Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ



Օրերս Երեւանի պետական համալսարանում նշվեց Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան 50-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներ, ՊՆ-ի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի վետերաններ, Յուրի Պողոսյանի քույրը, կինը եւ որդին:

Յուրին տեխնիկայի, «երկաթի» սիրահար էր եւ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատեց Ստեփանակերտի ավտովերանորոգման արհեստանոցում, ձեռք բերեց հմուտ վարպետի համարում. «Նա ճարպիկ էր ու հնարամիտ, փոքրամարմին էր, ուստի նրան դեռ դպրոցական տարիներից «Կուճուր Յուրա» էին ասում: Ատլետիկ կազմվածքով առաջնակարգ ըմբշամարտիկ էր, բազմիցս մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցումներին»,-նշում է կինը` Անժելա Պողոսյանը:

1980 թ-ից Յուրին խորհրդային բանակի շարքերից վերադարձավ Ստեփանակերտ եւ հայրական տանը կից բացեց սեփական արհեստանոց, որն էլ հետագայում դարձավ ազգային-ազատագրական պայքարի առաջին զինանոցներից մեկը: Յուրիի արհեստանոցում այսօր էլ ամեն ինչ իր տեղում է` հաստոցները, գործիքները, ավելացել է միայն նրա լուսանկարը, որի առաջ միշտ թարմ ծաղիկներ են:

Միջոցառմանը ներկա մարտական ընկերներից Մարտիկ Հայրապետյանը պատմում է, որ այդ արհեստանոցում Յուրան ընկերների հետ ձևափոխում և կատարելագործում էր զենքերը. «Նույնիսկ դպրոցների ուսումնական զենքերը ձևափոխեց մարտականի»: Յուրի Պողոսյանի պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվել են 1990 թվականին Հադրութում, երբ ադրբեջանցիները ձգտում էին տեղահանել հայերին: Մ.Հայրապետյանի խոսքով, նրա պատրաստած ինքնաձիգը ոչնչով չէր զիջում Խորհրդային Միության գործարանում արտադրվածին:

Նախարար Սեյրան Օհանյանն էլ հիշեց, որ մարտընկերները կատակում էին` ասելով, թե Յուրիի «Մակարովը» ավելի դիպուկ է կրակում, քան գործարանի արտադրանքը: Հիշեցնելով, որ Յուրի Պողոսյանը դարձել էր հակառակորդից առգրավված առաջին զրահամեքենաներից մեկի հրամանատարը` Ս.Օհանյանը շեշտեց. «Այլ պարագայում մարտական տեխնիկան անփորձ մասնագետի չէին վստահի, սակայն Յուրան, թեպետ բարձրագույն կրթություն չուներ, փոխարենը ուներ ինժեներական բացառիկ ունակություններ»:

Ըստ Մ.Հայրապետյանի` երբ Յուրի Պողոսյանը ձեւավորում էր ապագա 4-րդ վաշտի կորիզը, որի հրամանատարը պետք է դառնար ինքը, իր վաշտին անդամագրվել ցանկացողին առաջին հերթին հարցնում էր` «Գաղտնիք պահել գիտե՞ս»: Կինը` Անժելան էլ է հաստատում ամուսնու գաղտնապահ լինելը. «Զենքը փորձարկելիս մի քանի անգամ վիրավորվել էր, բայց մեզանից հմտորեն թաքցնում էր, ոչինչ չէր ասում»:

«Յուրան ինձ համար ոչ միայն մեծ եղբայր էր, այլեւ մանկության ընկեր: Երբ Շարժումը սկսվեց, շատերը մտածում էին, որ ամեն ինչ այդպես էլ կվերջանա, բայց նա կարծես կանխազգում էր, որ պատերազմ է լինելու, ու նախապատրաստվում էր»,- հիշում է Իրինա Առաքելյանը: Նրա խոսքով, եղբայրն անչափ մարդամոտ էր եւ ընկերասեր, իսկ կինը` Անժելան, հիշում է. «Առաջին գերուն, որն ադրբեջանցի լրագրող էր, բերեց տուն, որպեսզի հետագայում Շուշիի բանտում գտնվող տղաների հետ փոխանակի: Մեզ հանձնարարում էր կերակրել, թույլ տալ, որ բաղնիքում լողանա»:

Չէր հանդուրժում հայրենիքի հանդեպ անտարբեր մարդկանց: Քույրը պատմեց, որ այն օրերին, երբ էլեկտրականություն չկար, Յուրին իր հնարամտությամբ կենցաղային գազից գեներատորի միջոցով հոսանք էր ստանում ու մատակարարում իրենց թաղամասի բնակիչներին` բացի նրանցից, ովքեր իրենց որդիներին ուղարկել էին երկրից դուրս: Երբ այդպիսիք խնդրում էին իրենց էլ բաժին հանել էլեկտրականությունից, Յուրին պատասխանում էր. «Իսկ ո՞ւր է ձեր որդին»:

«Ոչ միայն մեր պետության, այլեւ բանակի ստեղծումը պայմանավորված է հենց Յուրի Պողոսյանի նման հերոսների սխրանքներով: Սփոփանքի խոսքեր ասելուց բացի, այս պահին նաեւ հպարտություն պիտի ապրենք: Հերոսի մահը զուտ ֆիզիկական կորուստ է, որի փոխարեն հոգեւոր մեծ գանձ ենք ձեռք բերում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Միջոցառման ավարտին ռազմահայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը, ԵՊՀ-ի կամերային երգչախումբը, ելույթ ունեցան ասմունքողներ, ցուցադրվեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմը Յուրա Պողոսյանի մասին:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լեյտենանտ

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Բանակ և հասարակություն


29/06/2011