ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ
Գեներալ-մայոր Լեւոն Կարապետյանը ծնվել է 1936-ին, Երեւանում։ Խորհրդային բանակում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է ՌՍՖՍՀ գերագույն խորհրդի անվան համազորային բարձրագույն ուսումնարան։ Զինվորական ծառայությունը՝ որպես սպա, սկսել է Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունում, եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատար, հետախուզական խմբի պետ, վաշտի հրամանատար։ 1967-ին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ եւ ծառայության անցել Հայաստանի Լենինյան շրջանի զինկոմիսարիատում` որպես բաժնի պետի օգնական։ Հետագա առաջխաղացումը եղել է զինկոմիսարիատի համակարգում, որտեղ հասել է ՀՀ գլխավոր զինկոմի տեղակալի պաշտոնին։ 1992-ին գնդապետ Լեւոն Կարապետյանը զինվորագրվել է հայկական բանակին։ Նա եղել է ՀՀ ԶՈւ կազմակերպչական-զորահավաքային վարչության հիմնադիրներից մեկը եւ առաջին ղեկավարը։ Լեւոն Կարապետյանը ԶՈւ կազմակերպչական-զորահավաքային վարչությունը ղեկավարել է մինչեւ 2002թ.։ 2000թ. ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Խորհրդային բանակում եւ հայկական բանակում երկամյա անբասիր ու անձնվեր ծառայության համար գեներալ-մայոր Լեւոն Կարապետյանը պարգեւատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, «Մարտական ծառայության համար» Խորհրդային Միության մեդալով, Հայաստանի Հանրապետության «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» եւ «Մարտական ծառայության» մեդալներով։ Լեւոն Կարապետյանը կյանքից հեռացավ 2003 թվականին։
Լենա Կարապետյան
քույրը
Ես Լեւոնից մեծ եմ երեք տարով, եւ հիշողություններս նրա մանկությունից ու պատանեկությունից վառ են ու տպավորիչ։ Լեւոնը ինքնատիպ երեխա էր, տարբերվում էր հասակակիցներից իր լրջախոհությամբ, կամքով, համարձակությամբ։ Նա լիդեր էր, կազմակերպիչ, ընկերները նրա շուրջն էին հավաքվում։ Ինչպես հատուկ է բոլոր ուժեղ մարդկանց, Լեւոնը արդարության պաշտպան էր, միշտ կանգնած էր թույլի կողքին, արդարության համար կռիվ էր տալիս։ Լեւոնն օրինավոր տղա էր, առաքինի, բարի։ Շատ ընդունակ էր, անմիջապես յուրացնում էր ամենախրթին դասերն անգամ։ Շատ նպատակասլաց էր, ինքնուրույն ու վճռական։
Ակադեմիկոս Գրիգոր Ավագյան
ուսուցիչը
Ես աշխատում էի Երեւանի Թելմանի անվան դպրոցում` որպես աշխարհագրության ուսուցիչ, եւ Լեւոն Կարապետյանը իմ աշակերտն էր։ Ես հազարավոր աշակերտներ եմ ունեցել, բայց Լեւոնի պատանեկությունը շատ լավ եմ հիշում։ Ընդգծված կերպար էր՝ աշխույժ, համարձակ ու արդարամիտ։ Նա համադասարանցիների սիրելին էր։ Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեի Լեւոնի հանդեպ, շատ էի սիրում նրան իր ազնվության, խելացիության, հաստատակամության համար, մի անգամ դասընկերոջը պաշտպանելիս Լեւոնը ընդհարվել էր ուսուցչուհիներից մեկի հետ։ Ուսուցչուհին պահանջում էր Լեւոնին հեռացնել դպրոցից։ Ես փորձեցի համոզել դպրոցի տնօրենին, խնդրեցի, որ ներեն տղային, բայց տնօրենը անդրդվելի էր։ Լեւոնին դպրոցից հեռացրին։ Ես դիմեցի շրջանային, ապա քաղաքային ժողկրթբաժին, սակայն՝ ապարդյուն։ Ստիպված գնացի լուսավորության նախարար Շավարշ Սիմոնյանի մոտ, պատմեցի եղելությունը, բնութագրեցի Լեւոնին, ասացի, որ ազնիվ տղա է, զինվորականի էություն ունի. անարդարություն չի հանդուրժում։ Ասացի՝ նա պետք է ավարտի դպրոցը. զինվորական է դառնալու։ Նախարարը զանգեց ժողկրթբաժին։ «Սա հատուկ դեպք է, երբ դասղեկը այդքան վստահ միջնորդում է իր աշակերտի համար՝ իր .վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը։ Պետք է ընդառաջել»։ Լեւոնին վերականգնեցին։ Հետագայում, երբ արդեն զինվորական էր, նոր կոչում ստանալիս այցելում էր ինձ եւ պատվի առնելով` զեկուցում հերթական հաջողության մասին։ Ես անհամբերությամբ էի սպասում աշակերտիս գեներալի կոչմանը եւ պարզապես երջանկացա, երբ տեսա նրան գեներալական ուսադիրներով։ Լեւոնը արժանավոր հայորդի էր ու բարձր տղամարդ։
Պատմագիտության դոկտոր Մուրադ Կարապետյան
Որդին
Գեներալ-մայոր Միքայել Գրիգորյան
ընկերը
Լեւոն Կարապետյանը ազգային բանակի երախտավորներից է, այն եզակիներից մեկը, որը ահռելի ներդրում ունի բանակաշինության գործում։ 1992-ին նրա եւ հանրապետության զինվորական կոմիսար Արտյուշ Հարությունյանի ղեկավարությամբ կազմակերպվեց ազգային բանակի առաջին զորակոչը։ Հետո Լեւոն Կարապետյանը ձեռնամուխ եղավ իր իսկ ղեկավարած՝ կազմակերպչական եւ զորահավաքային վարչության հիմնման ու կայացման աշխատանքին։ Նա այդ բնագավառի թերեւս լավագույն մասնագետն էր հայկական բանակում եւ անգնահատելի գործ կատարեց կառույցը հիմնելու, օրենսդրական եւ փաստաթղթային խնդիրները լուծելու ուղղությամբ։ Լեւոն Կարապետյանը իսկական կադրային սպա էր։ Նա շատ լավ կրթություն էր ստացել՝ ավարտելով «Կրեմլյան» ռազմական բուհը, նա բարոյական կերպարով, նկարագրով զինվորականի կատարելատիպ էր եւ օրինակ էր բոլորիս համար։ Լեւոնն իմ ընկերն էր։ Կյանքում, ինչպես ծառայության մեջ, պարզ էր, շիտակ, արդար, սկզբունքային։ Նա ազնիվ տեսակ էր, ազնվագույն մարդ։
Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյան
ընկերը
Լեւոն Կարապետյանը խորհրդային դպրոցի կադրային սպա էր եւ իր կյանքը անմնացորդ նվիրեց հայոց բանակին։ Ես պատիվ եմ ունեցել երկար տարիներ ծառայելու նրա հետ մեր նորաստեղծ ազգային բանակում եւ հիացել եմ Լեւոն Կարապետյանի խոր գիտելիքներով, հարուստ փորձառությամբ, ապշեցուցիչ աշխատունակությամբ, բարձր պատասխանատվությամբ։ Նա սիրում էր բանակը, իր բաժինը հայրենիքին տալիս էր շռայլորեն, չխնայելով ոչինչ։ Լեւոնը ընկեր էր՝ բառի ամենատարողունակ իմաստով։ Կողքիդ էր դժվարության պահին՝ պատրաստ կիսելու հոգսդ։ Նա հոգատար մարդ էր, հուսալի։ Անդավաճան տեսակ էր։ Լեւոնը լավ ընտանիք ուներ, հրաշալի կին (հայագետ), մտավորական որդիներ։ Գեներալ-մայոր Լեւոն Կարապետյանը հարուստ, պատվելի, գեղեցիկ կյանք ապրեց։ Նա բարի հիշատակ թողեց իրեն ճանաչողների սրտում։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամարասի Արթուրը, ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը եւ գեներալ-մայոր Լեւոն Կարապետյանը
Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Ճակատագրեր