Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ» (ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ)



«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ» (ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ)«ՍԻՍԱԿԱՆ» ջոկատի հրամանատար,

պահեստի գնդապետ ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Այս դաշտերի մեջ կարմիր ծաղիկներ կան,

Թաքուն սարսուռներ կան այս դաշտերում,

Հոգու խորքում ապրող անուշ տաղիկներ կան,

Ծաղկի հետ պարուրված` մահն է բուրում:

Այստեղ լուսաբացը արտույտի դայլայլ է,

Ավտոմատի ծանոթ կրակահերթ:

…Քրտնած մի զինվոր է խրամատով վազում,

Որ փամփուշտ հասցնի կրակակետ:

…Մարտը սկսված է, տղերքը լարված են,

Հեռվից որոտում է հրետանին,

Շուրջս պայթյուններ են ու դղրդոց անվերջ,

Եվ մարտի է նետվում քրտնաթոր պատանին:

Հրամանը նույնն է. մենք չենք նահանջելու,

Ու մեխել է նա մեզ ծուռտիկ խրամատին,

Արկի դղրդյուն է, պայթյուններ են օդում.

Մեր դիրքն է քրքրում հրետանին:

Մենք զգում ենք իրար մեր իսկ կրակոցով,

Գնդացրի անվերջ կրակահերթ.

Մեր դիրքն արկն է խոցում ահեղ իր սուլոցով,

Գնդացիրն է կողքիս լռում հավետ…

…Գլխումս դժժոց է, աչքերումս` մշուշ,

Մարմիններ եմ տեսնում փլված խրամատում.

Գնդացրի կողքին` կուրծքը արյունե վարդ,

Շիկահեր պատանին իր աչքերն է փակում…

…Ես գրկում եմ նրան ու լալիս եմ տխուր

Նրա կիսատ ապրած գարունների համար,

Եվ ոռնում եմ դեպի երկինք պարզած դեմքով.

Աստվա՜ծ, ասա՜, ինչո՞ւ, ինչի՞ համա՜ր:

  1. 04. 2016

Թալիշ, Մատաղիս

 

05.05.2016թ.

Օրը անցավ լարված: Եղա 136-ում: Տղաների վիճակը շատ լավ է: Ամեն պահի սպասում ենք հակառակորդի հարձակմանը: Գիշերվա ժամը 1:00- ն է, և կրակոց չկա: Դա ավելի է սրում վիճակը. թշնամին կարծես դավադրություն է պատրաստում: Մեր տարածքի բոլոր պոստերում լռություն է:

Գիշերը ահավոր մութ է: Այսօր չերևացին նաև անօդաչու սարքերը, ու դա է՜լ ավելի է նյարդայնացնում:

 

06.05. 2016թ.

Հոգնած զինվորների կիսաբաց աչքերի մեջ կարդում եմ նրանց հոգնածության չափը և տխրում: Կոմբատը խնդրում է` սառը ջրով լվացվեն, որ ուշքի գան: Զինվորները պատասխանում են, որ արդեն լվացվել են ու լռում են: Լռում է նաև կոմբատը, կախում գլուխը և գլխիկոր հրամայում կատարել առաջադրանքը: Երկուսս էլ ծխախոտ ենք վառում և ընկնում մտքերի մեջ: Ես ուզում եմ դուրս գալ, բայց կոմբատը խնդրում է մի քիչ էլ մնալ ու զրուցել: Մենք խոսում ենք պակաս-պռատից ու պատրաստվում վաղվա ստուգողներին, որ գալու են շտաբից: Այդ տղաներին, որոնք խրամատ չեն տեսել և դիրքերում չեն քնել հողի վրա, որ հասկանան զինվորին ու տեղի հրամանատարին: Ես բարձրանում եմ դիտակետ` կապ տալու դիրքերին: Օրս փակում եմ 2:00-ին` գիշերային լուսածիր գնդակների տակ: Կորցրել եմ ժամանակի զգացողությունը, և ինձ թվում է, թե խաղաղության 22 տարիներն ընդհանրապես չեն եղել: Կարծես երազ եմ տեսել, և թվացել է` խաղաղություն է: Անցած 22 տարվա մեջ ես հիշելու ոչինչ չունեմ:

 

07.05. 2016թ.

Օրը անցավ սովորականի պես: Ցերեկը մերթընդմերթ անձրև էր գալիս ու արև անում: Ընդհանուր առմամբ՝ օրը խոնավ է ու անտանելի: Ցերեկը կրակոցներ չկային, և ես ջուր տաքացրի: Հովսեփը («Պեխոտ») լցրեց, և ես լողացա ու փոխեցի շորերս: Կարծես մի ծանր բեռից ազատվեցի: Երեկոյան, ինչպես միշտ, սկսվեցին երկկողմանի կրակոցները: Կրակում են Թալիշի դիրքերից լուսածիր և ոչ լուսածիր գնդակներով, ու կարծես ստուգում ենք մեկս մյուսիս զգոնությունը կամ նյարդերի ամրությունը: Առավոտյան պետք է մեկնեմ բազա` հանդիպման և սնունդ ստանալու: Վաղը հանդիպելու եմ նաև Ստեփանոսին:

 

08.05. 2016թ.

Լույսը բացվել է: Ես այսքան հանգիստ քնած չկայի: Մեկնում եմ Թալիշ, եկեղեցում հանդիպում եմ բանակի Սրբազանին և Ստեփանոսին: Սրբազանը պատարագ պետք է մատուցեր. ես ժամանակ չունեի և մեկնեցի Մատաղիս: Թալի՛շ… Թալի՛շ…  շենքերը` ավերված ու լքված, ծառերը` ճղակոտոր, կենդանիները` անտեր ու անտիրական: Բազայից բարձում ենք անհրաժեշտ սնունդը և ետ գալիս դիրքեր: Մեր դիրքերի տղաները տարբեր տեղերից են: Մեր Յուրան, որ երկու մետր բոյ ունի՝ երկու սեփական ատամ, մնացածը՝ բուլատ, անընդհատ հումոր է անում, և մենք ուրախանում ենք: Յուրան օջախի մոտ ուզում է կրակ անել, բայց չի ստացվում: Ես Յուրային ասում եմ, որ կրակ անել չգիտի: Յուրան հակաճառում է: «Մեր գյուղում 8 հեկտար արտ եմ պաժար տվել, ո՞նց չեմ կարում կրակ անեմ»: Պայթում է ծիծաղը, որին հաջորդում է թշնամուց եկող կրակահերթը, ու երեկոն դառնում է լիարժեք:

 

09.05. 2016թ.

Ուղիղ 24:00 սկսվեց «տեղատարափ»: Լուսածիր գնդակները երկու կողմից էլ նշում էին հաղթանակի տոնը, որը տևեց մոտ 4 ժամ: Հետո խաղաղվեց ամեն ինչ, ու լուսաբացին ամեն ինչ լռեց: Արտույտները սկսեցին երգել, և լույսը բացվեց: Ես գնացի քնելու: Ժամը 10:00-ին ես մեկնեցի Մարտակերտ: Հանդիպման էին եկել «Արաբոյի» Մանվելը, Ադմիրալ Սամոն, Ժանգ Լյովան, Կարաբին Միշան: Հաց կերանք ու զրուցեցինք տարբեր բաներից, իսկ ամենաշատը՝ անցած և ներկա պատերազմից:

Ճաշում ենք, և ես վերադառնում եմ դիրքեր: Ամեն ինչ անցնում է ամեն օրվա պես: Երեկոյան սկսվում է կրակահերթը, և գիշերային խավարը տիրում է ամենուր` լուսածիր գնդակների ու կրակահերթերի ուղեկցությամբ:

Ժամը 2-ն է, ես իջնում եմ մեքենայի մոտ, օրագիրս լրացնում, պառկում ետևի նստատեղին ու քնում:

 

10.05.2016թ.

 

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԵՐՈԲԻ

Ք. Երևան,

Նոր Նորքի զինկոմիսարիատ

     11.05.2015թ. մայրը

     10.10.2015թ. հայրը

 Ք. Նոր Նորքի 5-րդ զանգված, 22 ա

 

6 պաշտպ. շրջան, 3-րդ գում. նյութ. սպ. դաս. խոհարար

Տանը ունի քույր:

 

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ» (ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ)Խումար աչքերով մի տղա է Գևորգը ու խոհարար է աշխատում առաջնագծում: Նա միշտ տխուր է ու լռակյաց: Երբ հրամանատարին հարցնում եմ տխրության պատճառը, պատասխանում է, որ երկկողմանի որբ է: Ես պայթում եմ: Կանչում եմ Հակոբջանյան Կամոյին, որ ինձ բացատրի օրենքը, որովհետև Կամոն զինկոմ է աշխատել և տիրապետում է օրենքներին: Երբ Կամոն ավարտում է, ես զանգահարում եմ գեներալներին և պահանջում անհապաղ ետ քաշել առաջնագծից: Սկսվում են տարբեր տեսակի պատճառաբանությունները, բայց ես չեմ դադարում և խնդիրը հասցնում եմ վերևներին: Սկսվում են զանգեր հակառակ կողմից: Ես չեմ նահանջում, և կոմբատը ուրախանում է: Կանչում եմ Գևորգին և երկար զրուցում հետը: Նա վախենում է, որ կարող են իր հետ վատ վարվել, եթե ուրիշ զորամասում ծառայի: Ես բացատրում եմ, որ հետևելու եմ իր ծառայությանը, որտեղ էլ լինի, ու նրան եմ փոխանցում իմ հեռախոսահամարը: Մեզ հետ են նաև Ստեփանակերտից Գարիկը և Արամը, որոնք նույնպես ուրախանում են Գևորգին առաջնագծից ետ քաշելու համար:

Օրը անցնում է սովորական դարձած ռեժիմով, որը հոգնություն է բերում: Գալիս-գնում են տարբեր տեսակի ու չինի մեծամեծեր, խորհուրդներ են տալիս, հեռանում: Երկու կողմում էլ ինժեներական աշխատանքներ են ընթանում: Մենք էլ մեր հերթին հողի տակ սառնարան ենք կառուցում, որ ջուրը պահենք: Օրը անցնում է անհետաքրքիր:

 

Շարունակելի

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Ճակատագրեր


31/08/2016