Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ



«Հայկական բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման խնդիրները երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գերակա խնդիրներից են»:

ՀՀ պաշտպանության նախարար  Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸՕրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է երկրորդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին: Նախարարին ուղեկցել է հանրապետության տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված «դեսանտական խումբը»:

 

…Պայթյուններ, կրակոցներ, մեքենայի գրավում, պայմանական հակառակորդի ոչնչացում՝ զորամասի զինծառայողների ցուցադրական վարժանքին նախարարը հետևում է ուշի-ուշով, գնահատում է նրանց պատրաստվածության աստիճանը: Քիչ անց հատուկ նշանակության խմբի զինծառայողները ցուցադրում են ձեռնամարտի հնարքներին տիրապետելու իրենց կարողությունները, ապա նաև մասնագիտական հանդերձանքն ու սպառազինությունը:

Սեյրան Օհանյանը գոհ է տեսածից. զինծառայողներից մի քանիսը պարգևատրվում են խորհրդանշական նվերներով: Հատկապես տպավորիչ էր այն փաստը, որ զորամասի հրամանատարությունը միայն նախորդ երեկոյան է հրաման ստացել ցուցադրական վարժանք կազմակերպելու մասին: Այսինքն՝ ստորաբաժանումը ժամանակ չի ունեցել հատուկ լրացուցիչ պատրաստվելու և ցուցադրել է առօրյա պարապմունքների ընթացքում ձեռք բերած ունակությունները:

ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸՔիչ անց պաշտպանության նախարարը բարձրաստիճան զինվորականների, լրագրողների ուղեկցությամբ մեկնում է առաջնագիծ: Շուրջ 3600 մետր բարձրության վրա տեղակայված հենակետում մեր զինվորներն ու սպաները ներկայացնում են մարտական հերթապահության կրման կարգը, հակառակորդի հետ շփման գծի ամենավտանգավոր տեղամասերը: Յուրաքանչյուրի խոսքում վստահություն է, փորձ, նվիրվածություն, սեփական գործի գերազանց իմացություն: Երբ լրագրողներից մեկը հերթապահող կրտսեր սերժանտ Սամվել Խաչատրյանին հարցնում է, թե որևէ մեկը չի՞ վախենում հերթապահության ժամանակ, զինվորը մի տեսակ զարմացած, տարակուսած պատասխանում է.

-Ի՞նչ վախ: Հակառակորդին անընդհատ դիտարկում ենք, արձանագրում ցանկացած շարժ և համապատասխան գործողություններ կատարում: Եթե նույնիսկ մի զինվոր անվստահություն է զգում, առաջին իսկ գիշերային հերթապահությունից հետո այն իսպառ վերանում է: Նա տեսնում է, որ ընկերն իր կողքին է, ինքը՝ ընկերոջ: Դրանով էլ մենք ուժեղ ենք: Հավատացնում եմ, դրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականություն: Այս դիրքերում ծառայողը չի կարող վախի զգացում ունենալ կամ իր գործը վատ կատարել:

Շարժվում ենք դեպի հաջորդ հենակետ: Մեզ հետ  եկող լրագրողները վարորդ, շարքային Արամ Աբովյանին տարբեր հարցեր են տալիս ծառայության, մարտական հերթափոխի հետ կապված դժվարությունների վերաբերյալ: Պատասխանները լսելով՝ հիանում են նման պայմաններում ծառայող մեր տղաների քաջությամբ և տոկունությամբ: Գնում ենք դժվարանցանելի ճանապարհով, անընդհատ բարձրանում ենք: Թթվածնի պակաս է զգացվում: Մի տեսակ լարվել ենք, իսկ Արամը բոլորիս հանգստացնում է.

ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ-Նորմալ ճանապարհ է, դուք դեռ ձմռանն այստեղ չեք եղել: Այ, որ մի անգամ լինեք, տեսնեք մարտական հերթափոխի ընթացքը, նոր միայն կզգաք հայ զինվորի ոգին և ուժը, որ կռիվ է տալիս թե՛ հակառակորդի, թե՛ բնության դեմ:

Տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո նախարարը զորամասի հրամանատարությանը լրացուցիչ ցուցումներ տվեց՝ մարտական հերթապահությունը առավել զգոն և ապահով կազմակերպելու համար: Ապա հենց առաջնագծում էլ ամփոփեց նախորդ ամիսների ընթացքում պաշտպանության նախարարության կատարած աշխատանքները, նաև պատասխանեց լրագրողների հարցերին:

Նախարարն ընդգծեց, որ զինված ուժերում առաջնորդվել են «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով, տարին էլ հայտարարվել է հրամանատարական պատրաստվածության տարի: Այսինքն՝ շեշտը դրվել է հենց հրամանատարների գիտելիքների, հմտությունների և ունակությունների կատարելագործման վրա, ինչն էլ ապահովելու է ՀՀ զինված ուժերի ընդհանուր զարգացումն ու առաջընթացը: Թեև ընթացիկ տարվա առաջին կիսամյակը եղել է չափազանց լարված և դժվար ժամանակահատված. հայկական զինուժն իր առջև դրված խնդիրը պատվով է կատարել՝ ազգային և միջազգային երաշխիքների ստեղծմամբ, սահմանների պաշտպանության և մարտական հերթապահության իրականացմամբ ապահովելով հայ ժողովրդի անդորրն ու խաղաղ արարումը: Նա ընդգծեց, որ ժամանակակից համազորային մարտում հաղթական ելք ապահովում է մի քանի գործոն՝ զինվորը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան: Հենց դրանց վրա էլ դրվում է հիմնական շեշտը:

ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ-Անցկացվում են զորավարժություններ և մարզումներ, ինչի հիմքում նոր մարտավարության, գործողությունների նոր ձևերի, մարտակարգերի, ձևավորման, դժվար իրավիճակներում արձագանքելու և համապատասխան գործողություններ իրականացնելու մարտավարությունն է:

Նախարարը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման խնդիրներին: Զինտեխնիկայի հայրենական արտադրության ոլորտը զարգացնելուն զուգահեռ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում շարունակվել են արտերկրից, հատկապես ՌԴ-ից ժամանակակից միջոցների ձեռքբերման գործընթացները: Այս համատեքստում նախարար Օհանյանը անդրադարձավ նաև ՌԴ տրամադրած վարկին, որի միջոցներով պետք է գնվի սպառազինություն և ռազմական տեխնիկա: Նշեց, որ համապատասխան պայմանագրերը հիմնականում կնքված են, ներպետական գործընթացներն ավարտված են, մատակարարման աշխատանքներն ընթացքի մեջ են: Կոչ արեց վստահել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ խնդիրը որոշակի գաղտնիություն է պահանջում: Հավելեց, որ հայկական բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման խնդիրները ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության գերակա խնդիրներից են, եւ որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են:

Խոսելով դիրքերի ինժեներական կահավորման մասին՝ նախարարն ասաց, որ արագորեն ընդլայնվում է տեսադիտարկման համակարգը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել մարտական հերթապահությունը, արագ որոշումներ ընդունել կանխարգելման և խոցման միջոցառումների իրականացման վերաբերյալ:

ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸՀարց եղավ ԼՂՀ շուրջ բանակցությունների վերաբերյալ:

-Փաստ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում որոշակի ակտիվացում է նկատվում: Այս խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Միևնույն ժամանակ, ես միշտ ասել եմ և այսօր էլ ասում եմ, ԼՂՀ-ը վտանգի ենթարկելու դեպքում, այսինքն՝ ևս մեկ անգամ ագրեսիա սանձազերծելու դեպքում և՛ ԼՂՀ պաշտպանության բանակը, և՛ համագործակցության շրջանակներում ՀՀ բանակը ամեն ինչ անելու են, որ ԼՂՀ յուրաքանչյուր թիզ հող պաշտպանվի:

Ամփոփելով մամուլի ասուլիսը՝ Սեյրան Օհանյանը մեկ անգամ ևս փաստեց, որ ՀՀ ԶՈՒ կարևորագույն խնդիրը եղել և մնում է հայրենի եզերքի սահմանների պաշտպանությունը և այդ խորապատկերում՝ մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը: Այսօր հայկական բանակը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները մեր հրամանատարների և զինվորների նվիրված ծառայության շնորհիվ: Նրանք այս բարձունքների վրա անտրտունջ պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/08/2016