Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՄԵԴԱԼՆԵՐ` ԵԶԴԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ



Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Առավել հայտնի են 1918թ. հերոսամարտերին եզդի ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությունը` Ջհանգիր աղայի հեծելազորի, Ուսուբ բեկի եւ մյուս քաջերի խիզախ եւ հանդուգն գործողությունները: Արդեն 1980-ական թթ. վերջերին Արցախյան շարժումը դարձավ մեր բարեկամության նորօրյա վկայագիրը:

Արցախյան ազատամարտի տարիներին հայ ժողովրդի կողքին մարտնչեցին Հայաստանում ապրող, Հայաստանն իրենց հայրենիքը համարող բազմաթիվ այլազգիներ, որոնց շարքում մեծ թիվ էին կազմում եզդիները: Նրանք ակտիվորեն ներգրավվեցին կամավորական ջոկատների մեջ, քաջաբար կռվեցին` տալով 36 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի եւ Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Եռաբլուր պանթեոնում` ազատամարտի հայ հերոսների կողքին:

Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ երախտապարտ է եզդի ժողովրդին` հավատարմության, օժանդակության համար, ինչը եւս մի անգամ դրսեւորվեց հունիսի 21-ին. ազգային փոքրամասնությունների կենտրոնում մի խումբ եզդի ազատամարտիկներ պարգեւատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներով: Միջոցառման մասնակիցներն այդ մեդալներն ընդունեցին իբրեւ ողջ եզդի համայնքին տրված պարգեւ, Արցախյան պատերազմում իրենց ունեցած մասնակցության գնահատում, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության ղեկավարների հարգանքի արտահայտություն:

Ելույթ ունեցողները հակիրճ ներկայացրին երկու ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության պատմական ընթացքը: Օրվա իրադարձությունը կարեւորվեց նաեւ գալիք սերունդներին համերաշխության եւ հատկապես միասնականության գաղափարների ոգով դաստիարակելու տեսանկյունից. չէ՞ որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ եզդիները իրենց բնօրրանից հեռու պահպանում են ազգային բոլոր սովորույթներն ու ծեսերը, ազատ են թե՛ խոսքի եւ թե՛ դավանանքի արտահայտման մեջ:

ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանն իր խոսքում նշեց, որ հնարավոր է լինեն մարդիկ, որոնք առաջին անգամ են պարգեւ ստանում` պատերազմի ավարտից ի վեր: Բայց եւ կասկածից վեր է, որ բոլորն են հիշվելու, բոլորն են արժանիորեն խրախուսվելու պետության կողմից: Առավել եւս, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադիր է նմանատիպ խնդիրների հանդեպ: Այնուհետեեւ պարոն Պողոսյանն ընթերցեց նախարարի հրամանը` ազատամարտին մասնակցած կամ թիկունքային խնդիրների լուծմանը աջակցություն ցուցաբերած անձանց խրախուսելու մասին, պարգեւատրվածներին, այդ թվում իր մարտական ընկերներից մի քանիսին (եզդի Լիլոյին, կռվում ոտքը կորցրած Ասյային եւ ուրիշներին), հանձնեց «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» եւ «Ծովակալ Իսակով» մեդալներ: Մեդալ ստացավ տասը եզդի ազատամարտիկ, նաեւ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Միջոցառումը եզրափակվեց եզդիների ազգային երգ ու պարի կատարմամբ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Բանակ և հասարակություն


29/06/2011