ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 3-ին լրանում է երկու տարին, երբ «Իսլամական պետություն» կոչվածի հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի էթնիկ զտումներին, կոտորածներին՝ ցեղասպանությանը:
Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, տասնյակ հազարավորները գերեվարվեցին ու դատապարտվեցին ստրկության… Հնագույն մեր ժողովուրդը ենթարկվեց այնպիսի ոճրագործության, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում անգամ հնարավոր չէր տեսնել:
Շանգալը մեր բնօրրան է: Մենք այնտեղ եկվոր չենք, ոչ էլ անցվոր, մենք եղել ենք և կլինենք մեր բնօրրանի դարավոր տերը:
ՄԱԿ-ը եզդիների նկատմամբ ԻՊ ոճրագործությունները որակեց որպես ցեղասպանություն՝ Հաագայի միջազգային քրեական դատարանին կոչ անելով զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Եզդիների ցեղասպանությունը ճանաչեցին և դատապարտեցին Եվրոպական Միությունը, Եվրոպական Խորհուրդը և մի շարք պետություններ:
Եզդիների ցեղասպանությունը ցնցել էր Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին: Ամենուր ձևավորվեցին «Օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: ՀՀ ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիերի ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնելու եզդի ժողովրդին:
Եվ եզդի ժողովուրդը ձեռքերը ծալած չնստեց: Մեր ազատամարտիկները զինված պայքարով ազատագրեցին սրբավայր Շանգալը՝ եզդի ժողովրդի կենսատարածքը, եզդիների գոյության ամրոցը, որտեղ ապրելու և հավիտյան արարելու է: Իսլամիստների սև դրոշը Շանգալում այրվեց եզդի ազատամարտիկների ձեռքերով և կոխկրտվեց ոտքերի տակ:
Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այդ սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք ամբողջ աշխարհով մեկ զգացինք ու տեսանք մեր բարեկամների և ընկերների կարեկցանքն ու օգնությունը: Աշխարհը տեսավ և ճանաչեց քաջ ու հնամենի եզդի ժողովրդին:
Մենք հավատում էինք մեր հաղթանակին, վստահ էինք մեր ժողովրդի ուժին ու կամքին: Բայց վերջնական հաղթանակը դեռ հեռու է: Շատ հարցեր դեռևս անպատասխան են: Գերհզոր պետությունների՝ ԻՊ-ի հրեշներին չեզոքացնելու, արմատախիլ անելու անցած երկու տարիների ջանքերը դեռևս ցանկալի արդյունք չեն գրանցել: Աշխարհն օրեցօր ավելի է թաղվում հակամարտությունների մեջ: Վիշտը միայն մերը չէ, այլ համայն մարդկությանը:
Պետք է վերջ տրվի ստի և կեղծիքի քաղաքականությանը:
Աշխարհի մեծամեծներ, կույր և խուլ մի՛ ձևացեք՝ մարդկությունը փրկենք իսլամական չարիքից:
Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը, ինչպես ասում է մեր երկրի՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, բայց մենք պարտավոր ենք նման ոճրագործություններից զերծ ապագա ստեղծել:
Մեր ցավը մոռանալ հնարավոր չէ, բայց մեր ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի անցյալը իրեն սպանի:
Նա պայքարում է նաև ապագայի համար:
Ոգեկոչում եմ աշխարհում բոլոր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում նրանց հիշատակի առաջ:
Հավերժ հիշատակ:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան