ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Տոն էր նաև Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում: Գիտելիքի օրը սկսվեց դպրոցի սաների Հայաստանի Հանրապետության դրոշը դպրոցի բակ դուրս բերելով, որից հետո հնչեց ազգային օրհներգը: Այնուհետև դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը ողջունեց և շնորհավորեց բոլոր ներկաներին և հատկապես առաջին դասարանցիներին:
Արդեն մի քանի տարի է, ինչ ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների այցը դպրոցներ: Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը այս տոնական օրվա կապակցությամբ այցելեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց: Նա իր շնորհավորական խոսքը ուղղեց ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին:
Գնդապետն իր խոսքում շեշտեց մատաղ սերնդի դաստիարակության հարցում ուսուցչական կոլեկտիվի անգնահատելի ավանդի և ծնողների կողմից տարվող դաստիարակչական պատասխանատու գործի մասին, որոնք դառնում են հիմնաքար առավել գրագետ, խելացի սերունդ կրթելու համար: Նա նշեց նաև, որ կրթությունը, լինելով ճշմարիտ դաստիարակության հիմք, կրթում է այնպիսի սերունդ, որն էլ ապրիլյան պատերազմի օրերին դարձավ բազմաթիվ սխրանքների կրողը:
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ընթերցվեց նաև Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը:
Դպրոցի սաները հյուրերին ողջունեցին երաժշտական համարներով, հենց դպրոցում սովորած ազգային երգ ու պարով:
Հանդիսության վերջում բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը և ծառայության պետ, փոխգնդապետ Լ. Դավիդյանը անցկացրին «Արիության դաս»՝ անդրադարձ կատարելով նաև քառօրյա պատերազմում իրենց կյանքը չխնայած մեր սպաների և 18-ից 20 տարեկան ժամկետային զինծառայողների սխրանքին և քաջագործություններին:
ԲԿ թղթակցական կետ
Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Բանակ և հասարակություն