ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ Ո՞Ր ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի
հրատարակիչ և խմբագիր
Այժմ, երբ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփն ընտրել են իրենց փոխնախագահի թեկնածուներին, հայ դեմոկրատները պնդում են, որ սենատոր Թիմ Քեյնն ավելի լավ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, իսկ հանրապետական հայերը պնդում են, որ այս հարցում նախընտրում են նահանգապետ Մայք Փենսին: Մինչդեռ, ավելի կարևոր է, թե դա ի՞նչ կարևորություն ունի:
Ռիչմոնդի և Վիրջինիայի նահանգապետ եղած տարիներին Թիմ Քեյնն աջակցել է հայերին տարբեր հարցերում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման: Որպես սենատոր, նա չի հովանավորել Հայոց ցեղասպանության բանաձևը, սակայն կողմ է քվեարկել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2014 թ. ապրիլին միայն Թուրքիայի մասին բոլոր հիշատակումները բանաձևից հանելու պահանջից հետո: Նա ցանկանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը առանց Թուրքիայի կառավարությանը վիրավորելու… Սենատոր Քեյնը նաև չի աջակցել ներկայումս քննարկվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:
2014 թ. սենատոր Քեյնը ստացել է միջին թվանշան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, որովհետև նա.
Պնդել է, որ մեղմացնեն Հայոց ցեղասպանության բանաձևի տեքստը նախքան դրա օգտին քվեարկելը.
Ելույթ չի ունեցել Սենատում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության.
Չի մասնակցել Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը.
Չի հովանավորել Հաիթիի և Հայաստանի անտառապատման որոշումը:
Դոնալդ Թրամփի փոխնախագահի թեկնածուն՝ Ինդիանայի նահանգապետ Փենսը, ևս փոփոխական դիրքորոշում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, երբ Կոնգրեսի պատգամավոր էր 2001-2013 թվականներին: Որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, նա 2005 թ. քվեարկեց Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին, սակայն դեմ քվեարկեց 2007 և 2010 թվականներին՝ մտահոգված, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա: 2012 թվականին Կոնգրեսում պաշտոնավարելու իր վերջին տարում Փենսը ստացավ միջին թվանշան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից:
Ստորև ներկայացված են հատվածներ կոնգրեսական Փենսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2010 թ. մարտի 4-ին արտասանած ելույթից.
«…. Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացվել անցյալ դարասկզբին, և այն երբեք չպետք է մոռացվի…. Այն փաստը, որ ավելի քան մեկ միլիոն քրիստոնյա է սպանվել, կորուստն ինձ համար դառնում է ավելի անձնական»: -Կոնգրեսական Փենսը շարունակեց. «Թեև մենք երբեք չպետք է մոռանանք հայերի ցեղասպանությունը և կորուսյալ կյանքերը, ինչպես նաև մինչ օրս դառնացած կյանքերը, ցավոք, ես չեմ կարող աջակցել այս բանաձևին…. Հիմա ժամանակը չէ այս Հանձնաժողովի և ԱՄՆ Կոնգրեսի համար նման հարցով զբաղվելու…. Թուրքիան ռազմավարական գործընկեր է Իրաքում և Աֆղանստանում մեր շարունակական ջանքերում: Նրանք կիսում են մեր շահերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում…. Ես այսօր հարգանքով կանգնած եմ այս բանաձևին ընդդիմացողների շարքում, սակայն խոր հարգանք եմ տածում բոլոր նրանց հանդեպ, ովքեր այս Հանձնաժողովում են և նրանց, ովքեր մեզ հետևում են, որ հայ ժողովրդի ձայնը լսելի դառնա: Թեև ես չեմ կարող աջակցել այս բանաձևի ընդունումը, սակայն նրանք գոնե պետք է իմանան, որ այս ամերիկացին հասկանում է իրենց կորուստը, ճանաչում է տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները և իր ցավակցությունն է հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք դեռևս կրում են զրկանքների ու հալածանքների ծանր բեռը, որն ըստ էության ցեղասպանություն էր: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ դեմ քվեարկել այս բանաձևին….»:
Ծանոթանալով այս հարցի վերաբերյալ երկու թեկնածուների դիրքորոշումներին՝ պետք է հաշվի առնել, որ.
- Փոխնախագահները չեն որոշում քաղաքականությունը, այլ՝ նախագահները…
- Կարիք չկա վիճելու, թե որ թեկնածուն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն բազմիցս ճանաչվել է ԱՄՆ կառավարության կողմից.
ա) 1951 թվականին պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել միջազգային դատարան.
բ) 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական Հռչակագիր է ստորագրել.
գ) Ներկայացուցիչների պալատը երկու բանաձև է ընդունել՝ 1975 և 1984 թվականներին:
Հետևաբար՝ այսուհետև հայերը պետք է ձգտեն ոչ թե ցեղասպանության ճանաչմանը, այլ՝ արդարության հաստատմանը: Թեկնածուների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ կարևոր է, եթե միայն նրանք անցյալում հերքել են Հայոց ցեղասպանությունը կամ խոստացել են ճանաչել, բայց դրժել են իրենց խոստումը…
Սակայն կան հայերին հուզող մի շարք կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն քաղաքական թեկնածուների հետ, դրանք են՝ աջակցություն Արցախին, ճնշում Թուրքիայի վրա՝ հայերի բռնագրավված սեփականությունը վերականգնելու, ավելի մեծ արտաքին օժանդակության տրամադրում Հայաստանին և Արցախին, ամերիկահայերին պետական կառույցներում աշխատանքի տրամադրում, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների բարելավում Հայաստանի Հանրապետության հետ:
Ցավոք, անկախ հարցերի բնույթից, երբեք չես կարող վստահ լինել, որ նախագահի թեկնածուները արդյոք կհիշե՞ն ու կկատարե՞ն քարոզարշավի ընթացքում տված իրենց խոստումները հենց որ նախագահ ընտրվեն…
Թարգմանությունը Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Տարածաշրջան