ՄԵՐ ԱՐՄԱՆԸ
Մայոր Լեռնիկ Մարգարյանը՝ մեր ընկերը, 23 տարի ծառայել է զինված ուժերում, եղել է զորամասի շտաբի պետի տեղակալ: Զորացրվեց, բայց նրա տեղը շարքում դատարկ չմնաց: Բանակ զորակոչվեց որդին՝ Արմանը: Հայ տղամարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան արու զավակին զինվորացած տեսնելը: Վեց ամիս առաջ մեր ընկերն այդ բերկրանքը երկրորդ անգամ ապրեց: Մենք նրան աչքալուսանք էինք տալիս, իսկ նա հպարտանում էր, որ Արմանը թեեւ պիտանի էր ոչ շարային ծառայության, բայց ընդդիմացավ. «Ուզում եմ ծառայել դիրքերում»:
Արմանը գնդացրորդ է, մարտական հերթապահություն է իրականացնում: Զինվորական միջավայրում է մեծացել, բանակային անցուդարձին քաջածանոթ է եւ միանգամից էլ մերվեց ծառայությանը, հասցրեց լավ զինվոր եւ լավ ընկեր դառնալ: Մեծին հարգող, ծնողի հարգն իմացող, ազնիվ, խելացի տղա է մեր Արմանը (սովորում է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի առաջին կուրսում):
Ապրիլյան կռիվների ժամանակ առաջին անգամ է բարձրացել մարտական հերթապահության, բայց չի ընկրկել: Թեթեւ վիրավորվելուց ու բուժվելուց հետո նորից շտապել է առաջնագիծ: Այդ օրերին հոր բոլոր հարցերին մի բառով էր պատասխանում՝ «Լավ եմ»: Այսքա՛նը:
Եվ նման զինվորով ոչ միայն Լեռնիկը, այլեւ մենք՝ նրա ընկերներն ենք ուժեղ:
Օրերս լրացավ մեր Արմանի ծննդյան 19-րդ տարեդարձը, եւ ուզում ենք հենց զինվորական թերթով էլ շնորհավորել նրան.
-Սիրելի՛ Արման, մեր արժանապատիվ, արդարամիտ ու համարձակ որդի, սրտանց շնորհավորում ենք քեզ ծննդյանդ օրվա առթիվ, ցանկանում ենք խաղաղ եւ անփորձանք ծառայություն, քաջառողջություն եւ ամենայն բարիք: Վստահ ենք, որ դու կշարունակես նույն պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականություններդ՝ ոգեւորելով նաեւ մեզ՝ հայրիկիդ ընկերներին:
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում