Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՊԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



ՀԱՊԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ օգոստոսի 16-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստն անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Մասնակցեցին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղըզական Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները, որոնց անդամներն առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք տալու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀԱՊԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՆիստի շրջանակում տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նախանշել համագործակցության հետագա ուղիները:

Հանդիպման արդյունքներով՝ երկու պետությունների պաշտպանության նախարարներն ստորագրել են «ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

Քիչ անց տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որի արդյունքների մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է.

-Մեր հանդիպումների ձևաչափը արդիական հարցեր քննարկելու եզակի հնարավորություն է տալիս՝ հաշվի առնելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիներում, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանում ձևավորվող ռազմաքաղաքական իրադրությունը, նաև նախանշելու կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները: Նիստի օրակարգի հարցերի մի մասը վերաբերում էր ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ՀՕՊ ոլորտում գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը:

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը առաջարկվեց անցկացնել հոկտեմբեր ամսին Երևանում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ:

 

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Ռազմաքաղաքական


17/08/2016