Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱԿՐԱՎՈՐ. «ՄԵՆՔ ՀՈՂ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ»



Առանձին խաղաղապահ ինժեներասակրավորային զորամասի հերթապահը վաշտի հրամանատար, կապիտան Լեոնիդ Հովհաննիսյանն է: Նրան ներկայացնելիս զորամասի շտաբի պետն ասում է. «Եթե սակրավորները հայտնաբերած ականները հաշվելու սովորություն ունենային՝  Լեոնիդը առաջամարտիկ կլիներ»: Կապիտանը հումանիտար ականազերծման աշխատանքներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների գրեթե բոլոր տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել 90-ականներին:

ՍԱԿՐԱՎՈՐ. «ՄԵՆՔ ՀՈՂ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ»

-Մեր հողը ասես չամիչով թխվածքաբլիթ լինի,- պատկերավոր համեմատություն է անում կապիտանը:- 2009 թվականն էր: Աշխատում էինք Կապանի Եղվարդ գյուղում: Մեկ ամսվա ընթացքում 65 ական հայտնաբերեցինք եւ վնասազերծեցինք: Լանջը հանձնեցինք գյուղացիներին: Կարելի է ասել՝  սակրավորը հող է ազատագրում:

Ականազերծման բարդություններից խոսելիս Լեոնիդը առանձնացնում է  պատերազմի ժամանակ տեղադրված ականների քարտեզների բացակայությունը: Սա է պատճառը, որ գործի անցնելուց առաջ սակրավորը, տեղին է ասել, հետախուզություն է իրականացնում:

-Պատերազմի ժամանակ տեղանքը ականապատողները մասնագետներ չեն եղել, ուստի եւ բացակայում են նշումներով քարտեզները: Մինչ ականազերծումը մենք տեղեկություն ենք հավաքագրում բնակիչներից: Հետաքրքրվում՝ ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել պատերազմի ժամանակ: Այնուհետեւ կարծիք ենք կազմում` ինչ է թաքնված հողում: Ճշգրտում ենք վտանգավոր տարածքի սահմանները: Կատարում ենք տեխնիկական հետազոտություն: Առանձնացնում ենք տեղանքը: Եվ հետո արդեն սկսում ենք մաքրման աշխատանքը:

Ական փնտրելու ինչ-որ առանձնահատուկ մեթոդ փորձառու սակրավորը չունի: Նրա հիմնական «զենքը» ականորսիչն է:

-Ճիշտ է` եթե փորձդ մեծ է, ուրեմն կարող ես գործիքի ձայնից տարբերակել՝ հակահետեւակայի՞ն ական է, հակատանկայի՞ն, թե պարզապես մետաղի կտոր: Սակայն, այդ ամենը չակերտների մեջ: Ցանկացած ազդանշանի դեպքում սակրավորը պետք է աշխատի նույն զգոնությամբ, ինչ ականի դեպքում: Ցանկացած ազդանշան պետք է հավասարեցվի ականի:

Սակրավորի առաջին խնդիրն է՝ որոշել ազդանշանի կենտրոնը, ապա ապահովության համար երեք կողմից արգելքներ տեղադրել` որոշակի տարածություն պահպանելով անվտանգության համար:

-Միայն ֆիլմերում կտեսնեք` եկան, շոշափեցին, լարը կտրեցին եւ վերջ: Իրականում՝ ազդանշանի կենտրոնից 20 սմ հեռավորության վրա գոգաթիակներով փորման աշխատանքներ ենք իրականացնում: Այդպես հասնում ենք արգելքներին եւ նոր միայն վստահ կարող ենք ասել, թե ինչ ենք հայտնաբերել եւ ինչպես պետք է վնասազերծենք:

Մարտադաշտում սակրավորը  վերոնշյալ հնարավորությունը չունի, սակայն պետք է հաշվի առնել, որ մարտադաշտում համատարած ականազերծում չի էլ իրականացվում: Եթե, իհարկե, տվյալ հատվածը չի հայտնվել մեր վերահսկողության ներքո:

-Դիվերսիոն գործողություն կամ  հետախուզություն իրականացնելիս առջեւից միշտ սակրավորն է գնում: Անցում ենք բացում: Աշխատում ենք ոչ թե ականորսիչով, այլ շոշափիչով, որը 50 սմ մետաղական ձող է: Ծակոտում ենք հողը` ական կա՞, թե՞ ոչ: Ենթադրենք՝  100 մետր երկարությամբ եւ 6-9 մ լայնությամբ անցում ենք բացում: Հայտնաբերված ականները նշում ենք, եւ նոր միայն խումբը շրջանցում է դրանք: Գրոհից րոպեներ առաջ ականները կամ հանում ենք ճանկիչի միջոցով, կամ  տեղում պայթեցնում:

Հումանիտար ականազերծման ժամանակ ամեն ինչ այլ է: Նախ՝ փակում են աշխատանքային գիծը:  Հետո՝ սպասում հրամանատարի որոշմանը՝ երբ ոչնչացնել ականը:

-Իհարկե, չի կարելի հայտնաբերած ականը 3-4 օր թողնել այդպես: Չնայած նշումներին՝ հնարավոր է մարդ կամ կենդանի մտնի տարածք: Նման դեպքերից խուսափելու համար ցանկալի է հայտնաբերված ականը ոչնչացնել նույն օրվա ընթացքում: Ոչնչացումը կատարում ենք պայթեցման եղանակով:  Պատմեմ. վերջերս Սրաշեն համայնքում կԾծ-2  տեսակի հակահետեւակային ական հայտնաբերեցինք: Այն 100 գրամ պայթուցիկ նյութ էր պարունակում: Ականը ձեւախախտված էր, պատճառը հրդեհներն էին: Այսինքն՝ մատով դիպչելն էր անգամ վտանգավոր: Կողքից տեղադրել եմ պայթուցիկ լիցք, ապա ոչնչացրել կրակային եղանակով:

Լեոնիդը դժվարանում է ասել, թե որոնք են ամենավտանգավոր ականները:

-Բոլորն են վտանգավոր: Անգամ՝ փամփուշտներով պահեստատուփը: Առաջնագծում, իհարկե, այսօր ավելի մեծ վտանգ են ներկայացնում ծուղակ ականները՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերը: Դրանք  վնասազերծելը ավելի բարդ է, քանի որ պատրաստելիս ստեղծագործական մոտեցում է ցուցաբերվել: Ընդհանրապես, սակրավորը ցանկացած ականի պետք է վերաբերվի այնպես, ինչպես մայրը նորածին երեխային` զգուշավորությամբ:

Սակրավորը ծառայության 13 տարիների ընթացքում համոզվել է, որ մեր հայրենակիցները անտեղի ինքնավստահություն են ցուցաբերում ականների հանդեպ:

-Երբ ասում ես՝ «Ձեռք մի՛ տվեք», կարող ես այսպիսի պատասխան լսել. «Գիտես՝ կռվի ժամանակ սրանցից քանի՜սն ենք տարել-բերե՜լ»: Խորհուրդս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ ինքնագործունեությամբ մի՛ զբաղվեք: Եթե, օրինակ, անտառում ական եք տեսել, անհապաղ լքեք տարածքը այն ճանապարհով, որով եկել եք: Հեռանալիս փայտերով սլաքներ տեղադրեք: Այնուհետեւ դիմեք գյուղապետարան, մոտակա զորամաս կամ ԱԻՆ:

Իսկ ի՞նչ անեն զինվորները. վաշտի հրամանատարը մի քանի խորհուրդ ունի:

-Անկախ ստորաբաժանման տեսակից, զինվորները ինժեներական գործ են ուսումնասիրում: Պետք է ականջի հետեւ չգցեն, գոնե ընդհանուր պատկերացում կազմեն, նկարներով ճանաչեն ականները: Հետաքրքրությունից դրդված՝ չկրակեն, քարով չհարվածեն անծանոթ իրերին: Եթե կասկածելի տեղանքում են հայտնվել,  ցանկացած ծակող գործիքով՝ առնվազն 15 սմ երկարությամբ, հինգ-հինգ սանտիմետր ծակծկելով՝ առաջանան: Մարտական դիրքերում «ԱԿԱՆԱԴԱՇՏ» հուշումով նշաններ կան: Դրանք ձեւի համար չեն: Պատահել է` զինվորը, իմանալով տարածքի վտանգավոր լինելու մասին,  գնացել է հատապտուղ հավաքելու եւ պայթել է ականի վրա: Կյանքի հարց է: Շատ սահմանամերձ դիրքերի հարեւանությամբ լքված խաղողի այգիներ կան: Լարեր են կապված, որ կարող են եւ խաբուսիկ միջոցներ լինել: Նման տեղանք մուտք մի՛ գործեք:

Իսկ վերջում Լեոնիդը մտորում է, թե ինչ որակներով պետք է օժտված լինի սակրավորը. չէ՞ որ «նա սխալվում է միայն մեկ անգամ»:

-Սակրավորը պետք է արագ կողմնորոշվի, զսպի զգացմունքները, դատի «սառը գլխով», հմտորեն կառավարի ձեռքի եւ մատների շարժումները: Մինչդեռ ինձ համար ամենակարեւորը համբերատարությունն է… Եվ մեկ էլ` եթե սակրավորը այլեւս չի վախենում, ուրեմն նա պետք է հրաժարվի մասնագիտությունից:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/08/2016