Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ



ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸՀուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ և ՄԱԿի բնակչության հիմնադրամի միջև վերջին երկու տարիների ընթացքում համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Սեյրան Օհանյանը կարևորել է ինչպես Բնակչության հիմնադրամի, այնպես էլ ՄԱԿի այլ մասնագիտացված կառույցների հետ համագործակցության խորացումը` որպես ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ՀՀ պաշտպանական բարեփոխումների շարունակականության ապահովման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում միջազգային օժանդակության անհրաժեշտ աղբյուր և ուղղորդիչ գործիք:

Հայաստանում ՄԱԿի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել փոխհարաբերությունների շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը: Իր հերթին ՄԱԿի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գ. Հայրապետյանը նշել է, որ ՊՆ հետ իրենց համագործակցությունը կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարող է դիտվել որպես պաշտպանական գերատեսչության հետ համագործակցության լավագույն փորձի օրինակ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. համագործակցության պլանը:

Խորագիր՝ Նորություններ


27/07/2016