ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Օրերս 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ավարտական փուլում զորային հրաձգարանում անցկացվեց նաև գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն: Զորամասը բերվեց մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, հրամկազմը պաշտպանողական մարտի նախապատրաստման և վարման, ապա հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում հարձակման նախապատրաստման և վարման խնդիր ստացավ: Զորավարժության նպատակը մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի բերման միջոցառումների կատարման ժամանակ զորամասի վարչակազմի և ստորաբաժանումների պատրաստվածությունը ստուգելն էր, նրանց ունակությունները և գործնական պատրաստվածության մակարդակը կատարելագործելը:
Վարչակազմին և ստորաբաժանումների հրամանատարներին պարզաբանվեցին պաշտպանողական և հարձակողական մարտի վարման հիմնահարցերը: Տարաբնույթ թեմատիկ վարժանքների ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց շտաբի սպաների, ստորաբաժանումների հրամանատարների, բոլոր ծառայությունների գործողությունների ներդաշնակմանը, մեթոդական պատրաստվածությանը: Հընթացս կատարելագործվեցին մասնակիցների՝ մարտի նախապատրաստման, հարձակման համար ելման շրջանների զբաղեցման և մարտի վարման մասին համատեղ որոշումներ ընդունելու կարողությունները, պլանավորման և մարտական գործողությունների վարման գործնական ունակությունները:
Ենթակա զորամասերի համապատասխան կազմին ցուցադրվեցին մարտավարական դրվագներ լեռնային պայմաններում հարձակողական մարտի վարման հնարքների կիրառմամբ:
«Մարտական գործողությունների» փուլն սկսելուց առաջ զորամիավորման հրամկազմը հրահանգավորեց անձնակազմին: Ուսումնական կետերի ղեկավարները մանրամասն ներկայացրին գումարտակի հարձակողական մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ միջոցներն ու հնարքները:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը լսեց բացազատված ցուցադրական կետերի ղեկավարների զեկույցները: Այնուհետև զորամասի հրամկազմը տեղանքի մանրակերտի վրա ներկայացրեց ստեղծված իրավիճակը և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Ամփոփելով ստացված տվյալները՝ գնդապետ Քոչարյանը լրացումներ կատարեց և մարտական հրաձգության փուլի մեկնարկի հրաման տվեց:
Սցենարի համաձայն՝ պաշտպանողական մարտի ընթացքում զորամասի ստորաբաժանումները ենթարկվում են ուժգին հրետակոծության: Հակառակորդի գերազանցող ուժերի հարվածների ներքո ստիպված թողնում են առաջին շարակազմի դասակի հենակետերը, նահանջում մինչև երկրորդ բնագիծ՝ փորձելով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը: Հակառակորդը հարձակումը զարգացնելու նպատակով մարտի մեջ է մտցնում նաև բրիգադի պահեստային ուժերը: Մեր ստորաբաժանումները հարվածներին չդիմանալով՝ հետ են քաշվում մինչև երկրորդ շարակազմի վաշտերի հենակետեր, միաժամանակ նախատեսված բնագծերում բացազատում զորամասի հակատանկային պահեստուժը: Արդյունքում՝ հաջողվում է կասեցնել հակառակորդին՝ նրան հասցնելով առավելագույն կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրությունը՝ զորամասի հրամանատարը որոշում է երկրորդ շարակազմի ուժերով անցնել հակագրոհի: Հակագրոհի արդյունքում՝ մեր ուժերը կարողանում են հետ շպրտել հակառակորդին և վերականգնել առաջնային բնագիծը:
Հակառակորդը ջախջախված է, տրվում է զորավարժության ավարտի ազդանշանը:
Զորավարժության ղեկավար, գնդապետ Վ. Քոչարյանը կարևորեց նման զորավարժությունների անցկացումը զորքերի մարտական պատրաստության համատեքստում և ամփոփելով արդյունքները՝ տվեց անհրաժեշտ հանձնարարականներ:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում