Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ



ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ«Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին:

Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը:

Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին` բանակինը, որովհետև նա առաջին շարքերում է:

Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլև երկիր և մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք: Այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ, և այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը: Հայ զինվորականի, սպայի պատվո վարքականոնը արձանագրված է վաղուց և առկա է նույն մատենադարանում: Դուք ձեր ծառայության ամեն մի օրը պիտի դարձնեք ապացույց, որ մատենադարանը ձերն է, որ մատենադարանը մերն է, որ այն մեր արժեքային համակարգն է: Ապացուցեք, որ այլ արժեքներն ու գործելաոճը մերը չեն, օտար են և անընդունելի:

Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները, առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան:

Հավատում ենք, որ հավերժ են հայի ինքնությունը և Հայաստանը, քանզի մենք մեզ երբեք չենք դավաճանելու»:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ նախագահ

 

ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔՀՀ ՊՆ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 209 շրջանավարտներ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու կպարգևատրվեն անվանական դաշույններով: Նորավարտ սպաների, ինչպես նաեւ հայրենական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ քաղաքացիական բուհերի ռեկտորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր, շրջանավարտների ծնողներ ու հարազատներ:

Ուղիղ ժամը 10:00-ին պաշտպանության նախարարության վարչական համալիր է ժամանում ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը զեկուցում է հանդիսավոր արարողության առթիվ անձնակազմի շարված լինելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է անձնակազմին եւ պատասխան ողջույնից հետո շնորհավորում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ: Ի պատասխան հնչում է հանդիսավոր «հուռան», ապա շրջանավարտները կատարում են հանրապետության օրհներգը:

Մեկնարկում է ամենասպասված պահը: Ռազմական բժիշկներին  ու օդաչուներին, կապավորներին ու հրետանավորներին, հետախույզներին ու հրաձիգներին, սակրավորներին ու տանկիստներին ավարտական վկայականներ և անվանական դաշույններ են հանձնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ գերազանցիկներն անձամբ երկրի նախագահի ձեռքից են ստանում փաստաթղթերը:

Եվ ահա երիտասարդ սպաներին շնորհավորում է  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: Նա հիշեցնում է, որ օրը բազմաբովանդակ է` նշվում է նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 22-րդ տարեդարձը.

ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ-Ռազմական համալսարանը զգալի ավանդ ունի հայկական բանակի կայացման գործում: Իր գոյության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում այն թողարկել է սպաների 19 սերունդ` 4839 սպա: Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները, գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների օրեցօր զարգացումն ու ինտեգրումը բանակային առօրյայում անխուսափելիորեն նոր պահանջներ են դնում մեր առջեւ: Գիտության զարգացման արդյունքում մարտական գործողություններում էապես կրճատվել են տարածությունն ու ժամանակը: Եթե Արցախյան առաջին պատերազմում ոգու, ապա քառօրյա պատերազմում նաեւ մտքի կռիվ էր: Ուստի ռազմական համալսարանի առաջնային խնդիրն է ժամանակակից, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող, գրագետ եւ հայրենիքին նվիրված սպա կրթելը: Սա է մեր բանակի զարգացման եւ մարտունակության  ամենամեծ առհավատչյան: Ուսումնառության չորս տարիների ընթացքում դուք ստացաք գրագետ ծառայության իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների պաշար, յուրացրիք ռազմական գործի գաղտնիքները, ձեռք բերեցիք զինվորին դաստիարակելու հմտություններ, ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ: Սակայն պետք է գիտակցեք, որ ստացած գիտելիքները սպայի համար մասնագիտական բարձունքի հասնելու միայն առաջին աստիճանն է: Բարձունքը հաղթահարելու համար պետք  է մշտապես ինքնակրթվել»:

Դիմելով ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առաջին հերթին շնորհակալություն է հայտնում դասախոսներին ու հրամանատարներին, ինչպես նաեւ համագործակցող նախարարություններին եւ ուսումնական հաստատությունների ղեկավարներին, ծնողներին, ովքեր պատշաճ կրթության եւ դաստիարակության միջոցով ամեն ինչ արել են, որ հայ զինվորը իրեն արժանի հրամանատար, իսկ հայ ժողովուրդը իր երազած սպան ունենա:

ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ-Ի տարբերություն աշխարհի շատ ու շատ բանակների, որոնցում սպաների և նրանց ղեկավարած ստորաբաժանումների հաջողությունները չափվում են զորավարժարաններում ցուցաբերած արդյունքներով,  հայկական բանակի սպայի ձեռքբերումները առաջին հերթին որոշվելու են առաջնագծի պաշտպանությունը կազմակերպելու ունակություններով և հակառակորդին ամեն անգամ արժանի հակահարված տալու հաստատակամությամբ: Մեր սպաները քաջությամբ են ընդունում մարտահրավերը, եւ ինձ համար մեծ հպարտություն ու պարծանք է,  որ ձեզանից շատերը կամովին են մեկնում առաջնագիծ: Թեև հնարավոր է` վիճակահանությամբ այլ տեղում շարունակեիք ծառայությունը: Այսպիսի հրամանատարներ ունենալը պատիվ ու պատասխանատվություն է մեզ համար,- նշեց Սեյրան Օհանյանը:

Նախարարը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու պաշտպանության նախարարության ղեկավարությունը հսկայական աշխատանք են կատարում մեր անվտանգային միջավայրի ընդլայնման ուղղությամբ` անդամակցություն տարբեր դաշինքների, բազմակողմ համագործակցության խորացում, բոլոր զորատեսակների ակտիվ մասնակցություն բազմազգ զորախաղերին և խաղաղապահ առաքելություններին, նաև ուսումնառության կազմակերպում արտերկրի հեղինակավոր ռազմաուսումնական հաստատություններում:

ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ-Չեմ թաքցնում, մենք դեռ շատ մարտահրավերների ենք դիմակայելու և մարտական հենակետերում զգոն, մշտարթուն ու վտանգաշատ ծառայության, հակառակորդի մեծ ու փոքր արկածախնդրությունները ետ մղելու դրվագներով են գրվելու ձեր սպայական կենսագրության բազմաթիվ էջեր,- ասաց նախարարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` այս տարվա ապրիլի 2-ից ի վեր մենք ապրում ենք այլ իրականությունում, որը բնութագրվում է այլ չափորոշիչներով:

Իր ելույթի վերջում Սեյրան Օհանյանը պատգամեց`

-Մի ընկրկեք որևէ վտանգի առջև, մի ընկճվեք ոչ մի դժվարությունից, այլ դարձեք զինվորի ավագ ընկերն ու խորհրդատուն, ձեր գիտելիքները, եռանդն ու նվիրումն ի սպաս դրեք հայկական բանակի հետագա հզորացման գործին, և մեծ հաղթանակով դուրս կգանք շատ ու շատ լուրջ փորձություններից:

♦♦♦

ՄԵՆՔ ՁԵԶ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔՇրջանավարտների ծնողները հուզմունքով էին հետեւում ավարտական արարողությանը: Նրանցից մեկը սպայական շարքերում փնտրում էր որդուն` Ալբերտ Սիմոնյանին. «Երեկվանից անհանգիստ եմ, սրտի տրոփյունով էի սպասում, թե երբ որդիս սպա կկնքվի: Նա ավարտել է համազորային ֆակուլտետը եւ ծառայության կմեկնի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Այդ փաստից ամենեւին էլ չեմ նեղվում, թող կոփվի: Բազում խորհուրդներ ենք տվել, բայց, ամենակարեւորը, ուզում ենք, որ հոգատար լինի իր զինվորի հանդեպ: Բնավորությամբ ուշադիր է, խիստ ու պատրաստակամ, ուսումնառության տարիներին էլ ավելի լրջացել ու կազմակերպված է դարձել, պիտի որ լավ ծառայի: Անցած օրն էլ կրտսեր որդիս ասաց, որ ուզում է հետախույզ դառնալ: Առաջն Աստված»: Հետո կիմանամ, որ տիկին Ստելլա Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարազատ քույրն է:

Նորաթուխ լեյտենանտ Վարդգես Մինասյանը կամովին մեկնում է ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան զորամաս: Որոշումը կայացրել է ապրիլյան պատերազմից հետո` «Կարծում եմ` կարիքս այնտեղ կա: Եվ հույս ունեմ, որ իմ կարողություններով ավելի կամրապնդեմ  սահմանի` ինձ վստահված հատվածը»:

ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ Արեգ Գասպարյանը ուսումնառությունն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Ուղղաթիռի ինժեներ է: «Փոքրուց եմ երազել այս մասնագիտության մասին,- անկեղծանում է,- իսկ հիմա երազում եմ լավ սպա դառնալ: Այսօր հպարտություն եւ պատասխանատվություն եմ զգում: Հիմնավոր կրթություն եմ ստացել, ինչը ինձ շատ կօգնի»:

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին եւ մաղթում անվտանգ ու հայրենանվեր ծառայություն:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կապիտան

Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/07/2016