Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ



ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸՍեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը: Քիչ այն կողմ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողն է՝ հայրենիքի համար մղված մարտերում ընկած մեր սպաներին հիշելու հավաքական հուշահամալիրը:

Տարածքը բերված է տոնական տեսքի: Խաչքարի մոտ կանգնած են պատվո պահակային զինծառայողներ և ԶՈՒ փողային նվագախումբը: Նախագահը եւ արարողության մասնակիցները ծաղիկներ են դնում խաչքարին, հարգանքի տուրք մատուցում:

Խաչքարի բացման պատիվը տրվում է զոհված զինծառայողներ կապիտան Զորիկ Գևորգյանի մորը՝ տիկին Հերմինեին, և փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի դստերը՝ Աստղիկին: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կատարում է խաչքարի օծման արարողությունը:

Խոսքը տրվում է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, զոհված սպայի մայր Սիլվա Մանասյանին:

-Դժվար է բացատրել այն, ինչ հիմա ես եմ զգում՝ հպարտություն, թախիծ, հուզմունք, կարոտ: Միախառնվել են վիշտն ու հիշողությունը, որոնցով մենք ապրում ենք և աղոթում: Մեր հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթող խաչքարը այսօր դարձավ սրբավայր, որը մեզ ջերմություն կտա և հաղորդակից կդարձնի մեր որդիներին: Նրանք այնքան շատ էին սիրում մեր հայրենիքը, որ իրենց կյանքը տվեցին հանուն նրա: Տիգրանս և իր մյուս ընկերները այս սուրբ հողի երդվյալ զինվորներն են, նրանք մեր արժանապատվությունն ու հպարտությունն են: Նրանք իրենց սխրանքներով բացեցին հավերժ ապրելու գաղտնիքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում իրավամբ նշեց, որ կատարելով ռազմական համալսարանից հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված սպաների հիշատակին նվիրված խաչքարի օծման կարգը՝ մենք ոչ միայն արժանին մատուցեցինք Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունների բոլոր զոհված շրջանավարտների գործած սխրանքին, այլև հզոր բանակ ու պաշտպանված պետություն կերտելու նրանց երազանքները փոխանցեցինք նորաբաց հրամանատարաշտաբային ֆակուլտետի բոլոր ունկնդիրներին:

Հուշարձանի մոտ գլուխ է խոնարհում երկրի նախագահը: Խաչքարի շուրջբոլորը ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ են:

Մենք բոլորս պարտք ենք նրանց:

Ա. ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Ազգային բանակ


07/09/2016