ԲԱՑԱՌԵԼ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: 1984թ. ՄԱԿ-ում ընդունվեց «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիան, որին 1993թ. անդամակցեց նաեւ Հայաստանը: Պարտավորվելով եւ կատարելով մի շարք օրենսդրական բարեփոխումներ` մեր պետությունը նպատակաուղղված աշխատանք է տանում խոշտանգումների կանխարգելման համար:
Ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որը 1998թ. ՄԱԿ-ի` խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամի եւ միջազգային վերականգնողական խորհրդի հովանավորությամբ իրականացնում է «Հայկական վերականգնողական եւ զարգացման կենտրոն` խոշտանգումների զոհերի համար» ծրագիրը:
Այդ ծրագրի շրջանակներում խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ օրերս կազմակերպվեց «Աշխարհն առանց խոշտանգման» խորագրով համաժողով, որի նպատակն էր բարձրաձայնել Հայաստանում, նաեւ ողջ աշխարհում առկա արատավոր երեւույթների մասին, ներկայացնել ՀՀ-ում դրանց կանխարգելման եղանակները, պետական եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներն ու դրանց արդյունավետությունը:
Համաժողովը բացեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Միքայել Արամյանը` ներկայացնելով իրենց նպատակներն ու համատեղ աշխատելու անհրաժեշտությունը: Խոշտանգումների արգելման հիմնախնդիրների մասին խոսեց Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որն ի դեպ այս հասարակական կազմակերպության հիմնադիրներից է եւ քաջածանոթ է ոլորտին: Ներկայացնելով Հայաստանում արձանագրված հիմնական թերացումը` առավելապես օրենսդրական ակտերի ընդունումը եւ կոնկրետ գործողությունների պակասը, տիկին Ալավերդյանը նշեց, որ նման դեպքերը հատուկ են գրեթե բոլոր երկրներին, օրինակ` վերջին շրջանում ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ արեւմտյան զարգացած շատ պետություներում գրանցվեցին խոշտանգումների փաստեր:
Ելույթ ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագիտական խմբի ղեկավար Հ. Միլիտոնյանը: Նա հավաքվածներին ծանոթացրեց պաշտպանի գրասենյակ ուղարկված բողոքների, սեփական ուսումնասիրությունների վերլուծությունները ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում գրանցված բռնությունների վերաբերյալ: Բանակի մասով գրասենյակը ստացել է միայն երկու դիմում-բողոք:
Համաժողովին ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթը: Նա առանձնացրեց օրերս Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը` որպես Հայաստանի` Եվրախորհրդի հետ տարբեր ոլորտներում, նաեւ օրենսդրական բարեփոխումների ոլորտում համագործակցության շահագրգռվածության ապացույց: Այդ համագործակցությունն արտահայտվում է միջազգային դրական փորձի լայն կիրառմամբ, օրենքների համատեղ մշակմամբ եւ ընդունմամբ եւ այլն:
ՀՀ զինված ուժերում «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի պահանջների իրագործման, անհրաժեշտ բարեփոխումների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ներկայացուցիչ Ա. Սեդրակյանը: Խոսելով կատարվող եւ նախատեսված միջոցառումների մասին` նա նախ նշեց հետագա բարելավման նախադրյալները, որոնք միասնաբար նպաստում են բանակից արատավոր երեւույթների աստիճանական վերացմանը, այն է` բանակ-հասարակություն համակարգող խորհրդի ստեղծում, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների կողմից զինված ուժերում վերահսկողության սահմանում, սահմանադրորեն քաղաքացիական վերահսկողության սահմանում, որի շրջանակներում ներդրվեց քաղաքացիական հատուկ ծառայությունը: Ակտիվ գործունեություն է ծավալել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը, որը ներգրավված է զորակոչի ընթացքին, ստանում է դիմում-բողոքներ եւ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկում է տվյալ դեպքը:
Սեդրակյանը կարեւոր համարեց ներքին ծառայության կանոնագրքում փոփոխություններ կատարելու եւ կարգապահական կանոնագիրք ձեւավորելու նախագիծը, քանի որ խոշտանգումների կանխարգելման հիմքը հենց իրավական նորմերն են: Պակաս կարեւոր չէ Եվրախորհրդի պահանջներին համապատասխան քննչական ծառայության առանձնացումը զինվորական դատախազությունից, որպեսզի նույն մարմինը չիրականացնի մի գործառույթ, ապա ինքն իրեն վերահսկի: Իհարկե, դեռ անելիք կա տվյալ ոլորտում:
Հետաքրքիր էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանի ելույթը: Նա նախեւառաջ առաջարկեց տարանջատել խոշտանգում, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, բռնություն եզրույթները` հստակ համարժեք ձեւակերպումների եւ հակազդման համար: Ապա պատմեց նախապատրաստվող օրենսդրական բարեփոխումների մասին: Պարոն Նահապետյանը մի կարեւոր դիտարկում կատարեց. այն մարմինները, որոնք ուղղակիորեն ներգրավված են խոշտանգման ենթարկվելու առումով խոցելի խավերի հետ աշխատանքում, օրենքների կատարման եւ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ ձեւավորելու տեսանկյունից պետք է գործեն անթերի, ինչը կբարձրացնի վստահությունը տվյալ մարմնի, ողջ պետության հանդեպ, կօգնի վերհանել բռնության քողարկված փաստերը: Այդ առումով չափազանց օգտակար կլինի համապատասխան մարմինների ուսուցման եւ վերապատրաստման գործընթացի կազմակերպումը:
Եղան նաեւ այլ ելույթներ, հնչեցին տարբեր տեսակետներ, սակայն բոլոր դեպքերում առաջարկը նույնն էր` ձեւավորել քաղաքացիական այնպիսի հասարակություն, որը կբացառի խոշտանգումների ցանկացած կիրառում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Մայոր