ՎԵՐՀԻՇՈՒՄ ԵՆ ՀՀ ԶՈՒ ԱՌԱՋԻՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ
1992թ. Երեւանում տեղակայված նախկին խորհրդային ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Էրիկ Մարտիրոսյանը ծառայության ավարտին հագնում էր քաղաքացիական հագուստ եւ ուղղաթիռով գնում մարտական առաջադրանք կատարելու կամ հայ օդաչուներին իր փորձը փոխանցելու: Շուտով այդ մասին իմացան, եւ զորամաս եկավ 7-րդ գվարդիական բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆեոդոր Ռեուտը: Սպայական կազմի հետ խիստ խոսակցություն էր ունեցել եւ կտրականապես արգելել էր նրանց մասնակցելու մարտական գործողություններին: Հետո առանձին հանդիպել էր Մարտիրոսյանի հետ, բայց ոչ մի տույժ չէր տվել:
-Խոստացա նման բան այլեւս չանել ու… նույն օրն էլ արեցի,- պատմում է գնդապետ Մարտիրոսյանը:- Առաջադրանքներ կային, որ պետք էր կատարել ու նաեւ՝ քաղաքացիական օդաչուներին ռազմական ուղղաթիռների կրակային հզորությունների կիրառման կերպը սովորեցնել: Ի դեպ, նույն բանն էին անում նաեւ գնդապետ Գուլյաեւն ու փոխգնդապետ Վոլոդյա Դիդենկոն, ովքեր հետագայում զոհվեցին: Ուրիշների կյանքի հարցում իմ ստանալիք տույժը չէր կարող նշանակություն ունենալ:
Երբ հրամանատարին տեղափոխեցին այլ զորամաս, եւ Էրիկ Մարտիրոսյանը նշանակվեց զորամասի հրամանատարի պաշտոնակատար, խստորեն հետամուտ եղավ, որ զորամասի սպառազինությունն ու գույքը ամբողջությամբ հանձնվի հայկական բանակին: Մարտական միավորների 80%-ը, ինչպես եւ թռիչքների ապահովման ամբողջ հատուկ տեխնիկան, սարքին էր: Զորամասն ինքը հանձնեց հայկական բանակին, իսկ կես տարի անց ինքն էլ ընդունեց: Զորամասում միակ գործող օդաչուն էր, եւ բոլորի հետ թռչում էր, ամեն օր գետնից թռիչք ղեկավարում, հրահանգավորում…
♦♦♦
1992-ի հունիսի առաջին կեսին սկսվեց ուղղաթիռային զորամասի հանձնումը հայկական բանակին: Գնդապետ Սերգեյ Յազջյանը պատմում է, որ հատկապես վերգետնյա ծառայությունների մասնագետներին խնդրել էին դեռ հայկական բանակ չտեղափոխվել: Պաշտպանության նախարարությունը մեծ ջանքեր էր գործադրում, որ բոլոր զորամասերում հայ զինծառայողներ ունենան` արգելել համար թալանը եւ գույքի ու սպառազինության կանխամտածված ոչնչացումը: Հայ օդաչուների օգնությամբ էլ ընդունեցին ավիացիոն տեխնիկան:
«Բայց դեռ վախենում էինք, որ հեռացող նախկին խորհրդային բանակի հրամանատարությունը կփորձի իր հետ տանել նաեւ ավիացիան,- պատմում է գնդապետ Յազջյանը:- Գողությունը կանխելու համար գիշեր-ցերեկ ուղղաթիռների մոտ էինք, դրանց մեջ էինք քնում: Նախադեպը կար. ընթացիկ նորոգման պատրվակով ամիսներ առաջ երկու ուղղաթիռ էին տարել: Այդ հարցն ի վերջո Վազգեն Սարգսյանը լուծեց, եւ տարածի փոխարեն երկու այլ ուղղաթիռ տվեցին մեզ:
Զորամասի ընդունման հետ մեկտեղ սկսվեց եւ մեր հրամանագրումը. հունիսի 12-ին նշանակվեցի զորամասի ուղղաթիռների շահագործման տեխնիկական մասի պետ: Նույն շենքում արդեն երկու` հայկական եւ ռուսական զորամասերի շտաբ կար, «միջբանակային» հարաբերությունները լավ էին, եւ ավիացիոն սպառազինությունը մեզ հանձնվեց լրիվ սարքին վիճակում»:
Օգոստոսին Մոսկվայի հետ պետական պայմանագիր կնքվեց, ու ամեն ինչ շտկվեց: Բայց մինչ այդ մարտական թռիչքներն արդեն սկսվել էին… Առաջինը հունիսի 21-ին էր, երբ օդ բարձրացան երկու ՄԻ-24-երն ու ՄԻ-8-ը:
♦♦♦
Ավիացիոն զորամասի հանձնումը նոր էր սկսվել, երբ Երեւան եկավ այն ժամանակ երրորդ կարգի օդաչու, այսօր արդեն ավիացիայի պահեստի փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանը, որն արդեն տիրապետում էր ՄԻ-2, ՄԻ-8 եւ ՄԻ-24 ուղղաթիռների վարման յուրահատկություններին:
«Ծառայությունս Երեւանում շարունակելու համար պիտի պահանջագիր տանեի Անդրզինօկրուգի շտաբ, բայց ավիացիոն զորամասի հրամանատար Սերգո Խանագյանը հարցը մեկեն փակեց. «Վաղը կներկայանաս ծառայության, իսկ այդ հարցերը նախարարությունը կլուծի»: Զորամասի շտաբի մի թեւում հայերն էին, մյուսում՝ ռուսները: Զինվորական ուսումնառության տարիների դասընկերներիս հանդիպեցի: Ապշած գոռում էին. «Արմեն, ո՞ւր ես եկել, այս երկրում զինվորական ավիացիա չկա, այստեղ ի՞նչ ես անելու, մեզ հետ ետ դարձիր»:
Նրանք իրավացի էին, այդ օրերին ուղղաթիռի գործող օդաչուներ էին Դեդը՝ Բորիս Խաչատուրովը, քիչ ավելի ուշ եկած, տարիքով մեծ Խանագյանն ու Գրիգոր Բաղինյանը, Մյասնիկ Մարտիրոսյանն ու ես: Մյուսները կա՜մ ուսումնառությունն էին կիսատ թողել, կա՜մ միայն ԴՕՍԱԱՖ-ի դասընթացներն էին ավարտել, կա՜մ թռիչքային մեծ ընդմիջում ունեին:
♦♦♦
92-ի աշնան սկզբին հայկական բանակ տեղափոխվեց այսօր ավիացիայի վարչության պետ գնդապետ Ավետիք Մուրադյանը, որ թռչում էր ՍՈՒ-17 կործանիչ եւ ՍՈՒ-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչներով: Ավագ օդաչու էր, 92-ի փետրվարին պիտի մեկներ օղակի հրամանատարների համար նախատեսված դասընթացների: Հունվարին արձակուրդ եկավ, իսկ մի քանի օր անց… «Հայրս մեկեն պոռթկաց, թե պատերազմ է, Հայաստանում բանակ են ստեղծում, դու Վրաստանում ի՞նչ ես անում: Ու բացատրեց, որ Երեւանում արդեն կա պաշտպանության նախարարություն:
Ես Մեծ Մասրիկից միանգամից Ռուսաստան էի մեկնել սովորելու, Երեւանը լավ չգիտեի, եւ մեծ քաղաքում, անընդհատ մոլորվելով, անցորդներին հարցնում էի, թե որտե՞ղ է պաշտպանության նախարարությունը: Ի վերջո, գտա «Արցախ» կոմիտեն, որտեղ իմանալով, որ զինվորական օդաչու եմ, բացատրեցին, թե ուր գնամ: Նախարարությունում զրույցը երկար տեւեց. ասացին, որ Հայաստանը զինվորական ավիացիա դեռ չունի, ու պահանջեցին հանգիստ շարունակել ծառայությունս, մինչեւ կանչեն:
Զորամասի հրամանատար Ֆեդչենկոն վերադարձիս ապշեց. «Մարտական գոնե մեկ ինքնաթիռ կամ ուղղաթիռ չունենալով` ռազմաօդային ուժե՞ր եք ստեղծում, դու էլ իսկույն ամեն ինչ թողնելով՝ գնո՞ւմ ես»: Բայց օգնեց ընտանիքս ու գույքս տեղափոխելու գործում եւ հաջողություն մաղթեց թե՛ ինձ եւ թե՛ Հայաստանի դեռեւս անինքնաթիռ ու անուղղաթիռ ավիացիային: Երբ եկա, Հայաստանում օդային հարձակողական միջոցներ դեռ չկային, բայց կային դրանք ձեռք բերելու քաղաքական պայմանավորվածություններ: Իսկ Ալեքսանդր Աբրահամյանը, Մելիք Մելիքյանը, Դանիել Բալայանն ու Եղիշե Համբարյանը հիմնականում նախկին ԽՍՀՄ ռազմաօդային ուսումնարաններից հեռացված տղաների հետ արդեն արագացված դասընթացներ էին կազմակերպել»:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ