Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՐԵՄՆ՝ ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԻ ԿԱՆԱՉԸ



ՈՒՐԵՄՆ՝ ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԻ ԿԱՆԱՉԸՕրերս Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում  Վահագն Շահբազյանի անդրանիկ ցուցահանդեսն էր: Ներկա էին զինակից ընկերները, զինվորներ,  արվեստագետներ:

Փոխգնդապետ Վահագն Շահբազյանը 1992թ.-ից ծառայության է  անցել ՀՀ զինված ուժերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

2015թ ապրիլից ծառայում է գլխավոր շտաբի կադրերի վարչությունում՝ որպես բաժանմունքի պետ:

 

Ապրում է մարդն առօրյա կյանքով, սովորական ռիթմով, մեկ էլ հանկարծ մի փոքրիկ դիպված… ու  նոր աշխարհներ, նոր  հորիզոններ են բացվում նրա ներսում… Այդպես եղավ նաև փոխգնդապետ Վահագն Շահբազյանի  հետ:

Մայրաքաղաքային գնդում ծառայության ժամանակ մի նկարիչ զինվոր խնդրեց օգնել իրեն՝ սահմանված ժամկետում ավարտելու հրամանատարության հանձնարարած նկարը:

Դե, խնդրեցին, ինքն  էլ օգնեց, նկարն էլ այնքան հաջող ստացվեց, որ զինվորը զարմացած հարցրեց. «Պարոն փոխգնդապետ,  նկարչությա՞մբ եք զբաղվել»:

ՈՒՐԵՄՆ՝ ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԻ ԿԱՆԱՉԸԱռաջին փորձն էր: Հաջողությունից ոգևորված՝ հանգստի ժամերն արդեն  անցկացնում էր կտավի առաջ:

-Սկզբում  գույների աշխարհն  ավելի լավ ընկալելու համար արտանկարում էի հայտնիներին՝ Դալի, Բրյուլով… Ինձ  ասում էին՝ պետք է ունենաս քո ձեռագիրը, քո ոճը, ես էլ  սկսեցի իմը որոնել: Առաջին ինքնուրույն գործս Մալիշկա գյուղի եկեղեցին էր: Հիշում եմ՝ դանդաղ էի նկարում, լուսանկարչական ճշգրտությամբ  ու  ամենայն բծախնդրությամբ՝  քարը քարի վրա դնելով: Ասես նորից կառուցում էի եկեղեցին….

Եվ այսպես արդեն տասը տարի փոխգնդապետն ապրում է գույների աշխարհում, 60-ից ավելի կտավ ունի… Որքան էլ զարմանալի է՝ պատերազմական թեմաները բացակայում են զինվորական-նկարչի գործերում: Նրա կտավները կյանքի ձոներգ են…. Բնություն, եկեղեցիներ… Գույների եւ լույսուստվերի  թրթռուն խաղն այնքան իրական է ու տպավորիչ,   կապտասպիտակի նուրբ գունահարաբերումներն այնքան սահուն են, որ դիտողը կարծես զգում  է օդի թափանցիկությունը:  Մի  կտավից  արեւի տաք, կենարար շունչն է հորդում, մյուսում՝ աշնան կարմիր տերեւները հրդեհել են դատարկված պուրակը: Մեկ այլ պատկերում էլ  ձյան մեջ կորած ոտնահետքեր են, թվում է՝  հեռվից հիմա, ուր որ է, ականջիդ կհասնի ոտնաձայների ճռճռոցն, ու  կզգաս սառնամանիքի  կտրող պաղությունը….

Ասում են՝ տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր.  մի գաղտնիք էլ բացեմ ՝ փոխգնդապետը նաև  բանաստեղծություններ է գրում, որոնք իրենց ջերմությամբ ու անկեղծությամբ նկարներին չեն զիջում:

 

Մանկության լուսանկար

Համարձակ, հերարձակ տարիներ,

Դուք անցնում եք ու ետ չեք նայում,

Չեք ասում` թողել ենք մենք այնտեղ,

Կրծոտած խնձորով մի մանուկ:

Չեք ասում, թե այս ու՞ր ենք շտապում,

Իրար պոչ ծայր ծայրի ագուցված:

Քարավան եք, աշխարհն եք տանում

Ամենքին, ամենքին մոռացած:

Կա՛նգ առեք դուք մի պահ ու ծնկեք

Այս կյանքի ավազին շիկացած,

Ուղտի լեռ-սապատից ինձ պոկեք,

Չեմ ուզում, չեմ գալիս, դրեք ցած:

Չեմ ուզում ձեր նոր դարը տեսնել,

Չեմ գալիս ես ձեզ հետ ապագան,

Դրեք ցած, ես գնում եմ գտնեմ

Խնձորով այն փոքրիկ երեխան:

 

ՈՒՐԵՄՆ՝ ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԻ ԿԱՆԱՉԸԱրվեստագետ զինվորականի հոգում մանկության գույները երբեք չեն խամրում.

-Ես վստահ եմ, որ ամեն մարդու մեջ ապրում են ներդաշնակ  հնչյուններ, գեղեցիկ գույներ, զգայուն բառեր: Լավ կլիներ՝  բոլորն էլ կարողանային արտահայտել իրենց ապրումները, դարձնել երգ, տող, պատկեր….  Արվեստը մաքրում է, ազնվացնում, հոգին դարձնում ավելի կարեկից, նուրբ ու զգայուն…Արվեստը բարձրացնում է, վեհացնում:

Հարցնում եմ փոխգնդապետին, թե որն է նախասիրած գույնը:

– Բոլոր երանգներն էլ են գեղեցիկ, բայց կանաչն է իմ սիրած գույնը՝ բնության ու երազանքի գույնը:

-Կանաչը նաեւ զինվորականներին բնորոշ գույնն է` բնությունն ու երազանքը պաշտպանողների գույնը,-լրացնում  եմ:

-Ուրեմն թո՛ղ թագավորի Կանաչը,- ասում  է  փոխգնդապետ  Վահագն Շահբազյանը:

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


07/09/2016