Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սպարտակ Խաչատրյանը, խոսելով անձնակազմի հետ տարվող կրթական, հոգևոր-մշակութային, հայրենասիրական, ծառայողական կարգապահության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես ասաց.

-Զորամասում առաջնայինը մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը ամուր հիմքերի վրա պահելն է, ժողովրդի անվտանգությունն  ապահովելը: Քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մարտական պատրաստության կողքին ոչ պակաս կարևոր է նաև զինվորի մարդկային գործոնը, նրա կրթական և իմացական, հոգևոր դաստիարակության մակարդակը:

Անձնակազմը նոր համալրում է ստացել: Նրանց մեջ կան  բուհերում սովորող կամ արդեն ավարտած, բանիմաց, կրթված զինվորներ: Ցանկացած զորամասի համար մեծ առավելություն և հարստություն է այդպիսի զինվորներ ունենալը, որոնց էլ հենց ներգրավում ենք հասարակական ակտիվներում: Նրանք իրենց  օժտվածությամբ, մեր աշխատանքներին օգնելու պատրաստակամությամբ դառնում են մեր առաջին օգնականը՝ ստորաբաժանումներում իրավական, հոգևոր-մշակութային, դաստիարակչական և այլ աշխատանքներ տանելու գործում:

Ցավոք, ունենում ենք նաև ցածր, ոչ բավարար գիտելիքներ ունեցող զինվորներ, որոնց հետ առաջին իսկ օրից մենք լուրջ աշխատանքներ ենք տանում նրանց գիտելիքները հարստացնելու, կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Բանակին, զորամասին անհրաժեշտ են բանիմաց, մարտական առաջադրանքի իմաստը ճիշտ ընկալող, ճիշտ կատարող և ունակ զինվորներ: Այս առումով անփոխարինելի են ոչ միայն  կազմակերպված հոգևոր-մշակութային միջոցառումները, դաստիարակչական աշխատանքները, անձնակազմի իրազեկումը, նաև՝ հասարակական-պետական պատրաստության պարապմունքները:

Զորամասում գործում են  23 ակտիվներ:

Իրավախախտումների կանխարգելմանը, դրանց պատճառների բացահայտմանն ու բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովմանն են ուղղված զորամասում  իրավական ակտիվի անցկացրած և  պարբերական բնույթ կրող պարապմունքները: Խորհուրդն իր  գործունեության մեջ հաջողություններ է գրանցել, որոնցում իր դերն ունի  զորամասի սոցիալական, իրավական աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Կարեն Միրումյանի պատասխանատու աշխատանքը:

Պարապմունքների անցկացման նախօրեին  ակտիվի անդամներին են տրամադրվում քննարկվող նյութերը, պաշտպանության նախարարի կողմից հաստատված իրավական ուսուցման ձեռնարկները, հրահանգվում դրանց անցկացման մեթոդների և կանոնների մասին:

Ակտիվի անդամները ամեն  շաբաթ օր, որոշակի ժամերի մասնակցելով ակտիվի պարապմունքներին, իրազեկվում են  ներքին ծառայության կանոնագրքին, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներին, իրավական տեղեկատվության օրենքներին, նոր փոփոխություններին:

Զորամասում և ապահովման  ստորաբաժանումներում նպատակաուղղված աշխատանքներ են իրականացնում նաև մյուս ակտիվները՝ անձնակազմի դաստիարակության, ուսուցման կազմակերպման, զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու, զինվորական կարգապահությունը և կարգուկանոնը, բանակ-հասարակություն կապերն ամրապնդելու, անձնակազմի հանգիստն ու ժամանցը հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու ուղղությամբ:

Հաճախ գաղափարական և հայրենասիրական դաստիարակության ակտիվի պարապմունքների անցկացմանը ներգրավվում են տարածաշրջանի վետերանների խորհրդի անդամները:

 

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ


03/08/2016