ԵՐԿԱԹՅԱ ԿԱՄՈՆ
Կամոյի մահը ցնցեց ոչ միայն ծնողներին, հարազատներին, այլեւ շատ շատերին, բոլոր նրանց, ովքեր գիտեին նրան, ովքեր գեթ մի անգամ տեսել, հանդիպել են նրան, ովքեր նրա հետ քայլել են ռազմի արյունոտ ճամփաներով։
Այո՛, նրա մահը ցնցեց բոլորին։
-Թեեւ շուրջ քսան տարի է անցել,- տրտմությամբ ու անթաքույց հպարտությամբ պատմում է մայրը՝ հայրենանվեր շատ գործերով բարի անուն վաստակած Ռայա Շիրվանյանը,- բայց հիմա էլ աչքիս առաջ է Եռաբլուրը, հավաքված բազմությունը, ամե՜ն-ամե՜ն ինչ։ Հիմա էլ, ասես, լսում եմ մեր հայրենակցի՝ Զորի Բալայանի մխիթարանքի, կարեկցանքի խոսքը, հոգու աչքերով տեսնում եմ սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ տխո՜ւր-տխո՜ւր դեմքով Կամոյի գերեզմանի մոտ կանգնած, թաշկինակը ափի մեջ սեղմած…
Կամոյի համար Արցախի ազատությունը վեհագույն նպատակ էր, իղձ ու երազանք։ Ու նա սիրում էր ամեն պատեհ առիթով իր ջոկատի տղաներին հիշեցնել Մեծն Նժդեհի խորիմաստ բառերը. «Մարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է։ Դե՛, ուրեմն, մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքին»։ Սա էր Կամոյի դավանած հայրենասիրությունը։
♦♦♦
Նա ծնվել է 1961-ի սեպտեմբերի 15-ին, Գեորգի եւ Ռայա ամուսինների ընտանիքում։
1976-ին, ավարտելով Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի ութերորդ դասարանը, տեղափոխվել է Աբովյան քաղաք։ Այստեղ սովորել է հոր արհեստը, դարձել ճանաչված դերձակ-ձեւավորող ու միաժամանակ ուսումը շարունակել երեկոյան դպրոցում։
1979-81 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 88-ին, Արցախյան շարժման առաջին իսկ օրերին, առանց երկար-բարակ մտածելու, մի կողմ է դրել ամեն ինչ, մոռացել տուն-տեղ, ապահով կյանք, աշխատանք ու ընտանիքով (այն ժամանակ երեք երեխայի հայր էր արդեն) վերադարձել Ստեփանակերտ։
-Հիմա կռվելու, վրեժ լուծելու, թշնամուն ծնկի բերելու ժամանակն է,- ասել է։ -Մեր հողը պիտի պահենք։ Պիտի կռվենք։ Պիտի կռվենք բոլորս…
Ու կռվել է։ Կռվել է հերոսաբար, առանց կեցվածք ընդունելու, առանց բարձրագոչ բառեր արտասանելու, առանց իր արածը թմբկահարելու, քանի որ համոզված էր՝ միայն ու միայն զենքի ուժով կարելի է պահել Ղարաբաղը։
Սա ժամանակի պահանջն էր, ժամանակի հրամայականը։ Ու նա «գործում էր» ուժերի լարումով, նվիրվածությամբ ու հնարամտությամբ։ Զենք ու զինամթերք էր հայթայթում, ընդհատակյա ջոկատներ կազմակերպում, հատուկ առաջադրանքներ կատարում։ Խելացի էր, դիմացկուն, երկաթի ամրությամբ (պատահական չէ, որ ընկերական շրջապատում նրան «Չուգուն» էին կոչում), անվախ… Ու նրան վստահում էին։ Վստահում էին՝ պահանջելու չափ։ Ինքը եւս պահանջկոտ էր։ Պահանջկոտ էր ե՛ւ իր, ե՛ւ ջոկատի (հետագայում՝ վաշտի) տղաների նկատմամբ։
Զինակիցների վկայությամբ՝ նա օժտված էր հրամանատարի անուրանալի տաղանդով։
Ջոկատի անվեհեր տղաներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը (հիմա կապիտան է ու ծառայում է պաշտպանության բանակի զորամասերից մեկում), շեշտում է, որ Կամոն իր մարտիկների համար անվերապահ հեղինակություն էր։
-Կամոն,- պատմում է նա,- իմ հրամանատարն էր։ Ես նրա ջոկատում եմ կռվել։ Նշանառու եմ եղել։ Ու քանի՜-քանի՜ անգամ արժանացել եմ նրա՝ մեր լավ ընկերոջ, մեր անմոռաց հրամանատարի գովեստին ու խրախուսանքին։ Իմ այս խոսքը, խնդրում եմ, համեստություն չհամարեք։ Իրոք, մեր ջոկատի (այն ժամանակ «Կամոյի ջոկատ» էին ասում) բոլոր տղաները քաջ կռվողներ էին։ Բոլո՛րը։ Գուգուլյան, Երեմը, Տիգրանը, Սերգոն, Թովմասյան Բենիկը, Գրիգորյան Գավրիկը, Ղահրամանյան Արշոն, Ուլուբաբյան Վարդգեսը, Ծատրյան Հրանտը…
Ու բոլորին շունչ եւ ոգի տվողը Կամոն էր։ Նա մեր հողի ու ջրի մեծ նվիրյալներից էր, բոլորովին ուրիշ՝ մարդկային իր հատկանիշներով, իր պահվածքով։
Մեր լեռնաշխարհի ո՞ր մասում ասես, որ նա չի եղել. Հադրութ, Տող, Մոխրենես, Խանձաձոր, Նախիջեւանիկ, Խրամորթ, Խոջալու, Բերդաձոր, Շուշի, Լաչին, Ասկերան, Քյաթուկ…
Ու միշտ՝ առաջինը։ Ու միշտ՝ առջեւից։ Իր տղաներով նա մերթ Գետաշենի հայությանն էր ձեռք մեկնում, մերթ՝ Մարտունու շրջանի գյուղերում պահակակետեր կազմակերպում, մերթ էլ՝ Բերդաձորում պաշտպանություն բռնում՝ գյուղը օմօնականների վայրագություններից փրկելու, մերթ էլ հայտնվում էր Հադրութի ծայրամասային գյուղերում եւ հույս ու հավատ ներշնչում օրհասական վիճակ ապրող բնակիչներին։
Այո՛, նա ոչ մի բանից չէր վախենում, չէր երկյուղում։ Չէր վախենում անգամ մահից։ Վկայություննե՞ր, ինչքա՜ն ուզեք։ Նշենք միայն մեկը, որ հուզմունքով ու տագնապի զգացումով պատմում է մայրը՝ տիկին Ռայան։
-1991-ի ամռանը «հանրահայտ» Սաֆոնովի կամակատարները Կամոյին ձերբակալում ու նետում են Բաքվի բանտը։ Այստեղ նրան պահում են 18 օր։ Այս «պահել» բառի տեղ պիտի ասեի՝ տանջում, խոշտանգում, դաժանորեն ծեծում ու ծաղրի են ենթարկում։ Բանտից ազատվում է «մի մատ դառած», կիսամեռ վիճակում։ Այսքանից հետո՝ էլի չի ընկրկում, «չի խրատվում», իր համոզմունքները, իր հայացքները չի փոխում, մազաչափ անգամ չի շեղվում բռնած ուղուց։
Մի փոքր ապաքինվելուց հետո նշանակվում է Էրեբունի օդանավակայանի Ղարաբաղի օդային գծի պարետ եւ շրջափակված Արցախը սնուցող այդ միակ երակով կազմակերպում բեռների՝ զենքի, զինամթերքի, պարենի առաքումը հայրենիք։ Բայց նա սովոր չէր դեպքերի ընթացքին հեռվից հետեւելուն։ Ու չանսալով հրամանատարության, ընկերների բոլոր հորդորներին՝ կյանքը նորից չենթարկել վտանգի, նա էլի հայտնվում է կռվի դաշտում, մասնակցում 92-ի փետրվարի 26-ին Խոջալուի թշնամական կրակակետերի վնասազերծմանը, որտեղ եւ վիրավորվում է ոտքից։
-Այս կռիվը պատվի կռիվ է, ու մենք պարտվելու իրավունք չունենք։ Մենք պիտի կռվենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ։
Նույն Արմեն Գրիգորյանը պատմում է, թե ինչպիսի ոգեւորություն, չտեսնված ուրախություն էր ապրում Կամոն 92-ի մայիսի 8-ին եւ 9-ին՝ հինավուրց Շուշիի ազատագրման հերոսական օրերին։ Հունիսի վերջերին անվեհեր հայորդին հենց հոսպիտալից մեկնում է կռվի դաշտ ու ղեկավարում Քյաթուկի պաշտպանությունը։ Մեկնում է եւ…
Այս փոքր գյուղի համար մղված թեժ կռիվը զարմանալիորեն ու ցավալիորեն եղավ վերջինը նրա համար։ Նա ընկավ արկի հզոր պայթյունից։ Դա 1992-ի հունիսի 27-ին էր։ Ընկավ գյուղի Սրբի մոտ՝ թողնելով տակավին ջահել կնոջը՝ Ռեգինային ու երեք սիրասուն բալիկներին՝ Աշոտին, որ տարիներ առաջ ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ այժմ աշխատում է ԼՂՀ ֆինանսների նախարարությունում, Գայանեին (մասնագիտությամբ բժշկուհի է) եւ Լիլիթին, որն արդեն ավարտում է մայր բուհի ռոմանագերմանական լեզուների բաժինը։ Խելոք ու խոհեմ զավակներ՝ արժանի հուշ ու երազ, ասք ու լեգենդ դարձած իրենց քաջարի հոր անվանը, որը նահատակվեց՝ հավատարիմ մնալով ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԻ իր կոչմանը։
Պատերազմական տարիների ընկերները, որ նրա հետ են եղել առաջին իսկ օրից ու քաջ գիտեն Կամո զինվորին ու հրամանատարին, այժմ էլ ուշագրավ ու հերոսական շատ դրվագներ են պատմում նրա անցած մարտական ուղու մասին։
Կամոն ապրեց արժանավայել, կռվեց քաջաբար, ազգին նվիրեց իր երիտասարդ կյանքը ու անմահացավ։ Նա փառքի չէր ձգտում, բայց փառավոր էր նրա անցած ուղին։ Հայրենիքի անձնուրաց զինվորի, բազում խիզախություններ ու սխրագործություններ կատարած հրամանատարի, ավագ լեյտենանտ Կամո Դանիելյանի (հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի) հիշատակը դար ու դարեր վառ կմնա բոլոր նրանց սրտերում, ովքեր նրա պես սիրել ու սիրում են հայրենի հողն ու հարազատ ժողովրդին։
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
թոշակառու ուսուցիչ
գ. Մեծ Թաղեր, ԼՂՀ