Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԸ ԻՄ ՏՈՒՆՆ Է



ԶՈՐԱՄԱՍԸ ԻՄ ՏՈՒՆՆ ԷՆերկայացնում ենք մայոր ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցը գնդապետ ՀՐԱՅՐ ԱԹՈՅԱՆԻ հետ

 

Փառահեղ մարտական ուղի անցած, բազում հաղթանակներ կռած եւ ադրբեջանական գերությունից տասնյակ բնակավայրեր ու քրիստոնեության վաղ շրջանի հարյուրավոր մշակութային կոթողներ ազատագրած զորամասը, որի հրամանատարն է հայոց զինուժի երիտասարդ սերնդի ուսյալ եւ օժտված սպաներից մեկը՝ գնդապետ Հ. Աթոյանը, այսօր էլ շարունակում է վստահորեն կատարել իր առջեւ դրված մարտական առաջադրանքը:

 

-Պարոն գնդապետ, այսօրվա երդման արարողությամբ ավարտվեց զորամասի ընթացիկ փուլի ամբողջական համալրումը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Թեպետ արձակուրդում եք, բայց եկել եք ծառայության վայր…

– Այս օրը բոլորիս համար է նշանակալի: Ե՛վ զորամասի, և՛ զինվորների, և՛ նրանց հարազատների: Զորամասը հրամանատարի առաջին տունն է: Ասում եմ առաջին, քանի որ իմ օրվա մեծ մասը անցնում է զորամասում: Տան տերը չի կարող չմասնակցել իր օջախի  ուրախությանը, թեկուզ՝ ոչ պաշտոնապես: Ինչ վերաբերում է համալրմանը, ասեմ, որ զորամասի համալրումը շարունակական, անընդհատ գործընթաց է, որը իր հետ նորանոր խնդիրներ է առաջադրում:

– Լավ ասացիք՝ տանտեր: Իսկ «տան» պայմանների մասին ի՞նչ կասեք:

– Այսօր զինվորի ծառայության համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Խնդրեմ, շրջեք զորանոցներով, զորամասի տարածքով, այցելեք ճաշարան, ինքներդ տեսեք ու համոզվեք, թե ինչ պայմաններ են ստեղծվել ծառայության համար: Այսօր զորամասում զինվորական երդման արարողություն է, և ինքներդ տեսաք, թե ինչքան մարդ էր եկել մասնակցելու այդ տոնակատարությանը: Ինչքան մարդ, այդքան աչք ու հայացք, նույնքան կարծիք: Եթե ինչ-որ մի բան լավ չլինի, հաստատ մարդկանց աչքից չի վրիպի:

– Գաղտնիք չէ, որ զորամասը իր առջև դրված մարտական բարդ ու դժվարին առաջադրանքը դժվարին պայմաններում է կատարում: Նկատի ունեմ և՛ տեղանքը, և՛ եղանակը, և՛ պայմանները:

– Իրոք, պահպանության առումով դժվար հատված է՝ լեռներ, ձորեր, անտառներ… Բարդ ռելիեֆային լուծումներով ու դժվարին բնակլիմայական պայմաններով տեղանք է: Բնության տարերքը տարվա բոլոր եղանակներին այստեղ իրեն անխտիր զգացնել է տալիս: Վստահեցնում եմ, որ ի հեճուկս բնական ու անբնական դժվարությունների, զորքը պետական սահմանի պահպանությունն իրականացնում է   գերազանց:

-Իսկ զինատեսակների, սպառազինության առումով…

– Զինատեսակների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ծավալի և ընդգրկվածության առումով վիճակը գերազանց է, և մենք կարող ենք մեր առջև դրված խնդիրները իրականացնել ամենաբարձր մակարդակով ու նշված ժամկետներում:

-Պարոն գնդապետ, Դուք՝ որպես մարտական անչափ կարևոր առաջադրանք կատարող զորամասի հրամանատար, ծառայության ընթացքում ամենից շատ ինչի՞ն եք ուշադրություն դարձնում:

– Ամեն ինչին: Մարտական ծառայության մեջ մանրուքներ չեն լինում: Հրամանատարի համար՝ առավել ևս: Ինձ՝ որպես հրամանատարի, հետաքրքրում է ծառայության հետ կապված ամեն մանրուք՝ սկսած մաքրությունից ու կարգապահությունից, վերջացրած միջանձնային հարաբերություններով, զինվորին տրվող սննդով, նրա հագ ու կապով:

– Ի՞նչ հաճախականությամբ եք դիրքերում լինում:

– Երկու օրը մեկ՝ պարտադիր: Իմ տեղակալներն էլ, ծառայությունների պետերն էլ  ամեն օր պարտադիր լինում են առաջնագծում:

– Եվ վերջում՝ ինչպե՞ս կբնութագրեք Ձեր հրամանատարությամբ ծառայող զինվորին:

– Սահման պահող մեր զինվորները ամենահայրենասեր, ամենաանձնազոհ ու քաջ տղաներն են: Ես անվերապահորեն հավատում և վստահում եմ իմ զինվորի ոգու ուժին, նրա հավատի ամրությանը:

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Ազգային բանակ


31/08/2016