ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԶՈՒ անցկացված տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժության սցենարի, ՀՀ ՊՆ երրորդ բանակային զորամիավորման պատասխանատվության գոտում, այն է՝ հյուսիսարևելյան սահմանի ողջ երկայնքով, սեպտեմբերի 7-ին, ժամը 6.00-ին հակառակորդը սանձազերծում է հարձակողական լայնածավալ ռազմական գործողություններ` կիրառելով օդուժ, տանկեր, հրասայլեր, այլ զինատեսակներ ու հետևակային ստորաբաժանումներ: Անխնա հրետակոծվում են անգամ սահմանամերձ բնակավայրերը:
Այցելեցինք սահմանամերձ բնակավայրերից մեկը: Համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ կան ավերածություններ. հրետակոծությունից ամբողջովին ավերվել են հինգհարկանի շենքերից մեկի երկրորդ մուտքի վերջին հարկի բնակարանները և մեկ եռահարկ շենք` ամբողջովին: Մասամբ վնասվել է գազատարը, սակայն տեղի ուժերով գազի փականը անմիջապես փակվել է: Հրդեհի երկու օջախի շիջման աշխատանքները նույնպես կատարվել են բնակիչների և աշխարհազորայինների ուժերով: Խաղաղ բնակչության շրջանում ունենք երկու զոհ, հինգ վիրավոր: Չնայած այս ամենին, գյուղում խուճապ բոլորովին չկա: «Ինչ խուճապի մասին կարող է խոսք լինել, երբ այստեղի բնակիչն արդեն քսանվեց-քսանյոթ տարի ապրում է կրակոցների մեջ, մերոնց գլխով էնքան բան է անցել, մերոնք խուճապի մատնվող չեն»,- վստահեցրեց գյուղապետը: Նրանք, ովքեր ընդգրկված չեն գյուղի պաշտպանության խնդիրների մեջ, տարհանվել են ապահով վայր, իսկ ընդգրկվածներն ամբողջովին լծվել են բնակավայրի պաշտպանությանը: Ռազմական ոստիկանության աշխատակիցներ, շրջիկ պարեկներ ավագ լեյտենանտ Բագրատ Դավթյանն ու ավագ ենթասպա Գարեգին Մելիքյանը բնակավայրի տարածքում անցանկալի մարդկանց չէին պատահել: Փողոցներում նաև նկատեցինք զինված աշխարհազորայինների, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեն ՌՈ շրջիկ պարեկներին:
Մեր առաջապահ ստորաբաժանումների համարժեք ու վստահ գործողությունների շնորհիվ, մի քանի ժամ տևած թեժ մարտերի ընթացքում, թշնամին կրելով կենդանի ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստ, ետ է շպրտվել:
Մեր դիրքապահները շարունակում են վստահորեն վերահսկել իրադրությունը:
Զորավարժության շրջանակներում եղանք մարտական հենակետերից մեկում: Ներկայացնում է պայմանագրային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հ. Մկրտումյանը.
– Անձնակազմը փայլուն կատարեց մարտական խնդիրը՝ չտալով ոչ մի զոհ ու վիրավոր: Հենակետում բարոյահոգեբանական վիճակը կայուն է, թիկունքային ապահովումը՝ կատարյալ, ռազմամթերքը՝ շատ…
Բոլորն իրենց հանդերձանքի հետ ունեն նաև անհատական մանրէազերծված վիրակապական բժշկական փաթեթ, որտեղ մանրամասն նշված է օգտագործման ձևը: Բազմակի ավելացել է դիրքապահ զինվորներին տրվող զինամթերքի քանակը: Հենակետը զինված է արդիացված զինատեսակներով, ինչպես նաև գիշերային ջերմատեսիլ և հեռակառավարվող թռչող սարքերով:
Հագնելով ինձ տրամադրված զրահաբաճկոն ու սաղավարտ՝ շարժվում եմ առաջնագիծ, որի պահպանությունը վստահված է պայմանագրային զինծառայողներին:
Դիտորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Կարեն Դավթյանը ներկայացնում է իրադրությունը.
– Հակառակորդը վաղ առավոտյան ականանետային տարբեր զինատեսակներից ինտենսիվ ձևով սկսեց գնդակոծել մեր դիքերը: Այդ մասին անմիջապես զեկուցեցի հենակետի ավագին և դիմեցի համարժեք գործողությունների, ինչի արդյունքում լուսաբացին թշնամին արդեն լռեց և հաստատվեց հարաբերական անդորր:
Մեզ հանդիպած հաջորդ դիրքապահը կրտսեր սերժանտ Գոռ Մեջլումյանն է, որն էլ ներկայացնում է առավոտյան կռվի որոշ մանրամասներ.
– Երբ հարձակումը եղավ, անմիջապես զեկուցեցի դիրքի ավագին ու իմ ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով անցա թշնամու հարձակմանը հակազդելու համարժեք գործողությունների: Համաչափ և դիպուկ կրակ վարելով՝ կասեցրի վերջինիս առաջխաղացումը:
Գնդացրորդ, շարքային Արմեն Աբգարյանն էլ է մասնակցել հակառակորդին պատժելու գործողություններին` իրեն ամրակցված գնդացրով մի լավ դաս տալով նրան:
– Այժմ հարաբերական անդորր է, իրավիճակը լիովին վերահսկվում է մեր ստորաբաժանումների կողմից,- վստահեցրեց փորձառու պայմանագրայինը:
Շարքային Մամիկոն Գրիգորյանի ծառայության մեկ տարին դեռ չի բոլորել, սակայն արդեն հասցրել է աչքի ընկնել բարեխիղճ ծառայությամբ: Ճանաչված հեռուստալրագրող Արթուր Գրիգորյանի հարցին, թե կարողանում ես դժվարություններին դիմանալ, դիրքապահը պատասխանեց.
– Ես իմ կամքով եմ անցել ծառայության: Որ մտել եմ ծառայության, ուրեմն պատրաստ եմ ամեն ինչի: Ես իմ Հայրենիքը, իմ ծննդավայրն եմ պաշտպանում…
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում