ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱ՟Ն ԱՐԴՅՈՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Տեղեկացված աղբյուրների պնդմամբ, մոտ ապագայում հնարավոր է ընդունվեն լուրջ որոշումներ Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի վերազինման և նավաշինության ասպարեզում ռուս-ուկրաինական համատեղ ծրագրի հաստատման մասին: Թեև անցած տարվա ապրիլին ստորագրված Խարկովյան համաձայնագրով Ղրիմում Սևծովյան նավատորմի ներկայության ժամկետը երկարաձգվեց մինչև 2042 թվականը, սակայն ի թիվս մի շարք պատճառների, նաև թերֆինանսավորման հետևանքով նավատորմի շուրջ ստեղծված վիճակը դրանից չփոխվեց:
Սևաստոպոլի քաղաքային իշխանությունները մի քանի անգամ դիմեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությանը` պահանջելով լուրջ ուշադրություն դարձնել նավատորմի ֆինանսավորման խնդիրներին, իսկ 2011 թվականի մարտին հայտարարեցին, որ Սևծովյան նավատորմը կուտակել է ամենախոշոր պարտքերը կոմունալ վճարումների և Կենսաթոշակային հիմնադրամին կատարվող փոխանցումների գծով: ՌԴ պաշտպանության նախարարության ենթակայության գործարանների բանվորները դիմեցին բողոքի ելույթների` պահանջելով իրենց ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձերը, իսկ կոմունալ ծառայությունները դադարեցրին անգամ նավատորմի շտաբի ջրամատակարարումը:
Ստեղծված վիճակը զգալի չափով պայմանավորված է նաև նավատորմի տեղակայման դիմաց ռուսական կողմից վճարվող գումարների բաշխման անկատարությամբ: Դեռևս 1997 թվականին ստորագրված հիմնարար համաձայնագրով որոշվեց, որ վարձակալության դիմաց Ռուսաստանը ոչ թե կվճարի Ուկրաինային, այլ մինչև 2017 թվականը յուրաքանչյուր տարի շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով կմարի ստացված գազի դիմաց դեռ 1990-ականների սկզբին Ուկրաինայի կուտակած պարտքը: Փոխարենը, Ուկրաինայի պետական բյուջեից ամեն տարի Սևաստոպոլին է հատկացվում 12,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը սակայն, կազմում է պահանջվող գումարի հազիվ կեսը:
Բացի այդ, ռուսական կողմը ֆինանսավորում է Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման և ռուսաստանցի զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը նպատակաուղղված կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար յուրաքանչյուր տարի ծախսվում է շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Սակայն ծրագրի թերֆինանսավորման հետևանքով մի շարք շինարարություններ անավարտ մնացին:
Ստեղծված վիճակի պատճառով քաղաքային իշխանությունների ու նավատորմի հրամանատարության հարաբերությունները մինչև վերջերս բավական լարված էին: Սակայն հունիսին փոխվեց թե´ քաղաքի ղեկավարությունը և թե´ նավատորմի հրամանատարությունը, ինչից հետո զինվորական փորձագետները սկսեցին խոսել Սևաստոպոլի և Սևծովյան նավատորմի վերաբերյալ երկու պետությունների ղեկավարությունների ունեցած համատեղ ծրագրերի մասին:
Փորձագետների պնդմամբ, խարկովյան համաձայնագրի անկատարության պատճառով Ռուսաստանը չի կարողանում լուրջ ուշադրություն դարձնել Սևծովյան նավատորմին ու թեև բազմիցս հայտարարել է նավատորմի վերազինման ու արդիականացման մտադրությունների մասին, բայց առանց Ուկրաինայի համաձայնության չի կարող գործնական քայլեր ձեռնարկել:
Ենթադրվում է, որ այժմ երկու պետությունների ղեկավարների մակարդակով նախապատրաստվում են կոնկրետ համաձայնություններ: Դրա ուղղակի վկայություններից է նաև վերջերս Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ՌԴ «Միավորված նավաշինական կորպորացիայի» նախագահ Ռոման Դրոցենկոյի այն հայտարարությունը, որ Սևծովյան զինվորական նավատորմի համար արդեն կառուցվում են «Վարշավյանկա» տիպի երեք սուզանավեր և երկու հրետանային նավեր, իսկ մինչև 2020 թվականը ծրագրվում է նավատորմին հատկացնել շուրջ 20 ժամանակակից ռազմանավեր: Տեղեկություններ են շրջանառվում նաև Ֆրանսիայից գնվող երկու «Միստրալ» ուղղաթիռակիրներից մեկը Սև ծով ուղարկելու` ռուսական կողմի մտադրության մասին:
Փորձագետների պնդմամբ, քաղաքական համաձայնություն ձեռք բերելու դեպքում Սևծովյան նավատորմի արդիականացման նախագիծը կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի փոխշահավետ համագործակցության ուղղություններից մեկը: Առավել ևս, որ Ռոման Դրոցենկոն հավաստում է, որ կողմերը չեն հրաժարվել 2010-ին քննարկվող համատեղ նավաշինական ձեռնարկության ստեղծման ծրագրից: Ավելին, նա հաստատել է, որ ծրագիրը քննարկվում է «Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերություն» պետական կորպորացիայի ղեկավարության հետ, և հատկապես տնտեսական հարցերի պատասխաններն այս աշնանը պատրաստ կլինեն:
Պատրաստեց Տ.ԴԵՎՐԻԿՅԱՆԸ
փոխգնդապետ