Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ» ՀԵՏՔԵՐՈՎ



Պատմական փաստերի կեղծարարությունն ու խեղաթյուրումը նոր երեւույթ չէ Ադրբեջանի համար. այն լայնորեն կիրառվել է ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ` դրանից հետո: Բոլոր ժամանակներում էլ այս գործին են լծվել հարեւան հանրապետության գիտնականներն ու մտավորականները, քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները, շարքային քաղաքացիները: Պատմական փաստերի կեղծումը հետապնդում է տարբեր նպատակներ` սեփական պատմության «մութ» էջերը թաքցնելուց մինչեւ հարեւան պետությունների տարածքներին հավակնելը:

Այսպիսի օրինակներից է 1947-48թթ., իբր թե, Խորհրդային Միության հայազգի ղեկավարների նախաձեռնությամբ կազմակերպված Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների տեղահանությունը: Ուշագրավ է, որ այս խնդրին անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դեռ 1990-91թթ.` այն ժամանակ, երբ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերից հետո, հայերը հարկադրված էին զանգվածաբար լքել խորհրդային Ադրբեջանի տարածքը: Նպատակը մեկն էր` փորձել պատմականորեն «հիմնավորել» հայերի նկատմամբ բռնություններն ու տեղահանությունները:

Ըստ ադրբեջանական «տեսակետի»` 1947-48թթ. շուրջ 100 հազար ադրբեջանցի բռնի տեղահանվել է Հայաստանից, եւ բնակության նոր վայրերում հազարավորները մահացել են համաճարակներից: Նշենք, որ այս խնդրին անդրադարձել են ժամանակի հայ գիտնականները եւ հոդվածներ տպագրել հանրապետական մամուլում:

1947թ. վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի կոմկուսի քարտուղարներ Գ. Հարությունյանը եւ Մ. Բաղիրովը նամակով դիմում են Ստալինին` որպեսզի Ադրբեջանական ԽՍՀ որոշ շրջաններում աշխատուժի քանակն ավելացնելու, բամբակի մշակումը խթանելու եւ բերքատվությունը բարձրացնելու նպատակով Հայաստանում բնակվող շուրջ 130 հազար ադրբեջանցի վերաբնակեցվի Ադրբեջանում: Նույն նամակում նշվում էր, որ դա կխթանի նաեւ սփյուռքահայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան: Ի պատասխան այս նամակի` ԽՍՀՄ նախարարների խորհուրդը 1948թ. մարտին ընդունում է ադրբեջանցիների վերաբնակեցումը կազմակերպելու մասին մի շարք որոշումներ: Թե որքան կարեւոր էր այս գործընթացը Ադրբեջանի համար, վկայում է Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի բյուրոյի 1948թ. ապրիլի որոշումը, որով նախատեսվում էր զանգվածային բացատրական աշխատանք իրականացնել կոլտնտեսականների շրջանում վերաբնակեցումը խթանելու նպատակով: Նույն փաստաթղթում նշվում է, որ կոլտնտեսականների եւ ադրբեջանական բնակչության վերաբնակեցումը Քուռ-Արաքսյան հովտում ունի քաղաքական մեծ կարեւորություն եւ վկայում է «կուսակցության եւ անձամբ ընկեր Ստալինի` Ադրբեջանական ԽՍՀ կուլտուր-տնտեսական զարգացման հանդեպ ունեցած հոգատարության մասին»: Փաստաթղթում նաեւ նշվում էր, որ վերաբնակեցումը կնպաստի Մինգեչաուրի համակարգում ստեղծված նոր հողերի օգտագործմանը:

Վերաբնակիչների համար նախատեսվում էին հատուկ արտոնություններ. նրանք ազատվում էին մի շարք հարկերից ու պետական պարտավորություններից, նոր բնակարաններ կառուցելու համար ստանալու էին ֆինանսական աջակցություն: Վերաբնակիչների այն մասը, որ չէր հաստատվելու Քուռ-Արաքսյան հովտում, ստանալու էր դրամական փոխհատուցում, ինչը կենտրոնը հատկացնելու էր Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդին:

Սա, ինչպես ասում են, ծրագրի արտաքին` քարոզչական կողմն էր: Իրականությունը մի փոքր այլ էր: Հազարավոր ադրբեջանցիներ հեռանում են Խորհրդային Հայաստանից եւ հաստատվում նախանշված բնակավայրերում: Բայց ադրբեջանական ղեկավարությունը չի ապահովում նրանց անգամ նվազագույն կենսական հարմարություններով, ինչը հանգեցնում է խոլերայի համաճարակի, որին զոհ են գնում բազմաթիվ մարդիկ: Ընդ որում` Հայաստանն այս տեղահանությունից ոչինչ չի շահում, քանի որ, նախ, ադրբեջանցիների թողած տները չեն բնակեցվում հայերով, եւ երկրորդ` սփյուռքահայերի հայրենադարձությունը 1948թ. ժամանակավորապես դադարեցվում է: Ինչ վերաբերում է վերաբնակիչներին, ապա նրանց զգալի մասը մինչեւ 1950թ. վերջը կրկին վերադառնում է Հայաստան եւ հաստատվում նախկին բնակավայրերում: Այդ մասին է փաստում վերաբնակեցման վարչության պետի տեղակալի` Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին ուղղված 1950թ. նոյեմբերի 20-ի նամակը. «…տեղի է ունենում Քուռ-Արաքսյան հովտում վերաբնակեցվածների զանգվածային ինքնակամ վերադարձ մեր հանրապետություն, քանի որ բնակլիմայական պայմանները ծանր են անդրադարձել նրանց վրա, իսկ տեղերում պատշաճ ուշադրություն չի դարձվել բնակիչների տնտեսական պայմանները ապահովելուն»:

Ինչպես տեսնում ենք, վերաբնակեցման նախաձեռնությունը պատկանել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանը, եւ հայերին ներկայացվող տեղահանության մեղադրանքն ավելի քան անհիմն է: Իսկ թե ինչու Ադրբեջանի իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց իսկ հայրենակիցներին, ինչի հետեւանքով եղել են հազարավոր զոհեր, դժվարանում ենք պատասխանել: Կարող ենք ասել միայն, որ սա բացառիկ դեպք չէ, երբ Ադրբեջանի ղեկավարության «անտարբերության» պատճառով մահանում կամ զոհվում են ադրբեջանցի քաղաքացիներ, որոնց մահվան պատճառը փորձում են վերագրել հայերին:

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Պատմության էջերից


06/07/2011