքում տեղակայված զորամասերում: Մարինե Եզեկյանն ու Ծաղիկ Մխիթարյանը ոտքի են կանգնում:
– Խնդրում ենք թույլ տալ ծառայության անցնելու ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում,- աղջիկները դիմում են փոխնախարարին:
Նրանց չեն մերժում: Եվ բոլորը երկար ծափահարություններով ողջունում են կամովին հյուսիսարեւելյան սահման մեկնելու՝ աղջիկների որոշումը:
2015 թվականին, երբ Մարինեն ու Ծաղիկը ընդունվեցին ռազմական համալսարան, արդեն բարձրագույն կրթություն ունեին, բայց երազում էին սպա դառնալու մասին: Մարինեն ավարտել էր Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության և նախնական զինվորական պատրաստության բաժինը. «Այսինքն` առաջին մասնագիտությամբ զինղեկ եմ: Բայց, անկեղծ լինեմ, երբեք դպրոցում դասավանդելու ցանկություն չեմ ունեցել: Երբ նայում էի եղբորս` Արտուշի լուսանկարները՝ Օմարի լեռներում, ինքս էլ ուզում էի սահման գնալ: Որոշեցի երազանքս իրականացնել եւ մասնակցեցի մեկամյա սպայական դասընթացներին»,- ոգեւորված պատմում է Մարինեն: Ի տարբերություն Մարինեի` Ծաղիկը անտեղյակ էր զինվորական առօրյային: Ավարտել էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: Նույնիսկ աշխատանք ուներ` կրտսեր գիտաշխատող էր նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, սակայն. «2014 թվականի օգոստոսյան լարվածության օրերին ուզում էի կամավորագրվել եւ մեկնել առաջնագիծ: Ում դիմեցի, չստացվեց: Որոշեցի` պիտի զինվորական դառնամ ու իմ ոտքով առաջնագիծ հասնեմ: Զինկոմիսարիատում հարցուփորձ արեցի, թղթերս հանձնեցի, գործից դուրս եկա եւ այդպես դարձա կուրսանտ»,- հիշում է Ծաղիկը:
Այսօր աղջիկները Դ-20 հրանոթի հրամանատարներ են եւ առաջնագծի զորամասում կծառայեն որպես դասակի հրամանատարներ: Ասում են` գրասենյակային աշխատանքը իրենց համար չէ, պիտի հաշվարկներ կատարեն, օպտիկական սարքերով աշխատեն, զորավարժությունների մասնակցեն, եւ եթե հարկ լինի` հակառակորդին ջախջախիչ հարված հասցնեն: «Մայիսին վարժադաշտերում էինք: Սովորում էինք գործնականում կիրառել մեր գիտելիքները: Մարտական կրակով վարժանքներ անցկացրինք: Հաշվարկողը մենք էինք եւ մեր ճիշտն ու սխալը ինքներս տեսանք: Ասածս ինչ է` գիտելիքների պաշար ունենք: Հա, մի քիչ փոքր-մոքր ենք, ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չենք, բայց դա մեզ չի խանգարի»,-վստահեցնում է Մարինեն:
Եթե աղջիկների համար առաջնագծում ծառայելը նպատակ էր, որին նրանք ձգտել են մեկ տարի, ապա նրանց ծնողների համար` մինչեւ վերջին պահը գաղտնի պահած անակնկալ. «Ծնողներս ծանր տարան, երբ իմացան, որ պետք է տնից-տեղից կտրվեմ: Դեմ էին: Առաջին օրը շատ դժվար էր, իսկ հաջորդ առավոտյան մայրս ասաց, թե իրենք եւս որոշել են տեղափոխվել Մարտակերտ: Հայրս Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի է, բայց շուտով կվերադառնա, եւ բոլորս միասին բնակություն կհաստատենք Արցախում»,- ասում է Ծաղիկը:
Մարինեի մայրիկը մինչ օրս չի հաշտվել այն մտքի հետ, որ իր միակ աղջիկը պիտի սահմանում ծառայի. «Ինձ քաջալերում է հայրիկս: Վիճակահանությունից հետո ասաց. «Աղջիկ ջան, քեզ անփորձանք ծառայություն եմ ցանկանում: Ես ուրախ եմ, որ քեզ պես դուստր ունեմ, գլուխս բարձր եմ քայլելու»: Երեք եղբայր ունեմ, նրանք էլ են ինձ ոգեւորում. «Որտեղ էլ լինես, թիկունքիդ կանգնած ենք»: Իսկ եղբայրներիցս կրտսերը` Աղասին, որոշել է հետեւել իմ օրինակին եւ այս տարի դիմել է Ռազմական համալսարան: Նա ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունը: Հենց որ ավարտի` կմիանա ինձ»,- զվարթ ձայնով ասում է Մարինեն:
Օգոստոսի 22-ին աղջիկները կմեկնեն առաջնագիծ: Երկուսն էլ Շիրակի մարզից են, Արցախում երբևէ չեն եղել: Հույս ունեն, որ առաջին այցելությունը հիշվող կլինի, և զորամասում իրենց գրկաբաց կընդունեն:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում