Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻՆ



ԾԱՌԱՅԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻՆԱռավոտյան տողան, պարապմունքներ, ինքնապատրաստություն, երեկոյան զբոսանք… Ահա զինվորականի առօրյան: Ալիկ Կոստանյանն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ծառայում է հայոց բանակում: Ապրիլյան պատերազմի մասնակից է. «Մեզնից ոչ մեկը չէր պատկերացնի, թե մի օր կարթնանանք ու կգնանք մարտական խնդիր կատարելու: Ունեցանաք թանկ կորուստներ, մնացին լավ ու վատ հիշողություններ: Գիշերն աստղերին նայելիս դեռ բնազդորեն անօդաչու թռչող սարք ենք փնտրում…»:

Ալիկը նկարիչ է: Մասնակցել է նաև համաբանակային մրցույթների և գրավել մրցանակային տեղ. «Սպաները շատ հարցերում ընդառաջում են, յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում արվեստագետ զինվորիս նկատմամբ»:

Զինվոր Ալիկ Կոստանյանը նկարչությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց,  ինչպես ինքն է ասում՝ մանկական խզբզանքներով: Ուսանել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

Մինչեւ զորակոչվելը հիմնականում կատարել է ֆիգուրատիվ աշխատանքներ և բնապատկերներ: Դրան զուգահեռ զբաղվել է նաև մատիտանկարով՝ պատկերելով հին Երևանի տեսարանները՝ Կոնդը, Բյուզանդի փողոցի տները: «Ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում առաջնային խնդիր եմ դարձրել նկարի մեղմ հումորն ու գունային պայծառությունը: Շատ եմ ձկներով, խեցգետիններով նատյուրմորտներ նկարել»:

ԾԱՌԱՅԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻՆԵվ չէր կարող զինվորական առօրյան իր անդրադարձը չստանալ Ալիկի աշխատանքներում. «Երբ Ասկերանում էի, ծառայությանս մեծ մասն անցկացնում էի զորամասի փիրուզագույն շենքերն ու ծառերը նկարելով, ընկերներիս դիմանկարներն անելով: Մի անգամ ուշադրությունս գրավեց հրանոթը. անհամբեր սպասում էի իմ մատիտներին, որպեսզի նկարեմ: Երկու գրաֆիկա արեցի՝ հրանոթը ավելի լավ ուսումնասիրելուց հետո: Անհնար է, որ բանակային առօրյան չամփոփվեր նկարներումս»:

Տանը նկարված աշխատանքների առաջին գնահատողը մայրն էր:  Հիմա նրա ստեղծագործությունների առաջին քննադատները զինվոր ընկերներն են. «Ինձ համար ամենակարևորը իմ լավ ընկերոջ, լավ կուրսղեկի՝ Արթուր Շարաֆյանի կարծիքն է»:

Ալիկը հիմա իր նկարներում շատ է օգտագործում մոխրագույնի ու դեղինի համադրությունը: Վատմանի ամբողջ չափսով եկեղեցի է պատկերել՝ օգտագործելով այդ երանգները: Այս նկարը բոլորից շատ է առանձնանում Ալիկի մյուս աշխատանքներից:

Մի քանի ամսից Ալիկը կզորացրվի: Կշարունակի կիսատ թողած ուսումը Թերլեմեզյանում: Եվ կմտնի մեծ արվեստի աշխարհ…

Լաուրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Հոգևոր-մշակութային


07/09/2016