Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ



ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸՀոկտեմբերի 3-ին Թուրքիայի կառավարությունը որոշել է երկարաձգել հուլիսյան հեղափոխության փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամկետը: Արտակարգ դրություն հայտարարվել էր 90 օրով: Այժմ այն կգործի ևս չորս ամիս: Թուրքական սահմանադրության համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարան՝ որոշումը հաստատելու համար: Բնականաբար, խորհրդարանականները չեն մերժել: Այս որոշումը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հնարավորություն է տալիս իր հայեցողությամբ շարունակելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ուղեգիծը: Սա առավել կարևորվում է երկրի ներկայիս սահմանների վերանայման վերաբերյալ Թուրքիայի ղեկավարի վերջին մի քանի աղմկահարույց հայտարարությունների համատեքստում:

Էրդողանը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ վստահ է սեփական ուժերի վրա: Նա կարողացավ ապահովել բարձր վարկանիշ թուրք ազգաբնակչության շրջանում, ապահովել որոշակի կայունություն: Այժմ Էրդողանը և նրա կողմից ղեկավարվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր են վերանայել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի «ժառանգությունը»: Հոկտեմբերի սկզբին Էրդողանը խոսեց 1923 թվականի հուլիսին Լոզանում ստորագրված պայմանագիրը վերանայելու հրամայականի մասին: Ըստ պայմանագրի՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մանդատի ներքո ստեղծվում են Իրաքի, Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի և Պաղեստինի պետական կազմավորումները, տարածքներ են տրվում Հունաստանին: Այսպիսով՝ Թուրքիայի ղեկավարը, փաստացի կասկածելով Լոզանի պայմանագրի օրինականությանը, տարածքային պահանջներ ներկայացրեց Հունաստանին, Սիրիային և Իրաքին:
Հունաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին Էրդողանը խոսել էր դեռ 2013 թվականին՝ հայտարարելով, թե Թուրքիան պետք է վերադարձնի իր տիրույթները Եվրոպայում, ընդհուպ մինչև Սալոնիկե քաղաքը: Այդ օրերին Էգեյան ծովում բախվեցին թուրքական և հունական ռազմանավերը: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև այդ վեճը հարթվեց, սակայն Էրդողանի նոր հայտարարությունը ցնցեց Աթենքը: Էրդողանը կարծում է, որ 1923 թվականի համաձայնագիրն իրականում օրինական չէ, ոտնահարվել են Թուրքիայի ազգային շահերը, և պայմանագիրը պետք է վերանայել: Նման հայտարարությունները նաև Մոսկվային սիրաշահելու նպատակ ունեն, քանի որ Ռուսաստանը չի մասնակցել Լոզանի պայմանագրի ստորագրմանը, տարածքների հարցը լուծվել է առանց Մոսկվայի: Սա նաև յուրատեսակ մի նախազգուշացում է Արևմուտքին, որ վերջինս չփորձի վերափոխել Սիրիայի և Իրաքի սահմանները:
Լոզանի պայմանագրի վերանայման հայտարարություններից հետո լարվել են Անկարայի և Բաղդադի հարաբերությունները: Իրաքի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ թուրքական զինուժի կողմից Իրաքի սահմանները պարբերաբար խախտելու, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վտանգելու մեղադրանքներով: Ավելին, Իրաքի ԱԳՆ-ը անօրինական է համարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով Իրաքյան Քուրդիստանում թուրքական ստորաբաժանումներ կենտրոնացնելը: Անտեսելով Բաղդադի բողոքը՝ Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Սիրիայում և Իրաքում իր զինուժի տեղակայման ժամկետները, իսկ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե իրենց ստորաբաժանումները կմնան Մոսուլի մոտ այնքան ժամանակ, որքան լինի դրա անհրաժեշտությունը:
Եթե այս ամենին հավելենք Սիրիայում Թուրքիայի գործողությունները, ապա պատկերը ամբողջանում է: Էրդողանն անցել է գործի: Մնում է սպասել քաղաքական նոր ուղեգծի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշմանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1160) 12.10.2016 - 18.10.2016, Տարածաշրջան


12/10/2016