Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ



ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ«Խնդրում էին զինվորներս. «Հրամանատա՛ր, թույլ տվեք՝ առաջ գնամ…»:

Եվ շատ դժվար էր նրանց թաքստոցներում պահելը»:

Փոխգնդապետ Ա. ՕՀԱՆՅԱՆ

Հայ-ադրբեջանական հակամարտության առաջին տարիներին հայրենի սահմանները պաշտպանած կամավորականներից շատերն այսօր էլ սահմանագոտում են:

Նրանցից մեկն էլ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտու պահպանությունն իրականացնող զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Օհանյանն է: Ծառայակիցները նրա մասին խոսելիս նշում են, որ աշխատասիրության և պահանջկոտության հատկանիշներից բացի,  Օհանյանին բնորոշ է նաև մարդկային պարզ ու անկեղծ մոտեցումը  ենթակաների հանդեպ, և որտեղ էլ լինի, իր շուրջը հեշտությամբ անկաշկանդ ու կառուցողական մթնոլորտ է ստեղծում:

1990 թվականին, երբ ադրբեջանցիները ոտնձգություններ էին անում հայկական սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ, Արմենը եղբոր ու մի խումբ ընկերների հետ շտապեց սահմանագոտի ու մինչև պատերազմի ավարտը զենքը ցած չդրեց: Պատերազմական տարիներից Արմենի մեջ ամենից շատ տպավորվել է սահմանին կանգնած, հաճախ ռազմական գործին անտեղյակ տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդկանց միասնական ոգին: Հենց դրա դեմ էլ անզոր եղավ թե՛ հակառակորդի զինտեխնիկան և թե՛ քանակական առավելությունը: Այսօր արդեն Ա. Օհանյանն ամեն Աստծու օր սահմանագոտում է և համարում է, որ իր տեղն այստեղ է՝ առաջնագծում:

Իմ  երկրորդ ընտանիքն է սահմանը:  Սահմանն ինձ համար սկսվում է սեփական ընտանիքիցս և վերջանում է մեր հայրենի եզերքով. սա ինձ լրացուցիչ լիցք, ուժ է հաղորդում: Պատերազմն իմ մեջ շատ բան փոխեց. ծառայությունս զորքերում շարունակելու մեծ ցանկություն ունեի: Ծառայության անցա զորամասի բոլոր ստորաբաժանումներում: Երբ դեռ պայմանագրային գումարտակի հրամանատար էի, չորս տարի անընդմեջ իմ ղեկավարած գումարտակը ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն պայմանագրային գումարտակ, իսկ ես էլ՝ պայմանագրային գումարտակի լավագույն հրամանատար:

-Ձեր զինվորների մասին ի՞նչ կասեք: Ինչպե՞ս  են մեր 18-20-ամյա տղաները իրենց դրսևորում մարտական ծառայության ընթացքում՝ սահմանագոտում:

-Միանշանակ կասեմ, որ մեր այսօրվա զինվորները վաղվա մեր հերոսներն են: Մտավախություններ եղել են. մտածում էինք՝ ինչպե՞ս իրեն կդրսևորի նոր սերնդի զինվորը: Ներկայիս սերունդը ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում  իրեն հերոսի պես դրսևորեց: 18 տարեկան տղաները պարտության էին մատնում հակառակորդի պատրաստված հատուկջոկատայիններին: Շա՜տ, շա՜տ լավն են: Հակառակորդի կողմից հրետանի, գնդացիր է աշխատել: Ես ուշի-ուշով  հետևում էի նրանց վարքին. երբ թաքստոցներ էի տեղափոխում տղաներին, խնդրում էին. «Հրամանատա՛ր, պատասխանեմ, էլի, թույլ տվեք դուրս գամ, առաջ գնամ…»: Շատ դժվար էր նրանց թաքստոցներում պահելը: Մարտական ծառայությունն այն վայրն է, որտեղ ո՛չ մարդու քաշը, ո՛չ հաղթանդամ լինելը, ո՛չ հասակը նշանակություն չունեն: Այստեղ այլ նախապայմաններ են գործում. օրինակ՝ պատվախնդրությունը, երբ մեկը մյուսի օրինակին հետևելով՝ փորձում են ավելի ու ավելի լավ դրսևորել իրենց, աչքի ընկնել՝ բառի լավագույն  իմաստով: 

-Ի՞նչն է, ըստ Ձեզ, փորձության պահերին համախմբում մեզ՝ հայերիս:

-Մեր ազգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դժվար ենք կարողանում ենթակայի դիրքին համակերպվել, հրամաններ կատարել. չէ՞ որ ամեն մեկս մեզ հոգու խորքում հրամանատար ենք զգում: Բայց պահը գալիս է, և վտանգի առջև բոլորս սթափվում ենք, անմիջապես համախմբվում ու սկսում ենք գործել որպես մեկ ամուր օրգանիզմ:

Իսկ համախմբողը երևի հենց տղամարդու արժանապատվություն կոչվածն է: Ի՞նչը կարող է ստիպել, որ հայրենիքիդ սահմաններին սպառնացող վտանգի դեպքում Ռուսաստանի հեռավոր մարզերից կամ արտասահմանյան մեկ այլ երկրից հայ մարդը ունեցած-չունեցածը  թողնի ու գա, ասի. «Եկել եմ՝ ինչո՞վ օգնեմ»:

-Ի՞նչ արտառոց  դեպքեր կհիշեք ապրիլյան մարտական գործողություններից:

-Ինձ համար արտառոց ոչինչ այդ ընթացքում չի եղել. կրակոցներ, պայթյուն, այս ամենը արդեն սովորական բաներ են մի մարդու համար, որ պատերազմով է անցել: Մարտական հենակետն  իմ տունն է, ու ես ինձ այնտեղ ավելի լավ եմ զգում: Այ, հիմա, հենց այս պահին ես այստեղ՝ զորամասում եմ, բայց ասես ոտքերիս տակ գետինն այրվի. ուզում եմ գնալ մարտական հենակետս…

-Ազատամարտիկները քառօրյա պատերազմի ընթացքում համալրեցի՞ն ձեր զինծառայողների շարքերը:

-Մեր զորամասում, օրինակ, դրա կարիքը չեղավ: Խնդիրները մեր պայմանագրային ստորաբաժանման ուժերով էր հաջողվում լուծել: Բայց սահմանային լարվածության օրերին ազատամարտիկների ջոկատները շատ արագ կազմավորվեցին: Մենք այժմ սահմանամերձ գյուղերում  ազատամարտիկների ջոկատներ ունենք, որոնք անհրաժեշտության դեպքում  ամեն պահի պատրաստ են դիրքեր մեկնելու: Նրանք կանոնակարգված կստանան իրենց կցագրված զենք-զինամթերքը և  կհամալրեն մեր շարքերը:

-Աչքի է զարնում, որ կարգուկանոնն այս զորամասում բարձր աստիճանի վրա է: Այստեղ  տարբեր վայրերից, տարբեր ընտանիքներից  մարդիկ են ծառայության գալիս, ինչպե՞ս  եք կարողանում նրանց կարգապահության այս վիճակին բերել:

-Սա սահմանապահ զորամաս է, որտեղ այդպես էլ պետք է լինի: Իհարկե,  ոչ մեկն իր տնից որպես պատրաստի զինվոր չի գալիս: Անշուշտ, հատուկ պատրաստություն են ստանում:  Ուսումնական գումարտակում նրանք վեց ամիս միայն մարտական ու շարային պատրաստություն են ուսանում: Վեց ամիս հետո արդեն նրանց ըստ ստորաբաժանումների են բաշխում: Կարևոր է և այն, որ նրանց աչքի առաջ անընդհատ իրենց ընկերների մի մասը գնում են մարտական հերթափոխի, մյուսները՝ վերադառնում: Պատմում են՝ էսպես արեցինք, էնպես արեցինք: Սա մարտական հերթափոխի յուրահատուկ «հանձնման-ընդունման» արարողությունն է, որը ուսման կարևորագույն բաղադրիչներից  է: 

-Ինչպիսի՞ն է այս պահին  իրավիճակը ձեր զորամասի կողմից  վերահսկվող սահմանագոտու հատվածում:

-Կրակոցներ լինում են, իհարկե, սակայն հարաբերականորեն հանգիստ է: Այդուհանդերձ, Արցախից հետո լարվածության աստիճանով մեր սահմանագոտին երկրորդ տեղում է: Մեր երիտասարդ սպաներն ու զինվորները  վերջին քառօրյա մարտական գործողությունների օրերին նկատելիորեն ձգվեցին ու լրջացան: Սահմանին թեժ էր, բայց, փառք Աստծու, զոհեր, վիրավորներ չունեցանք: Սա նրանց համար լավ դպրոց էր:

…Հիմա, կներեք, շտապում եմ, քիչ հետո գնալու եմ մարտական հենակետ: Վստահ եղեք. մեր սահմանն ամուր է, մենք՝ միշտ արթուն:

-Շնորհակալություն և բարի մարտական ծառայություն, պարոն փոխգնդապետ:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Ազգային բանակ, Ճակատագրեր


17/08/2016