Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՏեղեկատվության տրամադրման ի՞նչ եղանակներ պետք է ընտրել, ի՞նչ պետք է անի լրագրողը պատերազմական իրավիճակում, ինչպե՞ս տեղեկատվություն հայթայթել և փոխանցել մարտական գործողությունների  վարման շրջանից, ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից:

Ապրիլի սկզբին Արցախում ծավալված մարտական գործողությունների վերլուծությունը ցույց տվեց, որ զգալիորեն աճել է տեղեկատվական ու քարոզչական աշխատանքի նշանակությունը զինված ուժերում, մասնավորապես, պատերազմական ժամանակաշրջանում: Միաժամանակ պարզ դարձավ, որ անհապաղ լուծում պահանջող բազմաթիվ հարցեր կան:

Թեմայի մասին վերջին ամիսներին շատ է խոսվել, հատկապես այն համատեքստում, որ համակարգված տեղեկատվության բացակայությունը կարող է շփոթմունք առաջացնել ազգաբնակչության շրջանում, իսկ ճիշտ և ուղղորդված  տեղեկատվությունը կնպաստի մարտական ոգու ամրապնդմանը:

Լրատվամիջոցների և զինված ուժերի համագործակցության կանոնակարգման շրջանակներում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման պատասխանատվության գոտում սեպտեմբերի 6-7-ը անցկացվեց մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն: Փորձարարական զորավարժության ժամանակ խաղարկվեց մարտական գործողությունների ընթացքում պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների փոխհամագործակցության կազմակերպումը:

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶորավարժության նպատակն էր պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների աշխատակիցների շրջանում ձևավորել անհրաժեշտ հմտություններ մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, ներկայացնել մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:

Զորավարժությանը որպես դերակատարներ ներգրավված էին նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված սահմանափակ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Զորավարժության շրջանակում բացազատվեց «Տավուշ» տեղեկատվական կենտրոն՝ զանգվածային լրատվամիջոցներին մեկ միասնական, հավաստի տեղեկատվություն տրամադրելու նպատակով: «Տավուշ» ՏԿ-ին կից ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժնի ուժերով ու միջոցներով կահավորվեց պահակակետ, որտեղ հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվեց ՌՈ տարածքային բաժնի պետի կողմից վավերացված «Տավուշ» տեղեկատվական կենտրոն մուտք գործելու թույլտվության հավաստագիր: Հաշվառվեցին հավաստագիր ստացած ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձայնագրման և տեսագրման սարքերը:

Զորավարժության սցենարի համաձայն՝ «Տավուշ» ՏԿ-ում անցկացվեց  բրիֆինգ, որի ընթացքում լրագրողներին ներկայացվեց իրավիճակը: Առավոտյան հակառակորդը պետական սահմանի ողջ երկայնքով ռազմական գործողություններ է սկսել՝ կիրառելով հրետանային, ավիացիոն ստորաբաժանումներ: Երկուստեք կան կորուստներ: Հայկական զինված ուժերը կատարել են ուժերի վերախմբավորում և նախնական կորուստներից հետո կարողացել են հետ գրավել առաջնային դիրքերի մեծ մասը: Ոչնչացվել է նաև թշնամու դիվերսիոն-հետախուզական մի քանի խումբ: Խաղաղ բնակչությունը անհրաժեշտության դեպքում տարհանվում է: «Մեր հետախուզական մարմինները նախօրոք բացահայտել են հակառակորդի պլանները, եւ Տավուշի տարածաշրջանում զինված ուժերը ծածուկ անցել են պաշտպանության, ինչի արդյունքում հնարավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը բոլոր ուղղություններով»,- հայտնեց «Տավուշ» տեղեկատվական կենտրոնի պետ, գնդապետ Հայկ Պետրոսյանը:

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԲրիֆինգի ավարտից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրամադրվեց պայմանական մարտական գործողությունների շրջաններում լրագրողական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն և «PRESS» տարբերանշանով զրահաբաճկոններ ու սաղավարտներ:

Ուղեկցող սպայի հետ միասին լրագրողական խմբերը մեկնում են ոչ ինտենսիվ մարտական գործողությունների վարման շրջաններ, այցելում սահմանամերձ բնակավայրեր: Խաղարկվում են մարտական գործողությունների ընթացքում լրագրողական աշխատանքների իրականացման դրվագներ, կատարվում են նկարահանումներ: Մինչև սահմանված շրջան հասնելը լրագրողներին դիմավորում է Ռազմական ոստիկանության հսկիչ-կարգավորման կետը: Մանրակրկիտ ստուգվում է յուրաքանչյուր լրագրողի հավաստագիրը, անձը հաստատող փաստաթուղթը և այլն: Առաջին արգելափակոցն անցնելուց հետո լրագրողները մեկնում են մարտական հենակետ, տեղում զրուցում մարտական գործողությունների մասնակցած զինծառայողների հետ, ծանոթանում իրավիճակին: Լրագրողները համոզվում են, որ զինվորները միշտ պատրաստ են հակառակորդի սադրանքները դիմակայելու:

Քիչ հետո էլ նրանք գյուղերում են: Սահմանամերձ Կոթիում նրանց դիմավորում է գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, խոսում գյուղացիների կրած մարդկային և նյութական կորուստների,  խաղաղ բնակչությանը տարհանելու հնարավորությունների մասին: Գյուղամեջում հավաքված են գյուղի մեծերը: Երիտասարդները հիմնականում անդամագրվել են կամավորական ջոկատին և հերթապահություն են իրականացնում՝ համագործակցելով զորամասի հրամանատարական կազմի հետ: Հայկական զինված ուժերի գործողությունների շնորհիվ կյանքը գյուղում շարունակվում է բնականոն հունով, գործում են դպրոցն ու մանկապարտեզը:

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱյդ ընթացքում սցենարի համաձայն՝ սահմանամերձ գյուղերում փորձում են իրենց աշխատանքն իրականացնել նաեւ «Տավուշ» տեղեկատվական կենտրոնում չհավատարմագրված լրագրողներ, սակայն դա նրանց չի հաջողվում: Գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կասեցվում է նրանց աշխատանքը, այնուհետեւ պահակակետերի և շրջիկ պարեկների ուժերով կազմակերպվում են նրանց հայտնաբերման և հակազդման միջոցառումներ, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նրանք տեղափոխվում են տեղեկատվական կենտրոն, որտեղ արված տեսագրություններն ու ձայնագրությունները ջնջվում են:

Լրագրողների աշխատանքին հետեւում էին պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը, Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը եւ այլ բարձրաստիճան զինվորականներ:

Զորավարժության արդյունքներն ամփոփվում են լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված բրիֆինգի ընթացքում: Մանրամասն քննարկվում և վերլուծվում են իրականացված աշխատանքները, զորավարժության ընթացքում արձանագրված որոշակի բացթողումները:

Այսպիսով, խաղարկային սցենարով նախատեսված գործողություններն ավարտվեցին: Դրան հաջորդեց զորավարժություններին մասնակից լրատվամիջոցների եւ զինվորականների քննարկումը՝ առկա բացթողումներն առանձնացնելու եւ դրանց լուծում գտնելու, գրանցված հաջողությունները շեշտադրելու համար: Կարևորվեց տեղեկատվական հոսքերը կարգավորելու խնդիրը՝ այն համոզմունքը ամրագրելու համար, որ սեփական զինված ուժերը ունակ է ապահովելու բնակչության անվտանգությունն ու հայրենի սահմանների անառիկ պաշտպանությունը:

 

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՅԱՆԱ ՇԱԽՐԱՄԱՆՅԱՆ

Aysor.am

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր էր նման զորավարժության անցկացումը: Դրա պակասն զգացվեց հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ, այնուամենայնիվ, որոշակի անկազմակերպվածություն նկատվեց լրատվամիջոցների աշխատանքում: Անհրաժեշտ է կանոնակարգել այս դաշտը, և առաջին հերթին իրավական կարգավորման մասին պետք է խոսել: Այսինքն՝ մենք ունենք կամ ռազմական դրություն, կամ խաղաղ պայմաններ, ինչ-որ միջանկյալ վիճակ չկա: Իսկ ռազմական դրություն նույնիսկ ապրիլին Արցախում չէր հայտարարվել: Բացի այդ Տավուշը սահմանային մարզ է, իսկ գյուղերի մեծ մասը հենց սահմանապահ է, դրանից ելնելով պետք է ունենալ հատուկ կարգավիճակ և աշխատելու ձև բոլոր լրագրողների համար, և այդ ամենը պետք է իրավական ձևակերպում ունենա, ոչ թե միայն բարի կամքի դրսևորում լինի: Արծարծվեց նաև կրթության հարցը: Ոլորտը լուսաբանող լրագրողները պետք է տեղյակ լինեն զենքերից, զինվորական կոչումներից, անվտանգության կանոններից և այլն: Լրագրողների հետ աշխատող զինվորականները իրենց հերթին պետք է տեղյակ լինեն մեդիայի աշխատանքից, սկզբունքներից և այլն: Հուսանք, նմանատիպ զորավարժությունների անցկացումը շարունակական կլինի և դաշտը կկարգավորվի:

 

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱՆԻ ՌԱՓՅԱՆ,

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն

Զորավարժությունը շատ ուսանելի էր զինված ուժերի և լրագրողների փոխգործակցության ճիշտ կազմակերպման համար: Հասկանալով հանդերձ, որ առաջին անգամ էր նման վարժանք իրականացվում, գտնում եմ, որ այն  առավել օգտակար էր զինված ուժերի համար: Այնքանով, որ իրենք նկատեցին իրենց աշխատանքում առկա բացթողումները: Ցանկալի կլինի, որ լրագրողներին ընդգրկեն խաղարկային ավելի շատ դրվագներում: Հետաքրքիր էր զինված ուժերի ներկայացուցիչների և լրագրողների միջև ծավալված քննարկումը, որի ընթացքում երկկողմանի վերհանվեցին մի շարք խնդիրներ: Անձամբ ինձ համար ուսանելի էր նաև այն առումով, որ հրամանատարական կազմի հետ անմիջականորեն շփվելու, նեղ մասնագիտական միջավայրում աշխատելու բարդույթից դուրս գալու, հարցերը ճիշտ ձևակերպելու, արտակարգ ռեժիմով գործելու հնարավորություն ստացա:

 

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ,

«Արմենիա» հեռուստաընկերություն

Նման զորավարժության անցկացումը  անհրաժեշտ քայլ էր: Քանի որ առաջին անգամ էր, կային բացթողումներ: Բայց իմ կարծիքով՝ զորավարժությունը հենց դրա համար է, որ գործընթացի մեջ մասնակիցները հասկանան իրենց բացթողումները: Տարբեր հարցերի մասին միայն խոսելը արդյունավետ չի լինում: Միայն վարժանքի ընթացքում և՛ լրագրողները, և՛ զինվորականները տեսան թերությունները: Գործնական պարապմունքներից հետո եղան բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործման դեպքում կստացվի լիարժեք և գրագետ համագործակցություն: Դրանից կշահեն և՛ լրագրողները, և՛, չեմ ասում բանակը, այլ ամբողջ պետությունը, քանի որ չի տարածվի սխալ ինֆորմացիա, չեն ցուցադրվի կադրեր, որոնք կծառայեն հակառակորդին և այլն:

 

ԱԼԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հանրային ռադիո

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԼրատվամիջոցների հետ անցկացվող այս միջոցառման գաղափարն արդեն կարևորում եմ, քանի որ պատերազմի հարատև վտանգի առջև կանգնած մեր երկրում դաշտը կանոնակարգելու և պաշտպանություն-տեղեկատվություն համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու պահանջը վաղուց հասունացել էր:

Հասկանալով, որ գաղափարն ընդամենը խմորումների փուլում է, ներկայացնեմ մի քանի դիտարկումներ, որոնք, հուսամ, օգտակար կլինեն:

Առավել արդյունավետ եմ համարում սպա-լրագրող համատեղ աշխատանքը հենց իրադարձության վայրում: Այս ամենը առավել քան կարևոր է, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի արագությամբ կարող են զարգանալ իրադարձությունները պատերազմական իրավիճակում: Սա կարող է լուծել նաև լրագրողների աշխատանքի օպերատիվության հարցը, որը զորավարժության ընթացքում արձանագրած, թերևս,  ամենալուրջ խնդիրներից մեկն էր:

Մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժությունը, ընդհանուր առմամբ, արդյունավետ էր:

 

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

մայոր

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/09/2016