Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԼԻՄՊՈՍԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ»



ՕԼԻՄՊՈՍԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ»Ես շախմատի արքա Տիգրան Պետրոսյանին չեմ տեսել, բայց նրա համազգային զարթոնք առաջացրած պատմական հաղթանակի մասին շատշատ եմ լսել ու կարդացել: Անգամ այդ պատմական հաղթանակին ներկա եղած մարդկանց շուրթերից եմ լսել, թե ինչ է կատարվել այդ՝ հիրավի համազգային զարթոնքի օրերին մեր Հայրենիքում ու սփյուռքում: Ասում են, որ այդ տարի ծնված շատ հայ երեխաների, ի պատիվ մեր մեծ հայրենակցի, Տիգրան են կոչել: Մի անգամ որդիս՝ Ստեփանը, որ նորնոր սկսել էր հաճախել շախմատի խմբակ, ասաց. «Ես էլ եմ ուզում Տիգրան Պետրոսյանի նման շախմատ խաղալ…»:

Եկավ 1973 թվականը: Մայիս ամսին ծնվեց եղբայրս՝ Լեվոնը, եւ  մեր տանը մեծ ուրախություն էր, ցնծություն: Հայրս ու հորեղբայրներս եղբորս ծնվելու ուրախալի առիթով ինձ տարան «Հրազդան» մարզադաշտ՝ «Արարատ»-«ԴինամոԿիեւ» խաղը դիտելու: Հրճվանքս կրկնապատկվեց,  քանի որ առաջին անգամ էի ներկա լինելու արյունքրտինքով ու մեծ դժվարություններով կառուցված «Հրազդան» մարզադաշտում: Հիշում եմ՝ Գրիգոր հորեղբայրս ասաց. «Եթե «Արարատը» հաղթեց, քեզ կոստյում եմ առնելու»:  Այսօրվա պես հիշում եմ այդ խաղը՝ «Արարատը» հաղթեց՝ 3:1 հաշվով: Մերոնց խփած ամեն գոլից հետո ինձ օդ էին թռցնումԵս հետո իմացա, որ լեգենդար «Արարատը» հաստատուն ու վստահ քայլերով գնում է չեմպիոնության: ՈՒ դարձավ Խորհրդային Միության չեմպիոն: Ցնծում էր ողջ հայությունը: Ցնծում էին մեծ ու փոքր: ՈՒրախությունը տներից հորդել էր դուրս՝ դառնալով համաժողովրդական խնդություն: Առավոտյան բարեւի փոխարեն մարդիկ իրար աչքալուսանք էին տալիս՝ «Արարատը» չեմպիոն է: Թաղ ու բակ չկար, որտեղ երեխաները ֆուտբոլ չխաղային. բոլորն ուզում էին նմանվել մեզ անմոռանալի պահեր պարգեւած լեգենդար արարատցիներին: Բոլորիս շուրթերին մինչեւ օրս էլ նրանց անուններն են

Ինչպես հայտնի խոսքում է ասված՝ Աստված երրորդություն է սիրում. նույնպիսի հրճվանք եւ ցնծություն ապրեցինք 2006 թվականին, երբ մեր լեգենդար շախմատիստները առաջին անգամ նվաճեցին շախմատային Օլիմպոսը: Նրանց շնորհիվ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվեց շախմատային գերտերություն դարձած մեր փոքրիկ Հայրենիքի վրա: Նրանց հաղթանակի շնորհիվ էր նաեւ, որ շատշատ երեխաներ սիրեցին, տարվեցին շախմատով:

…2016 թվականի օգոստոսի 26. «Զվարթնոց» օդանավակայան. ասեղ գցելու տեղ չկա: Հայաստանի բոլոր մարզերից, հեռումոտիկ սփյուռքից հազարավոր մարդիկ էին եկել դիմավորելու մեր հերոս օլիմպիականներին՝ Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, 2014 թվականի աշխարհի չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտում կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկե մեդալից զրկված հունահռոմեական ոճի ըմբիշ, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, մեր երկրին առաջին օլիմպիական արծաթը պարգեւած 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին, 105 կգ գերծանրքաշային կարգում նույնպես արծաթ նվաճած Գոռ Մինասյանին: Կեսգիշերին մեծ ու փոքր վանկարկում էին մեր օլիմպիականների անունները, երգում, պարում, ուրախանում: Ժողովուրդը նրանց իր ուսերին առած, պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հնչյունների ներքո, պատվում էր՝ ինչպես Օլիմպոսի առասպելական հերոսների:

ՕԼԻՄՊՈՍԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ»

ՕԼԻՄՊՈՍԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ»Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Մարզաշխարհ


31/08/2016