ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Ի՞ՆՉ Է ՆԱՎԱԿԱՏԻՔԸ
Նավակատիքը տաճարի խորանի կանգնեցման, տաճարի եւ Եկեղեցու օրհնության տոնն է: Հնում երեք անգամ եղավ տաճարի նավակատիք: Նախ՝ երբ Սողոմոնը կառուցեց տաճարը, ժողովեց ողջ Իսրայելը եւ սեպտեմբեր ամսին մեծ շուքով ու ճոխությամբ կատարեց տաճարի նավակատիքը: Երկրորդ անգամ, երբ Զորոբաբելը նորոգեց ավերված Երուսաղեմը եւ վերստին կառուցեց տաճարը, մարտ ամսին կատարեց տաճարը նորացնելու մեծ տոնը: Երրորդ անգամ Հուդա Մակաբայեցու ժամանակ կատարվեց տաճարի նավակատիքը, երբ Անտիոքոսի պղծած տաճարը վերստին սրբվեց: Դա եղավ դեկտեմբեր ամսին:
Սրանք են հնում կատարված տաճարի շինության եւ նորոգության տոները, որոնք մեծամեծ ու զարմանալի խորհուրդներ ունեն: Իսկ նորում առաքելավանդ կանոնով սահմանվեց, որ եթե որեւէ մեկը եկեղեցի կառուցի եւ սեղան կանգնեցնի, ութ օր նավակատիք կատարի Աստծու փառքի համար: Երբ սուրբ Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինեն, Երուսաղեմում կառուցեց սուրբ Հարության տաճարը եւ բոլոր Աստվածակոխ տեղերը զարդարեց, կայսրը կատարեց տաճարի նավակատիքը եւ կարգ սահմանեց՝ ամբողջ աշխարհում ամեն տարի տոնել Եկեղեցու նավակատիքը: Իսկ երբ սուրբ Գրիգորը կանգնեցրեց Վաղարշապատի սուրբ Կաթողիկեն, Տրդատ թագավորը մեծ նավակատիք արեց Հայոց Եկեղեցու հաստատության համար եւ սահմանեց ամեն տարի անխափան կատարել այդ տոնը:
Նավակատիքը մարդկային ցեղի հնացած բնության նորոգությունն է ակնարկում, քանզի Ավազանի մկրտությամբ մերկացանք ապականության հնությունից եւ արժանանալով որդեգրության շնորհին, Հոգու նորոգությամբ զգեստավորվեցինք նոր պատմուճանով՝ Քրիստոսով, ըստ առաքյալի խոսքի. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գաղատ. Գ 27): Եվ նորոգված մարդկային ցեղը՝ աստվածազգյաց մարդիկ, դառնալով Քրիստոսի Մարմնի անդամները՝ անվանվում են Սուրբ Եկեղեցի, երկնային Փեսայի Հարս, ինչպես նաեւ՝ Սիոն ու Թագուհի:
Բանական Եկեղեցու նորոգությունը ավելի մեծ ուրախություն է պատճառում եւ նավակատիքն էլ ավելի ճոխ է տոնվում, քանզի բանական հոգիների՝ կռապաշտությունից ու մեղքերից առ Աստված դարձը եւ նորոգությունն ավելի մեծ տոն է, քան նյութական տաճարի նորոգությունը: Քանի որ մկրտությամբ ու ապաշխարությամբ նորոգվում է մեղքի պատճառով հնացած ու ապականված մարդու սիրտը, ինչի մասին Դավիթն ասում է. «Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սաղմ. Ծ 12): Եկեղեցու նորոգմամբ երկիրը երկինք է դառնում, եւ Քրիստոս՝ երկնային Թագավորը, բնակվում է Եկեղեցում, այսինքն՝ մեր մեջ:
Եսային ասում է. «Նորոգվեցե՛ք Իմ առաջ, ո՛վ կղզիներ» (Եսայի Ա 1): Կղզիներ ասելով՝ Տերը դիմում է հեթանոսներին: Եվ հեթանոս հայերի հոգիների նորոգությունը նկատի ունենալով, մեր սուրբ Լուսավորիչը, ամռան առաջին ամսին, սահմանեց տոնել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
«ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ» ՏՈՆԸ
Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան դաշտի տոն», որովհետեւ այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոներից մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի, հինգշաբթի՝ Հովհաննես Կարապետի եւ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որոնց նշխարները սուրբ Գրիգոր Լուսավորիչը զետեղեց Տարոն գավառի Մուշ գյուղաքաղաքում իր կառուցած եկեղեցում: Շաբաթ օրը սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնն է, իսկ կիրակի՝ Սուրբ Էջմիածնի տոնը (այս տարի` հունիսի 26-ին): Սրանք այն սրբերն են, որոնց ճգնությամբ, հեղած արյամբ եւ սուրբ նշխարների վրա հաստատվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այդ պատճառով նրանց տոները նախորդում են Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, որը կարգել է հոգեկիր եւ առաքելաշնորհ սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Վիրապից ելնելուց, մեզ կենարար Ավետարանի ճշմարտության խոսքով լուսավորելուց, բագինները կործանելուց, դիվական տոները խափանելուց եւ տաճարը շինելուց հետո: Այդ պատճառով այն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է տոնում Պենտեկոստեին հաջորդող երկրորդ կիրակի օրը:
Արդ՝ Երուսաղեմում եւ աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին եկեղեցիներ, եւ հաստատվեցին տերունական տոներ: Ըստ այդմ եւ մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան երկրի բոլոր կողմերում հաստատեց եկեղեցիներ ու կարգեց տերունական տոներ, որից հետո Աստվածային հանճարով որոշեց կարգել եւ այս տոնը, որպես նավակատիք Ընդհանրական Սուրբ Եկեղեցու՝ խորհրդի օրինակ ունենալով հետեւյալը: Երբ մի աշխարհակալ թագավոր պատերազմում է ու հաղթում հակառակորդին, վերջինիս գերում է եւ իր զինվորների համար խաղալիք դարձնում: Ապա թշնամու կողմից գերված իր հպատակներին ազատում է գերությունից (որոնց սիրույն պատերազմելով վերքեր էր ստացել) եւ թշնամու ունեցվածքն ավար վերցնելով՝ նրանց մեջ բաշխում: Երբ նա այդպիսի զորավոր հաղթանակով վերադառնում է իր երկիրը, նրա սպասավորները սեղան են կազմում եւ ամեն տեսակի համեղ խորտիկներով, անուշահամ գինիներով նրան զմայլեցնում: Ապա արքային տանելով նստեցնում են իր գահին, որից հետո խրախճանք են կազմակերպում:
Այդպես էլ մեր երկնավոր Թագավորը մարդացավ, եկավ աշխարհ, կամավոր ընդունեց չարչարանքները, պատերազմեց մահվան իշխանի հետ, հաղթեց մեր ախոյանին եւ ընդունեց Իր մտերիմ սպասավորների հրավերը: Իսկ սպասավորները քաջալերված իրենց փրկությամբ՝ ավետարանում են Քրիստոս Արքայի բոլոր երախտիքները՝ սկսած ծնունդից ու մեր մեջ անճառելի խոնարհությամբ հայտնվելուց, պատմելով նաեւ Հայրենի տաճարին քառասնօրյա ընծայման, Հորդանանում մկրտության, կենարար չարչարանքների, Աստվածասքանչ Հարության, Համբարձման, Հոր աջ կողմում նստելու եւ Ամենասուրբ Հոգու էջքի մասին: Դրանով Տերն Ինքն էլ է ուրախանում եւ մեզ հետ տոնում մեր նորոգման ու փրկության տոնը, որին մասնակցում են նաեւ երկնային հրեշտակները, որոնք փառաբանում են Բարեգութ Հորը, Նրա Միածին Որդուն եւ կենսապարգեւ Սուրբ Հոգուն:
Այս տոնը նաեւ սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն կառուցված սուրբ Էջմիածնի տաճարի նավակատիքի տոնակատարությունն է եւ տեսիլքի հիշատակը: Ըստ այդ տեսիլքի՝ երկինքը բացվում է, եւ Աստծու Միածին Որդին Իր հրաթեւ ու լուսեղեն զորքերի ուղեկցությամբ իջնում է Վաղարշապատ քաղաքի շեն տեղը, մուրճով հարվածում է սանդարամետի մեհյանին եւ այն ջախջախելով խորտակում: Ապա սուրբը տեսնում է նախկին մեհյանի տեղում կանգնած ամպեղեն ու լուսեղեն մի տաճար՝ սյուներով ու կամարներով կառուցված: Արդյունքում՝ հայոց մեջ վերջնականապես ջնջվում է կռապաշտությունը եւ փոխարենը կանգնեցվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Եկեղեցու հայրապետական իշխանությունը, որով մարմնավորվում է Հայաստանում երեք դար շարունակ առաքելական քարոզությամբ ձեւավորված հավատը:
ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր