Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՐՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԸ



Պատերազմի այն օրերին ով եղել է ռազմի դաշտում, լավ կհասկանա, որ նայել մահվան աչքերին ու… ապրելը արդեն հերոսություն է, առավել եւս, երբ դու ես հրամանատարը, ու երբ քեզ մոռացած` մահվան աչքերին նայում ես ուրիշի փոխարեն…

– Ամեն անգամ, երբ «Սասունցիներ» ջոկատի տղաներով պատրաստվում էինք սահման դուրս գալ,- վերհիշում է հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն,- տղաների մայրերը գալիս էին մեզ ճանապարհելու։ Օրհնանք-բարեմաղթանքներից հետո, երբ մոտենում էին ինձ, ու մեր հայացքները հանդիպում էին, նրանց խոսքն այս էր.

-Աֆո՛, մե՛ր զավակ, հերոսացումի ճամփա եք բռնել՝ Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Չաուշի, Անդրանիկի ճամփան։ Աստված Ձեզ հետ, Ժամանակները չեն փոխվել. դուք Ձեր նախնիների նման պաշտպանն եք ազատության, արդարության,- այսպես էին ասում ու անարցունք, ժպիտով ճանապարհում: Հանդիմանանքի, բողոքի ոչ մի խոսք։ Սակայն ես երբեք չեմ մոռանա նրանց հայացքները։ Երբ Նյուվադիի, Բերդաձորի, Մալիբեյլիի, Խոջալուի մարտերից հետո տուն էինք դառնում, տեսնում էինք նրանց էլի նույն ժպիտով, սակայն ավելի ճերմակած։ Եվ ամեն անգամ նրանց հանդիպելիս, ուզում էի նրանց դիմել գոտեպնդող այս խոսքերով՝ «Պատերազմ են գնում որդիներն ու եղբայրները, հաղթում են մայրերն ու քույրերը»։

… Հրադադարի հաստատումից հետո նորից հավաքվեցին ջոկատի տղաներով։ Մայրերից նրանք, ովքեր վաղուց չէին հանդիպել Աֆոյին` իրենց սիրելի հրամանատարին, տեսան նրան ամբողջովին ճերմակած մազերով։ Նրանց հայացքները նորից հանդիպեցին։ Ու նրանք լուռ հասկացան միմյանց։

«Աֆո ջան, շնորհակալ ենք, որ մեր զավակներին տարար մեր Սասնա հերոսների ճամփով, Սասնա բարձրիկ սարեր բարձրացրիր նրանց ու անմահացրիր… Քո ջոկատի 42 տղաների մայրերի, քույրերի օրհնանքը քեզ, մեր որդի։ Քո ամենաթանկ, հավերժ, մնայուն պարգեւը մեր ողջ մնացած զավակներն են, որոնց պահել ես քո կյանքի գնով»,- կարելի էր կարդալ սասունցի մայրերի հայացքներում։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Հոգևոր-մշակութային


06/07/2011