Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ



Հայկական ռազմական ավիացիայի տասնիններորդ տարեդարձի նախօրեին զորատեսակի կազմավորման, անցած ուղու եւ զարգացման հեռանկարների մասին զրուցեցինք ավիացիայի վարչության պետ գնդապետ ԱՎԵՏԻՔ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ։

ՍԿԻԶԲԸ

-Արցախյան շարժման հենց սկզբից ադրբեջանցիները շրջափակեցին Արցախը։ Միակ կապը Արցախի հետ պահպանում էին քաղաքացիական ավիացիայի օդաչուները։ Հիմնականում ՄԻ-8 ուղղաթիռներով եւ ՅԱԿ-40 ինքնաթիռներով նրանք անգնահատելի ծառայություն մատուցեցին մեր ժողովրդին։ Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Միասին, մեկ վարչության կազմում են սկսել կազմավորվել հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան, բայց հետո բաժանվեցին, թեեւ մինչեւ այժմ էլ զորատեսակները սերտորեն համագործակցում են։ Առաջին մարտական թռիչքը 1992թ. հունիսի 26-ին կատարել է գնդապետ Բորիս Խաչատուրովը։ Ընդհանրապես, ռազմական ավիացիայի ստեղծման գործում չափազանց մեծ է նրա ավանդը։ Նրա նման անվեհեր մարդկանց ջանքերի շնորհիվ ԽՍՀՄ բանակի սպաները չկարողացան Հայաստանից տանել ռազմական ուղղաթիռները։ Հետագայում, երբ տեղի ունեցավ կայսրության փլուզումը, ստացանք նոր ուղղաթիռներ։ Ի դեպ, պաշտպանության ընթացքում մենք ընդամենը երեք զոհ ենք ունեցել։
1992-ին մեզ խոստացել էին մինչեւ 100 ռազմական ինքնաթիռ։ Չգիտեմ, թե ինչու չստացանք այդ ինքնաթիռները։ Կարծիք կա, որ չէինք կարող կազմակերպել դրանց սպասարկումն ու շահագործումը։ Բայց հենց այդ ժամանակ մենք հաջողությամբ օգտագործում էինք եղած ՍՈՒ-25 ինքնաթիռները։ Մենք միշտ էլ լավ օդաչուներ ենք ունեցել, եւ դեռեւս 1993թ. ստեղծվեց ռազմաավիացիոն ուսումնարանը, եւ կարճ ժամանակում բարձրակարգ մասնագետներ պատրաստեցինք մեր բանակի համար։ Մեր ավիացիոն զորամասը համալրված է Լ-39 ուսումնական եւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռներով։ Իմ կարծիքով` վերջիններս աշխարհում լավագույն գրոհային ինքնաթիռներն են, շատ դիմացկուն են եւ հեշտ են սպասարկվում ու շահագործվում։

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԵԶ

-Մեր երկրի ռազմական հայեցակարգը (դոկտրինը) պաշտպանական է, եւ մենք մեր զինված ուժերը կառուցում ենք ոչ թե հարձակվելու, ուրիշի տարածքները նվաճելու, այլ մեզ պաշտպանելու խնդիրներից ելնելով։ Ուստի նախընտրում ենք, օրինակ, ունենալ ոչ թե թանկարժեք ինքնաթիռներ, այլ դրանք ոչնչացնող փոքր ու էժան հրթիռներ։ Մենք չենք կարող վստահել մեր ագրեսիվ հարեւաններին եւ հաջողությամբ համագործակցում ենք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ։ Միաժամանակ, ռազմական համագործակցության երկարաժամկետ պայմանագիր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս վերջին պայմանագրով էլ մեր երկրի պաշտպանությանն անհրաժեշտության դեպքում կարող է մասնակցել Հայաստանում տեղակայված ՌԴ ավիացիոն զորամասը, որը համալրված է ՄԻԳ-29 ինքնաթիռներով։ Ռուսական կողմը մեզ շատ է աջակցում ավիատեխնիկայի պահպանման եւ նորոգման հարցերում։

ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԵՆ

– Արցախի պաշտպանության ծանր օրերին ադրբեջանցիները հափշտակել էին իրենց մոտ տեղակայված ԽՍՀՄ բանակի տեխնիկան ու զինամթերքը եւ անդադար ռմբակոծում էին Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Եվ այդ ծանր շրջանում Ստեփանակերտում ստեղծվեց զրահատեխնիկայի վերանորոգման արհեստանոց, որտեղ մեր մասնագետները վերանորոգում եւ պաշտպանական բանակին էին տրամադրում խոցված եւ մարտադաշտերում մնացած ադրբեջանական տանկերը, մյուս զրահամեքենաները։ Այսինքն՝ հայ մասնագետների եւ վարպետների տաղանդի շնորհիվ Արցախի բանակն սպառազինվում էր հակառակորդի ռազմական տեխնիկայով։ Այս նույն գործընթացն սկսվեց նաեւ Հայաստանի ռազմական ավիացիայում։ Հիմնական վերանորոգումների միջոցով մենք սկսեցինք երկրորդ կյանք տալ մեր տեխնիկային եւ այն մշտապես պահել մարտունակ վիճակում։ Այսօր մեր ավիացիոն տեխնիկայի երկարաժամկետ սպասարկումն ու պահպանումը լիովին երաշխավորված են։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԼԻՈՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է

– Մեր ավիացիոն զորամասում գործում են շատ փորձառու օդաչուներ։ Վարժաթռիչքների ծրագիրը կատարվում է լիովին, միայն եղանակային խիստ անբարենպաստ պայմանները կարող են խանգարել եւ հետաձգել այդ թռիչքները։ Ամեն տարի մերոնք մասնակցում են բազմաթիվ զորավարժությունների եւ տարբեր մարտական խնդիրներ կատարում։ Եթե նախկինում զորատեսակի լավագույն զորամասի կոչմանն ավելի հաճախ արժանանում էր ինքնաթիռային զորամասը, ապա վերջին երկու տարում պատվո դրոշը նվաճում է ուղղաթիռային զորամասը։ Վարչության ենթակա զորամասերի միջեւ կա առողջ ու ազնիվ մրցակցություն։ Այս ուսումնական փուլը մեր մարտական զորամասերի համար նպաստավոր էր։ Հաջողությամբ հանձնվեցին բոլոր քննությունները, այդ թվում՝ մարտական հրաձգությունը։

ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

– Հայտնի է, որ ազգային բանակի առաջին ուսումնական հաստատությունը Երեւանի թռիչքատեխնիկական ուսումնարանն է, որը հետագայում ստացավ ինստիտուտի կարգավիճակ եւ կոչվեց ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անունով։ Եթե նախկինում մենք ինքնաթիռի օդաչուներ պատրաստելու համար երիտասարդներին սովորելու էինք գործուղում արտասահմանյան ուսումնական հաստատություններ, ապա այժմ անհրաժեշտ բոլոր մասնագետներին պատրաստում ենք տեղում, մեր ինստիտուտում։ Ավելին, ինստիտուտում կան կապի եւ ՀՕՊ ամբիոններ, եւ մենք որակյալ սպաներ ենք պատրաստում այդ զորատեսակների համար։ Ինստիտուտի պետ գնդապետ Դանիել Բալայանը փայլուն կազմակերպիչ է։ Ասեմ նաեւ, որ տարիների ընթացքում համակարգի ձեւավորման ու զարգացման գործում մեծ աշխատանք են կատարել վարչության նախկին պետերը, գնդապետներ Խանաղյանը, Աբրահամյանը, Մնացականյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Ստեփան Գալստյանը, որն այսօր էլ հաջողությամբ ղեկավարում է եւ ժամանակ է գտնում թռչելու, մարզվելու համար։ Համակարգի ձեւավորման գործում մեծ է գնդապետ Սերոբ Աբրահամյանի ավանդը։ Այսօր էլ մեզ հետ են գնդապետներ Մելիք Մելիքյանը, Էրիկ Մարտիրոսյանը, գլխավոր ղեկապետ գնդապետ Հրայր Գրիգորյանը, գնդապետներ Եգոր Համբարյանը, Սերգեյ Յազջյանը, Սերգեյ Հարությունյանը…

Ժամանակին Բորիս Խաչատուրովի, Բորիս Բաբայանի, Սամսոն Սամսոնյանի, Ակոպովի եւ մյուս փորձառուների հետ թռչում, մարտական առաջադրանք էր կատարում երիտասարդ օդաչու Արմեն Մկրտչյանը, որն այսօր գնդապետ է։ Այսօր արդեն գնդապետներ են թռչիքատեխնիկական ուսումնարանի առաջին շրջանավարտներ Իգոր Մարտիրոսյանը, Գագիկ Ասլանյանը եւ Միհրան Մախսուդյանը…

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

-Աշխարհում ավիաշինությունը զարգանում է արագորեն։ Ոլորտի առաջատարներն են ԱՄՆ-ը, ՌԴ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան… Հասկանալի է, որ մենք առայժմ չենք կարող ինքնաթիռների արտադրություն ունենալ, սակայն կարող ենք կատարելագործել առանձին սարքավորումներ։ Մեր ինստիտուտի կուրսանտները մասնագիտական մարզումներն սկսում են մեր ստեղծած վարժասարքերով։ Մենք կատարելագործել ենք հատուկ կապի մեքենան` 10 անգամ նվազեցնելով նրա քաշը։ Մեր մասնագետների գիտելիքներն օգնում են մեզ թռչող սարքավորումների նորոգման ընթացքում։ Կապը հանրապետության արտադրական ձեռնարկությունների հետ ամուր է, եւ մենք ապագայում լուրջ հաջողություններ ենք ունենալու։ Չմոռանանք, որ աշխարհի լավագույն ռազմական ինքնաթիռներից մեկն ստեղծվել է մեր հայրենակից Արտեմ Միկոյանի մտահղացմամբ։ Ես վստահ եմ, որ նման տաղանդավոր ավիակոնստրուկտոր էլի ենք ունենալու։

ՕԴԱՉՈՒՆԵՐԸ

Գնդապետ Ս. Սիանոսյանի ղեկավարությամբ զորամասի անձնակազմը հաջողությամբ է կատարում բոլոր առաջադրանքները։ Ձմեռային-գարնանային ուսումնական փուլի ավարտական քննություններից զորամասն ստացել է «լավ» գնահատական։

-Մարտական հերթապահությունը եւ պարապմունքները շարունակվում են։ Օդաչուները մշտապես աշխատում, հարստացնում են իրենց գիտելիքները, նույնիսկ մարտական հերթապահության մեջ գտնվողները պարապում են, խնդիրներ լուծում,- ասում է գնդապետ Սիանոսյանը։- Այս տարի արդեն երկու զորավարժության ենք մասնակցել, մեկը մեր ՀՕՊ ստորաբաժանումների հետ, մյուսը՝ ՆԱՏՕ-ի։ Մայիս ամսին տեղի ունեցած զորավարժության ժամանակ մեր անձնակազմերը առաջադրանքները կատարեցին մեծ վարպետությամբ, ինչը բարձր գնահատեցին արտասահմանցի մասնագետները։ Ամառային-աշնանային ուսումնական փուլն ավելի հագեցած է լինելու։ Նախատեսվում են զորավարժություններ, իսկ սեպտեմբերի 21-ին մասնակցելու ենք հանրապետության քսանամյա տարեդարձի առթիվ անցկացվող զորահանդեսին։

♦♦♦

Թռիչքահրապարակում հանդիպում ենք մարտական հերթապահություն կատարող անձնակազմերին։

Կապիտան Ռուստամ Խաչատրյանը, լեյտենանտ Արգամ Ստեփանյանը եւ ավագ լեյտենանտ Արման Հարությունյանը։ Ռուստամը ուղղաթիռի հրամանատարն է։ Նա ավարտել է թռիչքատեխնիկական ուսումնարանը եւ մասնակցել է տարբեր զորավարժությունների։

Օդաչու-օպերատոր Արգամ Ստեփանյանը վերջերս է համալրել օդաչուների ընտանիքը։ Նա Սարդարապատ գյուղից է։

Անձնակազմի կողային տեխնիկը Արման Հարությունյանն է։ Նա ավարտել է ավիացիոն ուսումնարանը։

Տղաները նշում են, որ զորամասում երիտասարդ սպաներին շատ են օգնում, ընդառաջում, անում են հնարավորը, որ նրանք փորձ ձեռք բերեն եւ միշտ պատրաստ լինեն երկինք բարձրանալու։

♦♦♦

Մարտական հերթապահություն կատարող մյուս անձնակազմի հրամանատարը կապիտան Կարեն Պողոսյանն էր, օդաչու-օպերատորը՝ կապիտան Գեւորգ Թանգյանը, իսկ կողային տեխնիկը՝ ավագ լեյտենանտ Վյաչեսլավ Ջիվանյանը։

– Ես արմատներով արցախցի եմ, բայց ծնվել եմ Բաքվում՝ 1978թ.։ Երբ սկսվեց Շարժումը, եւ ադրբեջանցիներն սկսեցին հայերի կոտորածը, մենք մի կերպ հասանք Ստեփանակերտ,- ասում է կապիտան Կ.Պողոսյանը։- Սովորում էի եւ աշխատում Վանք գյուղի հացի փռում։ 1995թ. ընդունվեցի թռիչքատեխնիկական ուսումնարան, որն ավարտելուց հետո մինչ օրս ծառայում եմ: Հաճախակի պատասխանատու առաջադրանքներ եմ կատարում։ Տա Աստված` այլեւս պատերազմ չլինի, եւ մեր բոլոր թռիչքները լինեն վարժական։

Ավագ լեյտենանտ Վ. Ջիվանյանը նույնպես ուսումնարանի շրջանավարտներից է։ Նա մասնակցել է բազմաթիվ զորավարժությունների, պարգեւատրվել է «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալով։

Կապիտան Գեւորգ Թանգյանը Ծաղկաձորից է։

-Առաջիկա զորահանդեսի ժամանակ առջեւից գնացողը մեր անձնակազմն է լինելու,- հպարտությամբ ասաց կապիտանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/06/2011