ԱՆՄՈՌԱՑ ՀՈՒՇ
Զինվորական երդման արարողություն զորամասում
Ազատագրումից ի վեր Քարվաճառը բարեկարգ ու նորոգ ճանապարհ չի ունեցել: Երբ սկսվեց Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական մեծ նշանակություն ու կարևորություն ունեցող ավտոճանապարհի շինարարությունը, տեղացիները մի լավ շունչ քաշեցին ու այն անվանեցին «Կյանքի ճանապարհ»: Այո՛, կյանքի ճանապարհ, չէ՞ որ եթե նման ճանապարհ է կառուցվում, ուրեմն կյանքը կաշխուժանա, և բնակչության կենսամակարդակն էլ անշուշտ կբարձրանա:
Կիսով չափ ասֆալտապատ, կիսով չափ խճապատ լեռնամիջյան ոլորապտույտ ճանապարհը իջնում է Քարվաճառի ձորակ: Գեղատեսիլ բնությունը չի թողնում, որ աչքդ հոգնի. նայում ես չորս կողմդ՝ կանաչ սարեր, սաղարթախիտ անտառներ, երկնահաս լեռներ:
Երկրի հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող գնդապետ Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող զորամասում զինվորական երդման արարողություն էր: Ամեն անգամ, երբ նման լուսավոր ու հիշարժան իրադարձության մասին գրելու անհրաժեշտություն է առաջանում, անմիջապես միտքս է գալիս իմ երդման արարողությունը, որը տեղի է ունեցել ուղիղ երեսունչորս տարի առաջ՝ Խատինի հուշահամալիրում: Իմ զինվորական երդման օրն իր դրվագներով այնպես է դաջվել հիշողությանս մեջ, որ թվում է, թե իմ ամբողջ ծառայությունը սկսվել ու ավարտվել է հենց այդ օրը, սահմանափակվել հենց այդ բացառիկ իրադարձությամբ: Ուղիղ մեկ ամիս այդ օրվան էինք նախապատրաստվում: Եվ ինչպե՜ս էինք պատրաստվում: Իմ դասակի հրամանատարը՝ ծնունդով գյումրեցի Պարույր Ամիրյանն ասում էր, որ զինվորական երդմնակալությունը նորակոչիկի համար հազվագյուտ սրբազան արարողություն է, որից առավել քիչ բան կա կյանքում: Այն ժամանակ մենք երդվեցինք անձնուրացաբար ծառայել մի երկրի բանակում, երդվեցինք կյանքներս չխնայել մի երկրի համար, որն այսօր գոյություն չունի: Անցան տարիներ, աշխարհում շատ բան փոխվեց՝ համակարգեր փլուզվեցին, պետություններ տրոհվեցին, ժողովուրդներ ազատություն ձեռք բերեցին: Առաջիններից մեկն էլ, մենք՝ հայերս, այս արևի տակ, զրկանքների ու թանկագին զոհերի արյան գնով ձեռք բերեցինք մեր անկախությունը, նվաճեցինք այն բաղձալի ազատությունը, որ այսօր իրենց մեկ անգամ տրված կյանքի գնով պաշտպանում են հայոց հաղթական բանակի զինվորներն ու սպաները, որ շարունակելու է պաշտպանել այդ բանակի շարքերը համալրող յուրաքանչյուր հայորդի:
Նշված ժամին զորամասի անձնակազմը կազմ ու պատրաստ, մի մարդու նման կանգնած էր նորակոչիկների հարազատներով կիսով չափ աքցանի մեջ առնված շարահրապարակում: Հրամանատարի առաջին տեղակալ, փոխգնդապետ Մ. Բադալյանը զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Թովմասյանին զեկուցեց երդման արարողությանը անձնակազմի պատրաստ լինելու մասին: Փոխգնդապետ Թովմասյանի ողջույնից և ՀՀ օրհներգի կատարումից հետո դրոշակակիր խումբը հանդիսավոր քայլքով՝ զինվորական նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ, շարահրապարակ բերեց զորամասի դրոշը: Հարկ եմ համարում նշել, որ զորամասի հրամանատարությունը գերազանց էր պատրաստվել զինվորական երդման արարողությանը՝ նախանձելի ջանասիրությամբ հոգ տանելով, որ հայրենիքի ապագա պաշտպանները խորությամբ ընկալեն զինվորական երդման ողջ կարևորությունն ու նշանակությունը: Տեսնել էր պետք, թե Օմարի նորաթուխ արծիվներն ինչպես էին երդվում՝ խրոխտ կեցվածքով, գլուխները բարձր, արծվենի հայացքները սեգ լեռներին: Ինչքա՜ն հավատ ու ինքնավստահություն կար նրանց ձայնի մեջ: Այս ու այն կողմից լսվում էին նորակոչիկների հարազատների երախտիքի խոսքերն ու երեխաների, որոնք ամենից շատն էին ոգևորվել զինվորներով, հիացական բացականչությունները. «Պա՛պ, տես՝ ինչ բոյով զինվոր ա», կամ էլ «Հենա Հարությունը, ինչ լավ ա քայլում«, «Էդ ավտոմատով ա կրակելո՞ւ…» և այլն:
Զինվորական երդմանը հաջորդեցին զորամասի տղաների ցուցադրական ելույթները՝ մեքենայի առգրավում, զենքի ձեռնամարտի վարժություններ՝ հակառակորդի դիրքի գրավման դրվագով: Այն այնքան մոտ էր իրականին, որ հավաքվածները մնացել էին ապշած:
Զինվորական երդման արարողությունից հետո զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնաակատար, փոխգնդապետ Ա.Թովմասյանը, դիմելով նորակոչիկների հարազատներին, ասաց.
-Հարգելի՛ ծնողներ, հարազատներ, արդեն զորամասի լիիրավ անդամ դարձած ձեր երեխաները զորամասի դրոշի առջև հանդիսավորությամբ երդվեցին, որ արժանապատվորեն եւ անձնվիրաբար կծառայեն Հայրենիքին: Ուրեմն, հիշեք, սիրելի՛ զինվորներ, հայոց բանակի հզորությունը կազմվում է բոլորիս արհեստավարժությունից, մարտունակությունից, աշխատասիրությունից ու կարգապահությունից: Այսօրվանից դուք կրում եք հայ զինվորի բարձր կոչումը և պետք է բարձր պահեք Արցախյան գոյամարտով անցած, փառավոր հաղթանակներ կերտած զորամասի անունը: Հայրենիքի պաշտպանության գործում իրենց մեծ ավանդն են ներդրել և այսօր էլ շարունակում են մեր սպաներն ու զինվորները:
Հավաքվածներին հիշարժան ու տոնական օրվա կապակցությամբ շնորհավորեցին հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Դավիթ Եղիկյանը, սերժանտ Արա Կարապետյանը, արցախյան և ապրիլյան պատերազմների մասնակից, նորակոչիկ Սարգիս Հակոբյանի հայրը՝ Տիգրան Հակոբյանը, համահավաք գումարտակի վաշտի շարքային նորակոչիկ Տիգրան Գալստյանը, նորակոչիկ Արման Մանուկյանի տատիկը:
-Չեմ կասկածում գնդապետ Եղիկյանի խոսքին, քանի որ մեր երեխաներն իսկապես հուսալի և ապահով ձեռքերում են, համոզված եմ, որ նրանք տուն կվերադառնան ուժեղ ու առնական տղամարդ դարձած,- նկատեց շարքային Վարդան Խանզադյանի քեռին՝ Հրանտ Կոմիտասյանը:
Ավարտվեց զինվորական երդման ևս մեկ հանդիսավոր արարողություն, որ ամեն նորակոչիկի մեջ կմնա որպես վառ ու անմոռաց հուշ:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն