ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանցին հայերի մասին
Օրերս «Qafqazinfo.az» կայքում կարդացի Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազիի տպագրված բաց նամակը:
Նամակում Վ.Գազին պատմում է, որ նախօրեին հանդիպել է «Պատերազմի քամիները» համերգի ազդին, որի ծրագրում երաժշտության եվրոպական դասականների շարքում նշված էր նաև Արամ Խաչատրյանի անունը:
«Հիշեցի մանկությունս, երբ խորհրդային ֆիլմերի և հեռուստահաղորդումների մակագրություններում որոնում էի ադրբեջանական ազգանուններ: Գտնելուն պես չէի կարողանում հասկանալ` ադրբեջանցո՞ւ է, թե՞ մուսուլմանական մեկ այլ ժողովրդի ներկայացուցչի: Բայց յուրաքանչյուր հաղորդման մեջ պարտադիր հանդիպում էի հայկական և վրացական ազգանունների: Նվազագույնը՝ նվագախմբի դիրիժորը հայ էր:
Մի անգամ տեսնելով «Նիկոլո Պագանինի» ֆիլմի գլխավոր հերոսի` Վ.Մսրյանի անունը՝ հորս հարցրի.
-Հայերն ամեն տեղ են, մի՞թե նրանք այդքան շատ են:
-Նրանք շատ չեն, ուղղակի զարգացած են, ակտիվ և շրջահայաց: Աջակցում են միմյանց, այդ պատճառով էլ ամեն տեղ երևում են,- պատասխանեց հայրս»,- հիշում է Գազին:
Հեղինակը պատմում է, որ տարիների ընթացքում ինքն էլ էր վերոնշյալը նկատում ամենուր` Նյու Յորքի փողոցներում փայլատակող «Petrossian» ռեստորանի վիտրաժներից մինչև գյուղական գրադարաններ, որտեղ գովազդվում էր «Հայերի եղեռնը Օսմանյան Թուրքիայում» գիրքը:
«Ինձ չզարմացրեց այն, որ Արամ Խաչատրյանի Սյուիտը՝ գրված հեռավոր 40-ականներին խորհրդային «Ստալինգրադի ճակատամարտը» ֆիլմի համար, ներառված է փոքրիկ քաղաքի նվագախմբի երգացանկում:
Ասածս ի՞նչ է: Մենք պարտվեցինք ոչ միայն Ղարաբաղում (եւ մեղավորները, իհարկե, Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան, քրիստոնյա աշխարհը, մասսոններն են, բայց ոչ մենք), -եզրահանգում է հեղինակը, ապա շարունակում,-Այո՛, մենք չգիտեինք, որ Ղարաբաղում պարտվեցինք ոչ միայն «միացումականներին»: Մենք պատերազմում պարտվեցինք մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ` Միկոյանին, իրավապաշտպանության ասպարեզում` Ալիխանյան-Բոներին, այլախոհության մեջ` Պարույր Հայրիկյանին, դասական երաժշտության մեջ` Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտությունում` Միշել Լեգրանին, ջութակահար Սամվել Երվինյանին, դուդուկահար Ջիվան Գասպարյանին, ուդում` Ջոն Բերբերյանին, էստրադայում` Շառլ Ազնավուրին, գրականության ասպարեզում` Վիլյամ Սարոյանին, գեղանկարչությունում` Այվազովսկուն, կինոյում` Փարաջանովին, դերասանական արվեստում` Ջիգարխանյանին, նորաձեւության հարթակում ` Քիմ Քարդաշյանին, բիզնեսում` Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ` Ջերալդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում` Արտյոմ Միկոյանին, աստղոֆիզիկայում` Համբարձումյանին, վարսավիրության մեջ` Մովսեսին, արհեստում` Աշոտին, թթու դնելու մեջ` Հայկանուշին»:
Ինչպես նշում է Գազին, այս հայտնի անուններից յուրաքանչյուրը հաջողության է հասել, ճանաչելի է դարձրել իր ժողովրդին, քանի որ նրա թիկունքում եղել են բազմաթիվ հայեր, միավորված հասարակություն:
«Նրանք ձեռք են մեկնում ընկածին, սատարում են ոտքի կանգնողին: Գիտության, քաղաքականության, արվեստի, սպորտի, զինվորական բնագավառներում հաջողության հասնելու նպատակով հինգը մեկի համար ճանապարհ են հարթում: Չեն վարկաբեկում առջևից գնացողին, չեն խանգարում, չեն վատաբանում, փոս չեն փորում», – ամփոփում է Գազին:
Թարգմանեց գնդապետ
Ա.ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆ
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ռազմաքաղաքական